ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 00:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 28 » Մարտահրավերներին դիմակայելու եվրոպական փորձը /Ազգային ժողովում անցկացվեց միջազգային սեմինար՝ նվիրված պաշտպանության ոլորտի գնումներին/
18:15
Մարտահրավերներին դիմակայելու եվրոպական փորձը /Ազգային ժողովում անցկացվեց միջազգային սեմինար՝ նվիրված պաշտպանության ոլորտի գնումներին/

Պաշտպանության ոլորտում գնումների իրականացումն ազգային անվտանգության ապահովման առաջնահերթություններից է։ Այն, թե ինչ սկզբունքով են իրականացվում այդ գնումները, ինչ ռազմավարական գործոնների հիման վրա եւ որ արտադրողներից, մեծապես պայմանավորում է զինված ուժերի մարտունակությունն ու արդիական վիճակը։ Գործընթացը, մեծամասամբ, պարունակում է պետական գաղտնիքի տարրեր, սակայն խորհրդարանը, որպես երկրի օրենսդիր մարմին, պետք է իր գործուն մասնակցությունն ունենա այս կարեւորագույն ռազմավարական խնդրում։
Պաշտպանության ոլորտում գնումների իրականացման միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելու, ինչպես նաեւ ոլորտում օրենսդիրի դերը քննարկելու համար երեկ Ազգային ժողովում կազմակերպվեց միջազգային սեմինար՝ խորհրդարանի, ՀՀ կառավարության, ինչպես նաեւ միջազգային փորձագետների եւ տարբեր երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ սեմինարի առաջնային նպատակն է քննարկել պաշտպանության ոլորտում գնումների գործընթացի հիմնական մարտահրավերները, անդրադառնալ խորհրդարանի դերին այս գործընթացի վերահսկողության առումով, առանձնացնել այն հիմնական ուղիները, որոնք թույլ կտան ապահովել ու բարձրացնել ոլորտում գնումների գործընթացի արդյունավետությունը։ «Ի տարբերություն այլ ոլորտներում գնումների գործընթացի, այստեղ առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք մենք պատադիր պետք է հաշվի առնենք՝ գնահատելով գնումների գործընթացի արդյունավետությունը։ Սա նախ եւ առաջ ռազմական կարիքների բավարարման, արտաքին ռազմական օգնության նպատակով եւ իրավասու մարմինների կողմից իրենց վերապահված լիազորությունների ու գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ապրանքների, ծառայությունների ձեռքբերումն է։ Հասկանալի է, որ ի տարբերություն այլ ոլորտների՝ պաշտպանության ոլորտում կան առանձնահատկություններ, որոնք կապված են գաղտնիության ռեժիմի հետ, եւ այս հանգամանքն էական նշանակություն ունի խնդրո առարկա հարցը քննարկելիս՝ հաշվի առնելով այն, որ հատկապես խորհրդարանական հանձնաժողովում, բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկելիս եւ անդրադառնալով ոլորտում գնումների գործընթացին՝ քննարկումները տեղի են ունենում դռնփակ ռեժիմով։ Սակայն վերջին տարիներին նկատելի է, որ գնումների գործընթացում առանձին տողերով կա թափանցիկության որոշակի մեծացում, հատկապես այն դեպքերում, երբ խնդիրները չեն վերաբերում պետական կամ ծառայողական գաղտնիքներին»,— ասաց պատգամավորը։
Կ. Նահապետյանը նշեց, որ ընթացքում անդրադարձ կկատարվի նաեւ ոլորտում հիմնական դերակատարների խնդիրներին, գործառույթներին, եւ ամենակարեւորը՝ խորհրդարանի դերի ուժեղացմանն ամբողջ ցիկլում։ Նրա խոսքով, խորհրդարանական հանձնաժողովը վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումներ է ծավալել տարբեր հարցերի շուրջ, եւ գնումների խնդիրն այս առումով խիստ հրատապ է. «Վստահ եմ՝ միջազգային առաջատար մասնագետների մասնակցությունը, փորձի փոխանակումը սեմինարի ընթացքում կնպաստի նաեւ մեր կարողությունների ավելացմանը։ Միջազգային լավագույն փորձից ելնելով՝ մենք կկարողանանք հետեւություններ անել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի պաշտպանության ոլորտում գնումների գործընթացը դառնա ավելի արդյունավետ»։
Եվրոպական լավագույն փորձը սեմինարի ընթացքում ներկայացրեց Նիդեռլանդների նախկին սենատոր, պաշտպանության նախկին նախարար, արեւմտաեվրոպական միության նախկին գլխավոր քարտուղար Վիմ Վան Էէկելեն։ Պաշտպանության ոլորտում գնումների իրականացումը ցանկացած երկրում պարունակում է կոռուպցիոն ռիսկեր՝ հատկապես եթե կառավարությունը նախապատվություն է տալիս մեկ ընկերության արտադրանքին։ Հետեւաբար գործադիր իշխանության առաջնային նպատակներից մեկը պետք է լինի մրցակցության խթանումը։ «Սակայն միշտ չէ, որ լինում են բավարար քանակությամբ արտադրող ընկերություններ, որոնք կապահովեն պետության պահանջները։ Նրանց որակավորումը կարող է բավարար չլինել, հետեւաբար, պետությունը կարող է ունենալ նախընտրելի մատակարար։ Սակայն եթե մեկից ավելի ընկերություններ են մրցութային առաջարկներ ներկայացնում, ապա նրանք «կաշվից դուրս կգան» պայմանագիր ստանալու համար եւ կբացահայտեն իրենց գերազանց արտադրանքի բոլոր մանրամասները։ Խորհրդարանն այս դեպքում նույնպես կարող է ստանալ բավարար տեղեկություններ արտադրանքի որակը գնահատելու համար եւ լիարժեք մասնակցություն ունենալ գործընթացին»,— ասաց մասնագետը։
Առաջին հերթին պետք է հստակեցնել կոնկրետ ապրանքի գնման նպատակները։ Երկրի պաշտպանության համար եւ խաղաղապահ գործողությունների նպատակով գնված ապրանքների տարբերությունը մեծ է, հետեւաբար՝ պետք է դրանք հստակ սահմանված լինեն։ Երկրի պետական բյուջեն սահմանափակ է, այն երբեք չի բավականացնում բոլոր կարիքները հոգալու համար, այլ կերպ ասած՝ ֆինանսական միջոցները միշտ, բոլոր երկրներում չեն բավարարում։ Պաշտպանության նախարարությունը կարող է իր պատկերացումներն ունենալ կարիքների մասին, որոնք կարող են չհամապատասխանել բյուջետային հնարավորություններին, եւ այստեղ խորհրդարանն է, որ պետք է բյուջետային հատկացման մասին որոշում կայացնի՝ ելնելով ոչ թե պաշտպանության ոլորտի պատկերացումներից, այլ պետության հնարավորություններից։
«Ներկայումս դա հրաշալի երեւում է եվրոպական երկրներում, որտեղ ժուժկալության ժամանակներ են սկսվել, իսկ պաշտպանության բյուջեները կրճատվում են։ Դա ստիպում է ավելի ադյունավետ օգտագործել միջոցները եւ միասին ավելի լավ աշխատել։ Մենք իրականացնում ենք պաշտպանության ողջամիտ քաղաքականություն։ Ելնելով բյուջետային սահմանափակումներից՝ պետք է սահմանել գերակայություններ, թե ինչ է հնարավոր լինելու ձեռք բերել՝ հստակ նշելով ծավալները»,–նշեց զեկուցողը։
Գնումներն առաջին հերթին պետք է բավարարեն արտաքին սպառնալիքներին եւ մարտահրավերներին դիմակայելուն։ Սկզբունքները պետք է ներառվեն ռազմավարական քաղաքական փաստաթղթերում, եւ հենց այդ սզբունքներին պետք է բավարարեն գնումները. «Շատ երկրներ մոռանում են, որ պետք է հաշվի առնել նաեւ ապրանքի հետագա շահագործման ծախսերը։ Այսօր էժան թվացող ապրանքը կարող է թանկ նստել շահագործման ապահովման առումով վաղը։ Հայաստանի կամ Հոլանդիայի նման փոքր երկրները պետք է կարողանան իրենց գնած սարքավորումը շատ երկար շահագործել, այն պետք է ունենա 30—40 տարվա կյանք։ Այս իսկ պատճառով՝ նոր արտադրատեսակները պետք է գնել վաղ փուլում, ինչը թույլ կտա նրանց կյանքի մեջտեղում իրականացնել արդիականացում»։
Մասնագետի երկրորդ խորհուրդը վերաբերում էր նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք այսօր շարժվում են չափերի փոքրացման ուղղությամբ։ Տեխնոլոգիաները շատ ավելի արագ են փոփոխվում, քան կարելի էր կանխատեսել, դա բարդ գործոն է ընտրության համար, քանզի պետք է կարողանալ կանխատեսել ապրանքի ողջ կենսափուլը։
«Այն ժամանակ, երբ սկսվում են գնումները, պետք է իմանալ շուկայում տիրող իրավիճակը, հասկանալ, թե որ ընկերությունն է արտադրում այն, ինչ մենք կցանկանայինք ձեռք բերել, ինչ կա ներկայումս եւ ինչ կարող է շուկայում հայտնվել գալիք 2—3 տարիների ընթացքում։ Հարց է ծագում. արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տնտեսական օգուտ քաղել այդ գնումներից։ Մեծ երկրներում, որտեղ կա պաշտպանական արդյունաբերություն, բնականաբար, պետությունը դրանց մշակմանը մասնակցում է։ Փոքր երկրների մոտեցումն այլ է։ Պետք է կարողանաք զինատեսակ արտադրող ընկերություններին մատակարարել պահեստամասեր, որոնք արտադրվում են ձեր երկրում։ Այդ դեպքում անմիջական մասնակցություն կունենաք նաեւ արտադրությանը»,–ասաց Վիմ Վան Էէկելեն։
Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարար Թոդոր Թագարեւը, Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Լեոնիդ Պոլյակովը եւ ՀՀ ՊՆ տնտեսագիտության վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձեւակերպման վարչության պետ Վլադիկ Հովհաննիսյանը խոսեցին պաշտպանության ոլորտի գնումների գործում նախարարությունների դերի մասին։ Նրանք ներկայացրին գնումների ոլորտում իրենց երկրների փորձն ու առանձնահատկությունները՝ սկսած բյուջետային հատկացումներից, գնումների պլանավորումից մինչեւ գնումների բուն իրականացումը։
Այնուհետեւ փորձագետներն անդրադարձան գնումների տարբեր փուլերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման խնդրին՝ կոռուպցիոն երեւույթների առկայությունը հատկապես նախկին խորհրդային տարածքներում պայմանավորելով խորհրդարանների վերահսկողության ցածր մակարդակով կամ էլ սահմանափակ իրավասություններով։
Քննարկվեցին նաեւ պաշտպանության ոլորտի կառավարման մշտադիտարկման եւ գնումների հարցերում խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության դերին, վերահսկողության հարցում համագործակցության հիմնական ոլորտներին, մշտադիտարկման մեխանիզմներին, քաղաքացիական հասարակության ներգրավման ձեւերին առնչվող խնդիրներ։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ 

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 409 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024