«Ես հավատացած եմ, որ ՄՄ—ին անդամակցությունը կայացվել է խոր վերլուծություններից հետո, որն ընդունում եւ հարգում ենք։ Այս կամ այն միությանը միանալու որոշումն ինքնանպատակ չէ»,—երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։ Նա ընդգծեց, որ որեւէ միության միանալը պետք է նշանակի երկրի զարգացում եւ բնակչության բարեկեցություն։
Անդրադառնալով Արեւելյան գործընկերության հետագա ճակատագրին՝ Ռաչինսկին ասաց, որ դա մի առաջարկ էր, որը պետք է սերտացներ արեւելյան հարեւան երկրների համագործակցությունը։ «Նախկինում ԵՄ—ն ոչ մի անգամ նման հավակնոտ ծրագիր չի ներկայացրել իր հարեւաններին։ Արեւելյան գործընկերության նպատակը Եվրոպայում աշխարհաքաղաքական փոփոխությունները չէին։ Այդ նախաձեռնության հիմնական նպատակը ԵՄ արեւելյան գործընկերների հետ սերտ համագործակցությունն էր, որով կխթանվեր նրանց արդիականացումը։ Այդ առաջարկից տարբեր երկրներ տարբեր կերպ օգտվեցին՝ ելնելով իրենց ներքին պահանջարկից եւ այն պատկերացումներից, որ ունեին ԵՄ—ի հետ հարաբերությունների հետ կապված»։
Ռաչինսկին ընդգծեց, որ Արեւելյան գործընկերությունը չի «մահացել». «Արեւելյան գործընկերությունը արեւելյան հարեւանների հետ հարաբերությունների ԵՄ—ի արտաքին քաղաքականության մաս է կազմում, եւ դա լայն առաջարկ է եղել, որը դեռ ուժի մեջ է եւ սեղանին է»։ Դեսպանը հիշեցրեց ԵՄ—ի առաջարկը՝ «ավելին՝ ավելիի դիմաց», որ ինչքան Արեւելյան գործընկերության երկիրը ներգրավվում է համագործակցության մեջ, այնքան առաջ է գնում։ Ըստ նրա, նույն սկզբունքը ուժի մեջ է։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությանը՝ դեսպանը նշել է, որ Ուորլիքն ի մի է բերել նախորդ տարիների դեպքերն ու հայտարարությունները։
«Հնարավոր է՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ նա ցանկանում է նոր ազդակ հաղորդել կարգավորմանը»,–ասաց դեսպանը՝ հավելելով, որ Էդվարդ Նալբանդյանը դրան համարժեք պատասխան է տվել կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին։
Լեհաստանի դեսպանը համաձայն չէ այն կարծիքին, որ Եվրոպան հանուն էներգակիրների պատրաստ է աչք փակել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա. «Մեզ դա մտահոգում է։ ԵՄ—ի դիրքորոշումը հստակ արտահայտվել է»։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
|