ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 27 » Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծը չէ
12:44
Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծը չէ

Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստում հայտարարել է Սերժ Սարգսյանը
Երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստը հրավիրվել էր ընդլայնված կազմով եւ նպատակ ուներ 100—ամյակի միջոցառումների պաշտոնական մեկնարկին ընդառաջ եւս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը եւ ռազմավարությունը։ Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա էին տարբեր համայնքներից հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու թեմերի առաջնորդներ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոսության եւ Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի հոգեւոր դասի ներկայացուցիչներ։
Նախագահ Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ մինչ այդ կայացել է նաեւ տարածքային հանձնախմբերի ներկայացուցիչների համաժողովը, որի ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։
Հանրապետության նախագահն իր բացման խոսքում նշել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական եւ նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ սփյուռքում եւ Արցախում։ ՀՀ արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձեւավորմանն աջակցելու եւ համադրված ջանքերով տեղերում միջոցառումներ կազմակերպելու համար։
«Ողջունելի է, որ հանձնախմբերը տարածքներում համախմբել են տարբեր կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ այդ աշխատանքներում ներգրավել են օտարազգի գիտնականների, պետական—քաղաքական գործիչների։ Նպատակաուղղված աշխատանքներ են կատարում հոգեւոր կառույցները, ավանդական կուսակցությունները, համահայկական եւ հասարակական կազմակերպությունները։ Այս գործում մեծ ներդրում ունեն զանգվածային լրատվության միջոցները՝ հանրությանն իրազեկելու առումով։
Խիստ կարեւորում եմ լոբբիստական եւ իրազեկման կառույցների դերը, ինչպես նաեւ տեղական վարչակարգերի հետ բազմաբնույթ աշխատանքների իրականացման նպատակով համագործակցության սերտացումը։ Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի մշակման աշխատանքներ են իրականացվում հայ իրավաբանների կողմից՝ անդրադառնալով անհատական, համայնքային եւ համազգային խնդիրներին։
Այս տարի իր դռները կբացի Կոմիտասի թանգարանը, իսկ հաջորդ տարի ապրիլին կավարտվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հիմնանորոգման եւ Հայոց ցեղասպանության թանգարանի ընդարձակման ու նոր ցուցադրության կազմակերպման աշխատանքները։ Սրանք ընդամենը օրինակներ են հարյուրամյակի բազմաթիվ միջոցառումների շարքից։
Հարգելի՛ գործընկերներ,
Ավելորդ եմ համարում մանրամասնել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խորհուրդը յուրաքանչյուր հայի համար։ Մեծ եղեռնը ե՛ւ հավաքական, ե՛ւ անհատական ողբերգություն է. չէ որ գրեթե յուրաքանչյուր հայ սեփական ընտանիքի ողբերգությամբ է ծանոթ ցեղասպանությանը։ Հարյուրամյակի խորհուրդն ու դրա բարոյական, հոգեբանական եւ քաղաքական իմաստն ու նշանակությունը ներկայիս սերունդների համար չափազանց կարեւոր են։ Ահա թե ինչու եմ համարում, որ յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր պատասխանատվության զգացումն ու չափաբաժինը հարյուրամյակի առիթով կազմակերպվելիք միջոցառումների հաջող անցկացման եւ միջազգային իրազեկման նոր մակարդակ ապահովելու գործում։
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցը մեծ խորհուրդ ունի, ե՛ւ համայն հայության, ե՛ւ համայն մարդկության համար։ 1915թ. ապրիլի 24—ը ոչ միայն մինչ այդ մարդկության պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի ոչնչացման եւ հայրենազրկման սկիզբն է, իհարկե, հաշվի առնելով, որ այս ամսաթիվը եւ տարեթիվը խորհրդանշական են, այլեւ, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, 20—րդ դարի այլ ցեղասպանությունների նախատիպը։
Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ։ Ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձեւը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է։ Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք յուրահատուկ առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի նախաշեմին մենք եւս մեկ անգամ հստակ կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը ճանաչել եւ դատապարտել այս աննախադեպ ոճիրը։
Մենք, որպես պետություն եւ որպես ժողովուրդ, շարունակելու ենք մեր պայքարը ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, այնպես էլ աշխարհի որեւէ անկյունում մարդկության դեմ ուղղված այս ամենասարսափելի հանցագործության դեմ։
Գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ տասնամյակներ շարունակ պարզ, հասկանալի ու ապացուցման կարիք չունեցող ճշմարտությունների դեմ թուրքական պետության պաշտոնական դիրքորոշումը վերջնականապես ձախողվել է՝ առաջացնելով բազում հարցեր պաշտոնական դիրքորոշման նկատմամբ թերահավատ թուրք երիտասարդության շրջանում, եւ այդ շարքերն օրեցօր ստվարանում են. հազարավոր թուրքեր պահանջում են սեփական կառավարությունից ճշմարտության բացահայտում եւ արդարություն։ Աշխարհի տարբեր անկյուններում բազմաթիվ են կոչերն ուղղված ժամանակակից Թուրքիայի ղեկավարությանը՝ վերջ դնելու անհեռանկարային ժխտողական քաղաքականությանը։ Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն։
Այս հանգամանքը եւ փաստերի անառարկելիությունը ստիպում են Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել։ Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձեւի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը։ Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը, նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին։ Անցյալի ծանր բեռից ազատվելու միակ հնարավոր քայլը, որ պետք է կատարի Թուրքիայի իշխանությունը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն է։ Կիսաքայլերով լուրջ արդյունքի հասնել հնարավոր չէ։
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հրավերներ եմ ուղարկել մի շարք պետությունների ղեկավարներին 2015թ. ընթացքում եւ հատկապես ապրիլի 24—ին այցելելու Հայաստան՝ մեզ հետ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկ եւ կես միլիոն անմեղ նահատակների հիշատակին, ձայն բարձրացնելու ցեղասպանության հանցագործության դեմ առհասարակ եւ արձանագրելու, որ հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց իրեն բաժին հասած այս փորձությունը, այլեւ վերածննդի ճանապարհը բռնեց։ Մենք ոչ միայն վերապրեցինք, այլեւ կարողացանք համախմբվել եւ ուղի հարթել դեպի անկախ պետականություն՝ ազատ Հայաստան։
Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու եւ արխիվները բացելու մասին։ Նախ եւ առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը։ Բաց են եղել նաեւ գիտական հաստատություններում եւ թանգարաններում պահվող նյութերը։ Բայց ողջ հարցն այն է, որ Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում։ Բավական է մտնել ցանկացած հայկական տուն, ցանկացած ընտանիք, եւ վկայությունները կլցնեն ցանկացած ունկնդրի սիրտը։ Բավական է լինել Ծիծեռնակաբերդում ապրիլի 24—ին եւ տեսնել, թե ո՞րն է այդ օրվա խորհուրդը յուրաքանչյուր հայի համար Հայաստանում եւ սփյուռքում։ Բավական է գնալ սփյուռքի ցանկացած համայնք եւ հարցնել՝ ինչպե^ս են ձեր նախնիները հայտնվել այստեղ։ Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան եւ ապրիլի 24—ին լինեն հայ ժողովրդի կողքին։ Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան։ Օգտվելով այս առիթից՝ պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24—ին եւ առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին։
Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ։ Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ եւ թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին։ Հենց այդ նպատակով էինք փորձում եւ հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ—թուրքական սահմանի բացմանը, թեեւ նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից։ Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան—Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին։
Հարգելի՛ գործընկերներ,
Թող որեւէ մեկը հույս չտածի, թե Մեծ եղեռնի հարյուրամյակը մեր դատի սահմանագիծն է։ Այն սոսկ մեր վիշտը սգալու, հոգեպես ամրապնդվելու եւ արդարությանը հասնելու յուրատեսակ հանգրվան է։ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին մենք ներկայանալու ենք նորացված նպատակադրումներով եւ մեր առջեւ դրված համահայկական նոր օրակարգով, առավել հզոր պետականություն եւ առավել համախմբված սփյուռք ունենալու մեր ծրագրերով։ Հարյուրամյակով մենք ամփոփելու ենք պատմական մի շրջան եւ ազդարարելու ենք հանուն արդարության վերականգնման պայքարի մի նոր փուլ։
Մենք կարեւոր ուղերձ ունենք համայն աշխարհին. մենք նոր թափով, եռանդով ու վճռականությամբ ենք շարունակելու մարդկության դեմ ուղղված հանցագործության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար մղվող մեր պայքարը»,–ասել է նախագահ Սերժ Սարգսյանը։
Ընդգծելով, որ հաշված ամիսներ են մնացել մինչեւ 2015թ., նախագահն առաջարկել է այս ներկայացուցչական հանդիպումն առավելագույնս արդյունավետ օգտագործել կառուցողական մտքերի փոխանակման եւ օգտակար առաջարկությունների ներկայացման համար։
Պետական հանձնաժողովի նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի քաղաքական համատեքստը։ Ելույթներ են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Ներսես Պետրոս ԺԹ Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարքը, Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ Հովել Միքայելյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ավանդական կուսակցությունների՝ ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ ներկայացուցիչները, ինչպես նաեւ համահայկական խոշորագույն կառույցների ղեկավարները, ովքեր անդրադարձել են այն սկզբունքային մոտեցումներին, որոնք հանձնաժողովը նպատակ ունի ներառելու Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ ընդունվելիք համահայկական հռչակագրի տեքստում։
 Նիստի սկզբում Ամենայն հայոց հայրապետն իր պատգամը բերեց հանձնաժողովի անդամներին եւ ներկաներին։
«Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության,
Մեծարգո նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո,
Ամենապատիվ պատրիարք Հայ կաթողիկե եկեղեցու,
Հանձնաժողովի հարգարժան անդամներ եւ սիրելի ներկաներ,
Գոհունակ սրտով ողջունում եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունն ենք բերում ձեզ այս համախմբումի առիթով։ Մեկտեղվել ենք միավորելու մեր ջանքերը ի խնդիր Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցի ծրագրերի քննարկման եւ միջոցառումների կազմակերպման։
Նախախնամական է, որ այս համախմբումը տեղի է ունենում այն օրերին, երբ դեռ հնչում է մեր Տիրոջ Հարության հաղթական ավետիսը, երբ ի սփյուռս աշխարհի նշում ենք Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսայի մարտերում մեր ժողովրդի հաղթանակները եւ հայոց առաջին հանրապետության հռչակումը։ Այս առիթով շնորհավորում ենք ամենքիս եւ համայն մեր ժողովրդին՝ հիշելով Գեւորգ Ե Սուրենյանց մեր երանաշնորհ հայրապետի անմահ խոսքը մայիսյան հերոսամարտերի նախօրեին. «Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն։ Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները։ Ես համոզված եմ նաեւ, որ ազգն իմ հայոց դեռ չի ասել իր վերջին խոսքը։ Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթակա՛ն»։
Աստծո ողորմած կամքով Հայոց ցեղասպանության 100—ամյակը մեր ժողովուրդը դիմավորում է վերականգնված հայրենի պետականությամբ, Հայաստանում եւ Արցախում իր ազատ, նոր կյանքի 20—ամյա ձեռքբերումներով եւ իր իրավունքները պաշտպանելու իրատեսական հեռանկարներով։
Մեր դատը դեռեւս չի հաղթանակել, սակայն անարդյունք չմնացին մեր ջանքերը։ Հայոց ցեղասպանությունը դատապարտած առանձին մարդասեր անձանց այսօր փոխարինում են պետություններ, Եկեղեցիներ, միջազգային ու եկեղեցական կազմակերպություններ։ Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման մեր ժողովրդի արդար պահանջը թեեւ ոչ անհրաժեշտ հզորությամբ, բայց բազմաձայն դառնալու ուժականությամբ արձագանք է գտնում նաեւ Թուրքիայում։ Այս ամենը մեր ժողովուրդը մեկդարյա պայքարով է ձեռք բերել, միայնակ տոկացել, համբերել բազում նեղությունների, հանձն առել զոհողություններ, դրսեւորել նվիրում, հավատքի գերագույն ուժ եւ գործադրել մեծագույն ջանքեր՝ իր կյանքը վերընձյուղելու եւ բարձրացնելու, իր արդար դատը աշխարհին լսելի դարձնելու համար։
100—ամյա տարելիցը պիտի դարձնենք արժեւորումը մեր ժողովրդի մեկդարյա հերոսական ուղու, առիթ ու խրախույս՝ մեր ազգային ինքնության զորացման, մեր հայրենիքի շուրջ համախմբման, միասնականության ոգու ամրապնդման, մեր կյանքը հավատքի, աստվածային պատվիրանների ուղիներում հավատարիմ պահպանելու։
Մենք ապրում ենք պատմական բարդ ժամանակահատվածում, երբ միջազգային հանրության մեջ ավելի է խորանում երկակի չափանիշների կիրառումը, որը շատ հաճախ պայմանավորված է ոչ թե արդարության բարձր զգացումով, այլ տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահերով ու նախապատվություններով։ Այսպիսի իրավիճակում մեզանից պահանջվում է համախմբություն՝ ուժերի եւ միջոցների համադրմամբ ու միասնական տեսիլքով հասնելու մեր արդար դատի հաղթանակին, պահանջատիրության իրավունքի իրականացմանը, ցեղասպանության հետեւանքների վերացմանը։
Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նվիրապետական իր աթոռներով շարունակելու է բոլոր միջոցներով ու հնարավորություններով միջազգային եւ միջեկեղեցական հարթակներում իր ձայնը բարձրացնել ի խնդիր Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ուրացման քաղաքականության դատապարտման, քաղաքականություն, որի հետեւանք է նաեւ Արցախի ժողովրդի ազատ եւ ինքնուրույն ապրելու իրավունքի ժխտումը, ինչպես եւ՝ Հայաստանի Հանրապետության շրջափակումը, որը իրավամբ ընկալվում եւ բնորոշվում է որպես չհայտարարված պատերազմ մեր երկրի ու ժողովրդի դեմ, եւ որի հանդեպ լուռ է միջազգային հանրությունը։
Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին՝ 2015 թ. մեր եկեղեցին իրականացնելու է մեծ եղեռնի նահատակների սրբադասումը՝ հռչակելով նաեւ նրանց հոգեւոր սխրանքի եւ հերոսության պատգամը, ինչպես նաեւ՝ օրհնելու ենք սրբալույս մյուռոնը՝ որպես վկայություն աստվածային շնորհի, մեր ժողովրդի վերածնյալ հարատեւ կյանքի, որպես հույս եւ լույս մեր ժողովրդին՝ ընթանալու դեպի նորանոր հաղթանակներ՝ ի Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս աշխարհի։
Հայրապետիս աղոթքն է, որ Աստված օրհնի, օգնական եւ աջակից լինի մեր ժողովրդին՝ շարունակելու միասնական ջանքերը՝ հանուն հայրենյաց զորացման ու առաջընթացի, մեր իրավունքների պաշտպանության, մեր հոգեւոր ու ազգային կյանքի պայծառության, կերտելու նոր լուսավոր ժամանակը մեր պատմության։
Թող մեր Տերը զորացնի եւ առաջնորդի մեզ՝ հաջողություններ պարգեւելով մեր հավաքի առաքելությանը»։
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ներկայացվել են տեղական մարմինների կողմից կատարված աշխատանքը եւ առաջիկա ծրագրերը։ Զեկույցներով հանդես են եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, խոշորագույն տեղական կառույցների՝ ՌԴ, ԱՄՆ, Լիբանանի, Ֆրանսիայի, Արգենտինայի հանձնախմբերի ներկայացուցիչները։
Հանձնաժողովի անդամները եւ հրավիրյալ մյուս մասնակիցները լսել են պետական հանձնաժողովի քարտուղարության հաշվետվությունը՝ նախորդ նիստից հետո մինչ այժմ տարբեր ուղղություններով իրականացված եւ ընթացիկ կազմակերպական ու բովանդակային աշխատանքները, քննարկել են պետական հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները եւ 2015թ. միջոցառումների ծրագիրը։
Նիստի մասնակիցներին ներկայացվել է նաեւ պետական հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի մշակած ցեղասպանության 100—րդ տարելիցի խորհրդանշանը՝ Անմոռուկ ծաղիկը։ Տարբեր լեզուներով ծաղկի անվանման ստուգաբանությունն արտահայտում է միեւնույն իմաստը՝ «ՀԻՇԻՐ»։ Դա էլ հենց 100—րդ տարելիցի հիմնական հաղորդագրությունն է։ Աշխատանքային խումբը խորհրդանշանի այդպիսի ընտրությունը պայմանավորել է նրանով, որ ծաղկի գունային գամման ասոցացվում է նշվող տարեթվի հայեցակարգի հիմքում ընկած հիմնական մոտիվների հետ, եւ, ի վերջո, Անմոռուկը միջնադարում համարվել է Աստծո ներկայության խորհրդանշանը։ Հնգաթերթ Անմոռուկ ծաղկի պսակաթերթիկները խորհրդանշում են այն հինգ մայրցամաքները, որտեղ հանգրվան են գտել ցեղասպանությունից մազապուրծ հայորդիները՝ զրկվելով հայրենիքում ապրելու հնարավորությունից։ Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ՝ մանուշակագույն, բաց մանուշակագույն, դեղին եւ սեւ։ Դրանցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է որոշակի իմաստ. սեւ գույնը խորհրդանշում է եղեռնի սարսափներն ու ցեղասպանության մասին հիշողությունը։ Ներսի ճառագայթաձեւ բաց մանուշակագույնը բոլորին հոգեհարազատ գաղափարին համամասնակից լինելն է։ Որպես խորհրդանշանի գերակշռող գույն՝ առաջարկվել է մանուշակագույնը։ Այն լայնորեն տարածված է հայկական ինքնագիտակցության հիմք հանդիսացող Հայոց եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում։ Դեղին գույնով պատկերված է ապրելու եւ արարելու հույս պարգեւող արեւի լույսը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող, շրջանաձեւ դասավորված 12 մույթերի տեսքով։ 
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 483 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024