
Երեկ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընդմիջման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա ընդգծեց, որ հետեւողականորեն պայքարելու են ստվերի դեմ. «Մենք բոլորս արձանագրում ենք չէ՞, որ կա ստվեր։ Բոլոր երկրներում կա, բայց մեզ մոտ շատ է։ Չգիտեմ՝ 10 տոկոս է, 20 տոկոս է, 30 է, ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ կա հնարավորություն հարկային դաշտ բերելու ստվերը։ Ինչքան հնարավոր է, մենք փորձելու ենք բերել՝ օգտագործելով մեր բոլոր հնարավորություններն ու լծակները»։
Ստվերի ծավալների վերաբերյալ մոնիթորինգ կանցկացնեն պատկան մարմինները եւ բոլորին կհրավիրեն հարկային դաշտ. «Իմ կարծիքով՝ մենք շատ լավ գործ ենք նախաձեռնել եւ հաստատ ունենալու ենք հաջողություն»։
Իսկ ինչու է վարչապետը որոշել իրավիճակ փոխել՝ սկսելով «մերձավորներից»։
«Սինգապուրի վարչապետին հիշո՞ւմ եք, որին հարց էին տվել՝ ո՞նց արեցիք, որ ձեր երկիրը կառուցեցիք։ Ասում էր՝ սկսեցինք մեր մերձավորներից, մեր ընկերներից։ Մեր բոլոր ընկերները, մերձավորները պետք է հասկանան, որ առաջինն իրենք են պարտավոր որեւէ խախտում թույլ չտալ իրենց աշխատանքի ընթացքում, հարկային դաշտ պետք է գան բոլորը, եւ բոլորիս նպատակը դա է»։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա վարչապետը խորհուրդ է տալիս գնահատականներ տալու փոխարեն հետեւել կառավարության գործունեությանը. «Մենք փորձենք աշխատել, արդյունքներն արձանագրել, հետո գնահատական կլինի։ Դուք կտեսնեք, որ եթե այսքան հարկեր ու եկամուտներ ավելացել են, ուրեմն պարզ է, որ ստվերից է, քանի դեռ նոր ներդրումներ ու աշխատատեղեր չկան։ Բայց մեր խնդիրը, նորից եմ ասում՝ երկու մասից է՝ առաջինը մենք կայունություն պետք է ապահովենք։ Դուք գիտեք, որ 2014 թվականի բյուջեն պետք է իրականացնենք ե՛ւ եկամուտների, ե՛ւ ծախսերի մասով։ Մենք ակնհայտորեն փոփոխություններ կիրականացնենք միջնաժամկետ ծրագրում՝ 2015—17 թվականներին։ Ամեն ինչ անելու ենք, որ այն, ինչ ծրագրում հնչեցրել ենք, փորձենք այս տարիների ընթացքում իրականացնել»։
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ գործարարների համար եւս պետք է լավ պայմաններ ստեղծվեն. «Պետք է ամեն ինչ անենք, որ հավատը վերականգնվի մեր նկատմամբ»։ Իսկ պաշտոնյաները բիզնես ունենալու դեպքում կզրկվեն պաշտոնից. «Ժամանակ տվեք, երբ որ կտեսնեք, որ մեր ասածներն իրականություն չեն դառնում, այն ժամանակ կասեք»։ hhpress.am
Լ. Ա. |