ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 09:34
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 28 » Նվազագույն աշխատավարձը հուլիսի 1–ից՝ 45 հազար դրամ /Բարձրացումը կփոխհատուցվի լրացուցիչ հարկային եկամտի հաշվին/
18:16
Նվազագույն աշխատավարձը հուլիսի 1–ից՝ 45 հազար դրամ /Բարձրացումը կփոխհատուցվի լրացուցիչ հարկային եկամտի հաշվին/

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նիստից առաջ վարչապետն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք այսօր հուզում եւ հետաքրքրում են հանրությանը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ԶԼՄ—ների միջոցով սպառիչ տեղեկություն տրամադրել քաղաքացիներին։ «Սա է ճանապարհը որով մենք շարժվելու ենք առաջ»,–ընդգծել է վարչապետը։
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ եւ լրացումներ, որոնք պայմանավորված են ս.թ. հուլիսի 1—ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ։ Պետական կառավարման ոլորտում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող համապատասխան աշխատողների խմբերի հիմնական աշխատավարձի չափը բարձրացվել եւ համապատասխանեցվել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձին։ Միաժամանակ պահպանվել են զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց զինվորական կենսաթոշակի գործող չափերը, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնային գործող դրույքաչափերի մեծությունները։ Հուլիսի 1—ից նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ սահմանելու հետ կապված պետական եւ տեղական ինքնակառավարման համակարգի բյուջետային ծախսերի կատարումն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել 2013 թ. պետբյուջեում. որոշվել է նշված հատկացումներն իրականացնել ընթացիկ տարում պետբյուջե ստացվելիք լրացուցիչ հարկային եկամուտների հաշվին։ «Այս որոշումով մենք տարեկան պետական բյուջեի եկամտային պլանը 20 մլրդ դրամով ավելացնում ենք, — հարցի առնչությամբ ասել է Տիգրան Սարգսյանը։–Երկրորդ կետով 3.8 մլրդ գումար ենք հատկացնում, որպեսզի նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված ծախսը կարողանանք ամբողջությամբ պետական բյուջեով ծածկել, ընդ որում՝ մի մասը գնալու է տեղական ինքնակառավարման մարմինների օժանդակությանը, որպեսզի նրանք կարողանան նվազագույն աշխատավարձի բարձրացումը փոխհատուցել»։
Որոշման մեջ եղած թվերի վերաբերյալ ի հայտ եկած տարաձայնությունները հարթվել են երեկ վարչապետի հրավիրած խորհրդակցության ընթացքում։
Կառավարությունը սահմանել է «Հսկիչ—դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ—ի կողմից իրացվող բազմագործառնական ՀԴ մեքենաների իրացման գինը՝ 369 հազար 600 դրամ, ներառյալ ԱԱՀ—ն։ Նոր ՀԴՄ—ներ կօգտագործեն տարեկան 500 մլն եւ ավելի դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները։

Տրանսպորտային միջոցները դյուրությամբ կհատեն ՀՀ մաքսային սահմանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային վճարի մասին» եւ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կհստակեցվեն այլ պետություններում հաշվառումից հանված, սակայն ՀՀ—ում դեռեւս գրանցում չստացած տրանսպորտային միջոցների՝ ՀՀ մաքսային սահմանը հատելիս ճանապարհային վճարի հաշվարկման եւ գանձման հետ կապված ընթացակարգերը։
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը, հեղինակների կարծիքով, թելադրված է աշխատանքային հարաբերությունների առավել հստակ կարգավորման, ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ։ Կառավարությունն իր հերթին մի շարք առաջարկություններ է արել, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը։
Քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է շրջանառության հարկը հաշվարկել տարբեր դրույքաչափերով, կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը եւ հիմնավորել է իր բացասական եզրակացությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, նախագծի մերժման պատճառ է դարձել այն իրողությունը, որ փաստաթղթով հիմնավորված եւ չհիմնավորված ապրանքը զանազանելը գործնականում անհնար է։ Բացի այդ, անհնար է նաեւ գնահատել ստվերի չափը, հնարավոր չէ արդյունավետ վարչարարություն իրականացնել։
Վերը նշված օրենքների նախագծերը եւ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Բարձրարժեք գույքը կհարկվի ավելի բարձր դրույքաչափերով

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգին, որի նպատակն է միջազգային փորձի հիման վրա նախանշել գույքահարկի հարկման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաեւ հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները։ Գույքային հարկերի համակարգի հետագա կատարելագործման արդյունքում բարձրարժեք գույքը կհարկվի համարժեք՝ ավելի բարձր դրույքաչափերով, կստեղծվի անշարժ գույքի պաշարների ճշգրիտ տեղեկատվական բազա, ինչը հնարավորություն կտա մեծացնել հարկման արդարացիությունը։
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Հանրային ֆինանսական կառավարման հզորացում» բազմադոնորային ծրագրային հավատարմագրային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի համակարգման լիազորությունը վերապահվել է ՀՀ ֆինանսների նախարարին կից կոլեգիային։ Վերոհիշյալ դրամաշնորհային ծրագրի պատասխանատու մարմինն է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Իր նիստում գործադիրը հաստատել է պետական անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման եւ անտառապատման, առանձին աշխատանքների կատարման ծախսերի նորմատիվները, որոնց կիրառումը կնպաստի պետբյուջեով հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը հաստատելու նախկին որոշման լրացումը, որով կկանոնակարգվի ջրային պաշարների հաշվառման գործընթացը։
Կառավարության որոշումներով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է մրցույթով օտարել Երեւանի Դեղատան փողոցի 2—րդ շենքի առաջին հարկի եւ նկուղի 62.2 քառ. մետր եւ Երեւանի Րաֆֆու փողոցի 103 հասցեում գտնվող տարածքները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի ԱՄ—ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամասի» գույքն ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցնել գույքի վարձակալ, Վանաձորի «Վաբա» ՍՊԸ—ին, Երեւան քաղաքի 157—րդ միջնակարգ դպրոցի եւ 37—րդ հիմնական դպրոցի, համապատասխանաբար, 147 քառ. մետր եւ 102.2 քառ. մետր մակերեսով տարածքները 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «ՀՀ երկրապահ կամավորականների միություն» ՀԿ—ին՝ իր ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով։

Կբարձրանա հողամասերի օգտագործման արդյունավետությունը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան Տավուշի մարզի Աղավնավանքի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը նպատակային օգտագործել եւ տնամերձ հողամասով ապահովել երիտասարդ ընտանիքներին։ Հաջորդ երկու որոշմամբ փոփոխելով եւ լրացնելով իր նախկին որոշումներից երկուսը՝ գործադիրը հստակեցրել է անձանց հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու ժամանակ նախապատվություն տալու, ինչպես նաեւ համայնքային ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու դեպքերը։
Կառավարությունն իր նիստում նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի արդյունքում Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձավճարից գոյացած տարեկան գումարի 20 տոկոսը կփոխանցվի պետբյուջե՝ որպես ԱԱՀ, մնացած մասի 30 տոկոսը՝ այն համայնքների բյուջե, որոնց վարչական տարածքներում են նշված հողամասերը։ Այսպիսով, արդարացի կբաշխվեն Սեւանի ազգային պարկի եւ համայնքների մասհանումները։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացրել 60 մլն դրամ՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական կայունության եւ միջազգայնացման գործառույթների ապահովման նպատակով կրթօջախին տրամադրելու համար։ Մեկ այլ որոշմամբ 80 մլն դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի նախարարությանը՝ «Երեւանյան հեռանկարներ» 14—րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013 թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով։

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունն ընդունել է Գեղարքունիքի մարզի Ազատի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ ընտրության նախապատրաստման եւ անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։ Հաջորդ որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունը, նշանակվել արտահերթ ընտրություն։
Գործադիրը Երեւանի «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ—ին 5 տարի ժամկետով տվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութերի ներմուծման արտոնագիր։
Նիստում Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի ասպիրանտ Վահե Ճիտոյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել մինչեւ ուսումնառության ավարտը՝ 2016 թ. աշնանային զորակոչ։

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 457 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024