ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 24.04.2024, 10:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 11 » Նոր ՀԱԷԿ—ի տեղադիրքը ճիշտ է ընտրված /Թուրքական հերթական քայլն էլ անհաջողության կմատնվի/
10:32
Նոր ՀԱԷԿ—ի տեղադիրքը ճիշտ է ընտրված /Թուրքական հերթական քայլն էլ անհաջողության կմատնվի/
Անկարայում հակակառավարական ցույցերն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշումը պետք է որ գոնե առժամանակ Թուրքիային մոռացնել տային հայկական ատոմակայանի թեման։ Բայց քանի որ հակակառավարական ցույցերին մասնակցում են նաեւ բնապահպանական տարբեր խմբեր, ովքեր մշտապես դեմ են արտահայտվել Թուրքիայում կառուցվելիք 3 ատոմակայաններին ու հատկապես դրանց տեղադիրքերին, էրդողանամետ մամուլը այս օրերին գրեց, թե իշխանությունը պատրաստվում է նամակ ուղղել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը, որպեսզի վերջինս արգելի նոր հայկական ԱԷԿ—ի կառուցումը՝ հենց սխալ տեղադիրքի պատճառով։
Ի դեպ, էրդողանամետ մամուլը, իբրեւ հայկական կառուցվելիք ԱԷԿ—ի սխալ տեղադիրքի ապացույց, մեջբերել էր «Foreign Policy Journal»—ում հրապարակված՝ փորձագետ Ռիչարդ Ռուսոյի հոդվածը հայկական ներկայիս ԱԷԿ—ի «շատ վատ վիճակի» ու նորի «շատ վատ տեղադրավայրի» մասին։ Ռ. Ռուսոն հայկական ԱԷԿ—ի խնդրին մշտապես անդրադարձող փորձագետներից է։ Կա մի բայց սակայն։ Փորձագետ Ռուսոն Բաքվի ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների մասնագետ է։ Այն է՝ արեւմտյան այս փորձագետը աշխատավարձ է ստանում Ադրբեջանի իշխանություններից։ Այլ կերպ՝ արեւմտյան այս փորձագետը ադրբեջանական եթե ոչ լրտես, ապա ազդեցության գործակալ է։ Իսկ եթե փորձագետը ազդեցության գործակալ է, ապա նրա, իբրեւ փորձագետի, իբր անաչառ խոսքին վստահել պետք չէ։ Գուցե դա է պատճառը, որ ես այս փորձագետի հրապարակումներին հանդիպեցի միայն թուրքական, ադրբեջանական մամուլում եւ նշյալ պարբերականում։
Թյուրքերին թողնենք մի կողմ եւ անդրադառնանք այն հարցին, թե որտեղ է կառուցվելու մեր նոր ատոմակայանը (ֆինանսական որոշ հարցեր լուծելուց հետո)։ Մենք կանդրադառնանք սրան՝ կանխազգալով թուրքական պարզունակ մտածելակերպի դրսեւորումները։
Այսպիսով, ԱԷԿ—ի կայանի հրապարակը Արմավիրի մարզի հյուսիս—կենտրոնական մասում է՝ Երեւանից ուղիղ դեպի արեւմուտք՝ 32 կմ հեռավորության վրա (բնակչությունը՝ 1.1 միլիոն)։ Այն գտնվում է 13 կմ հեռավորության վրա դեպի արեւմուտք Վաղարշապատ քաղաքից, 4.6 կմ դեպի հյուսիս—արեւելք Մեծամոր քաղաքից (կայանի արբանյակ քաղաքը, որի բնակչությունը կազմում է 10.2 հազար մարդ) եւ 9.2 կմ դեպի արեւելք—հյուսիս—արեւելք Արմավիր քաղաքից (բնակչությունը՝ 32.3 հազար մարդ)։ Թուրքիայի հետ ամենամոտ սահմանը, որը սահմանազատվում է Արաքս գետով, գտնվում է հարավում՝ մոտավորապես 16 կմ հեռավորության վրա։ Իգդիր քաղաքը, որի բնակչությունը կազմում է 60 հազար մարդ, գտնվում է հրապարակից 60 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ։ Ավելի պարզ՝ նրանց 60 կմ հեռու 60 հազար բնակչության դիմաց կանգնած է 32 կմ հեռավորությամբ գտնվող 1.1 մլն բնակչություն։ Կայանի մերձակա տարածքը գտնվում է Արարատյան դաշտավայրի եւ Արմավիր ավազանի արեւմտյան մասում՝ Արագած լեռան հարավային լանջին։ Երեւան—Արմավիր մայրուղին անցնում է հրապարակից 4 կմ հեռավորության վրա՝ դեպի հարավ։ Հրապարակից 7 կմ հեռավորության վրա անցնում է Երեւան—Թբիլիսի հիմնական երկաթգիծը, որի մերձագնա գծերը ծառայում են ՀԱԷԿ—ին։ Սեւջուր գետը, որը կտրում է կայանի մերձակա տարածքի 10 կմ հարավային մասը, Արաքս գետի վտակն է։ Սեւջուրը միանում է Քասախ գետին, որն անցնում է 10 կմ գոտու հարավ—արեւելյան եզրով, հրապարակից սկսած մոտավորապես 9 կմ, նախքան Արաքս գետը թափվելը։
Ի սկզբանե պլանավորվել էր, որ ՀԱԷԿ—ի հրապարակում կտեղադրվեն ընդամենը չորս ՋՋԷՌ—440 ռեակտորներ՝ ընդ որում, 3—րդ ու 4—րդ բլոկները պետք է տեղադրվեին 1—ին ու 2—րդ բլոկներից դեպի արեւմուտք։ 3—րդ ու 4—րդ բլոկների հրապարակի սկզբնական հիմնավորումն իրականացվեց 1980թ., սակայն հետագայում դրանք չկառուցվեցին։ Նոր միջուկային էներգաբլոկը կզբաղեցնի հենց 3—րդ ու 4—րդ բլոկների համար նախատեսված տարածքը։ Նախապես որոշված է, որ նոր ռեակտորը կգտնվի աշխարհագրական լայնության 40 աստիճան 11 րոպե հյուսիս, երկայնության 44 աստիճան 08 րոպե 16.70 վայրկյան արեւելք դիրքում։ Այս դիրքը գտնվում է Արմավիր մարզում՝ Արագածոտնի մարզի հետ սահմանից մոտավորապես 1.2 կմ հեռավորության վրա։ ՀԱԷԿ—ի հրապարակի ընդհանուր տարածքը կազմում է 649 հա։ ՀԱԷԿ—ի հրապարակի տեղանքը միջին կտրվածության է, նրա բացարձակ բարձրության նշանները ծովի մակերեսից կազմում են 927—ից 949 մ։ Կայանի շահագործման համար անհրաժեշտ տեղակայանքները, որոնք չեն գտնվում ՀԱԷԿ—ի հրապարակի սահմաններում, ներառում են ՀԱԷԿ—ի տեխնիկական ջրի սկզբնական ջրառը Սեւջուր գետից եւ պոմպակայանը։
Մեր մասնագետները նոր ատոմակայանի հետ ուղղակիորեն եւ անուղղակիորեն կապված ամեն մի տվյալի այնքան մանրամասն են անդրադառնում, որ նույնիսկ խոսում են, թե ինչքան են ՀՀ—ի բնական հանածոների ու հանքանյութի պաշարները, ներուժը, հանքարդյունաբերական որ գործարանում ինչ է արտադրվում, երկրաբանական հետազոտությունների արդյունքում ինչ հանքավայրեր են բացահայտվել, համաշխարհային որ հանքանյութի ինչ ծավալի պաշարն է ՀՀ—ում եւ այն։ Սա կարող է ընթերցողին զարմանալի թվալ, մինչդեռ այս կարգի մանրակրկիտությունը մասնագետների համար անհրաժեշտություն է, քանզի ատոմակայանը սովորական շինություն չէ։ Հետո, իհարկե, մասնագետները բացատրում են պատճառը. քանի որ մետաղի հանքավայրերը Հայաստանի կառուցվելիք նոր ԱԷԿ—ից շատ հեռու են գտնվում, ոչ մի փոխգործակցություն չի լինի նոր ԱԷԿ—ի հովացման աշտարակի գոլորշու եւ հանքանյութերի հարստացման ժամանակ առաջացած մթնոլորտային արտանետումների միջեւ։ Ոչ մետաղական հանքանյութերի հանքավայրեր կան, որոնք ավելի մոտ են գտնվում հրապարակին, բայց ոչ մետաղական հանքանյութերի արդյունահանումն էլ չի առաջացնի նոր ԱԷԿ—ի շահագործման հետ կապված ոչ մի մտահոգություն։ Կան նաեւ գեո—հիդրոլոգիական հարցեր. ատոմակայանի հրապարակի հողի հիդրոլոգիան եւ գեոհիդրոլոգիան մանրամասն ուսումնասիրվել են ՀԱէԿ—ի 1—ին եւ 2—րդ բլոկի ինժեներական նախագծման ժամանակ։ Դեռ 1975 թ. կատարված ՀԱԷԿ—ի երկրորդ հերթի նախնական նախագծային ուսումնասիրությունը ներկայացնում է հրապարակի եւ տարածաշրջանի գեոհիդրոլոգիան, օգտագործելով ինժեներական—երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքները, որոնք կատարվել են 1968 թվականից վեր։ Ըստ մասնագետների, ՀԱէԿ—ի հրապարակը հիմնականում կազմված է երկու տեսակի հանքավայրերից՝ խոշոր բեկորային քարի եւ բազալտային լավայի։ Վերին մասը՝ 3—5 մ խորությամբ, կազմված է խոշոր—բեկորային խճաքարից կավե ոսպաձեւ հանքավայրերով եւ շերտերով՝ մինչեւ 10 մ հաստությամբ բազալտի վրա։ Բազալտից ներքեւ գտնվում են խոշոր բեկորային քարեր կավե եւ տուֆի շերտերով։ ՀԱԷԿ—ի կառույցների հիմքը նույնպես ձեւավորված է խոշոր կոտրտված բեկորային քարերից եւ բազալտից։ Երկրաբանական ձեւավորումները, որոնցից կազմված է ՀԱԷԿ—ի արդյունաբերական հրապարակը, ունի բարձր աստիճանի անցելիություն։ Չկա գրունտային ջրերի կայուն վերին շերտ։ Հրապարակի մոտ ջրի հոսքի մակերեւույթը գտնվում է մակերեսից 64—ից մինչեւ 94 մ խորության վրա։ ՀԱԷԿ—ի հրապարակում ստորերկրյա ենթահողային ջրերը անցնում են 86—95 մ խորության վրա։
Հավելենք, որ ատոմակայանի շահագործման համար խիստ կարեւոր է ջրի հուսալի աղբյուրի առկայությունը։ Ատոմակայանի արտանետումները վերադարձվում են մակերեւութային ջրեր։ Ջրի աղբյուրի եւ արտանետումների խողովակի, ինչպես նաեւ ջրի այլ օգտագործման բնութագրերը կայանի բնապահպանական ազդեցությունների գնահատման գործընթացում կարեւոր հանգամանքներ են։ Նոր էներգաբլոկը կկառուցվի գոյություն ունեցող ՀԱԷԿ—ի 2—րդ բլոկին կից։ Սեւջուր գետը լցվում է Արաքսը ատոմակայանի հովացման ջրի ջրառից 31 կմ հոսանքն ի վար։ Ներկա պայմաններում հայկական ատոմակայանը ջուր է վերցնում Սեւջուր գետից եւ բաց թողնում ետ դեպի գետը։ Ակնկալվում է, որ նոր ԱԷԿ—ը նույն կերպ կօգտվի այդ գետի ջրից։ Սեւջուր գետի հոսքը կազմավորվում է Արագած լեռան բարձունքներում գոյացող գրունտային ջրերից եւ ակնհայտորեն պարունակում է գետավազանի սահմաններից դուրս տեղումների հոսքեր։ Գրունտային ջրերը մակերես են բարձրանում որոշ տեղերում աղբյուրների տեսքով եւ ձեւավորում գետի բավական կայուն հոսքը։ ՀԱԷԿ—ի 2—րդ բլոկը գետի ձախ ափի վրա ջրառ ունի, որը գտնվում է ամբարտակից հոսանքն ի վեր։ Նոր ԱԷԿ—ն էլ կօգտվի նույն ջրառման ջրանցքից։
Այնպես որ, մասնագետները վստահեցնում են, որ ամեն մի դետալ ամենայն մանրամասնությամբ հաշվի է առնված։ Ես հակված եմ հավատալու մեր մասնագիտական խոսքին, քանզի նրանց ընտանիքները Հայաստանում են ապրում, եւ նրանք են, որ լավ գիտեն, թե ԱԷԿ—ի վտանգվելու դեպքում ինչ կլինի։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 477 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024