ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հարկային բարեփոխումների ծրագիրը երեկ ներկայացրեց 2013թ. իրականացված «Հարկային ընկալումներ» խորագրով հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն իրականացրել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) հայաստանյան կենտրոնը։
ՀՌԿԿ—ի ծրագրերի համակարգող Լուսինե Զաքարյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն էր իրականացնել ելակետային գնահատում Հայաստանում հարկային համակարգի ընկալման, հարկային օրինապահության, հարկային մարմինների եւ հարկ վճարողների միջեւ հաղորդակցության, հարկային քաղաքականության արդյունավետության ու քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների վերաբերյալ։
Հետազոտությունն իրականացվել է 2013թ. սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ ընդգրկելով Հայաստանի 1448 տնային տնտեսություն, 400 հարկ վճարող կազմակերպություն եւ անհատ ձեռներեց։
Արդյունքների համաձայն՝ Հայաստանում հարկ վճարողների 30 տոկոսը բոլորովին չի վստահում հարկային ծառայությանը, 21 տոկոսը վստահում է, 16 տոկոսը որոշակիորեն չի վստահում եւ միայն 3 տոկոսն է լիովին վստահում ծառայությանը։
Ըստ հետազոտության՝ հարկ վճարողները բավական ցածր վստահություն ունեն պետական մարմինների հանդեպ։ Մասնավորապես, ֆինանսների նախարարությանը լիովին վստահել է հարցվածների 2 տոկոսը, 14 տոկոսը նշել է, որ վստահում է որոշ չափով, 21 տոկոսը դժվարացել է պատասխանել՝ վստահում է թե ոչ, 15 տոկոսը որոշակիորեն անվստահություն է հայտնել, իսկ 35 տոկոսը նշել է, որ բոլորովին չի վստահում նախարարությանը։ Նմանատիպ պատկեր է ստացվել նաեւ մաքսային ծառայության նկատմամբ հարկ վճարողների վստահության սանդղակում։
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն էլ նշեց, որ իրականացված հենանշային հետազոտությունը կարեւոր դեր կխաղա պետության եւ մասնավոր հատվածի միջեւ երկխոսության խթանման, հարկային համակարգի նկատմամբ փոխվստահությունը եւ հանրության կողմից վստահությունը ամրապնդելու, ինչպես նաեւ կամավոր օրինապահության մշակույթը խրախուսելու գործում՝ ի նպաստ Հայաստանի տնտեսական աճի։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ ՄԶԳ—ն կշարունակի աջակցել Հայաստանի հարկային համակարգի թափանցիկության եւ արդյունավետության բարելավման աշխատանքներին։
«Հուսով ենք, որ հետազոտությունը կկատարվի ամեն տարի՝ արձագանքելու ՀՀ հարկային համակարգի առաջընթացին, եւ այն կօժանդակի պետական մարմիններին հետագայում բարեփոխումներ իրականացնել հարկային քաղաքականության եւ հարկային վարչարարության ոլորտներում»,— ասաց Ք. Հիլիարդը։
Հարկերի վճարումը կդառնա պարզ ու կանխատեսելի
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը բարձր գնահատեց կատարված հետազոտությունը՝ նշելով, որ օգտագործվող տեղեկատվության ծավալներով նմանատիպ հետազոտություն առաջին անգամ է իրականացվում Հայաստանում։
Նախարարն ուրախալի համարեց այն փաստը, որ գործարար միջավայրը գնահատել է հարկային ծառայության աշխատանքը։ Մասնավորապես, հետազոտության արդյունքների համաձայն՝ գործարարները հարկային համակարգի ծառայությունների եւ հարկային օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուր են համարել հարկային մարմինները։ Հատկանշական է, որ չնայած սպասարկման կենտրոնների գոյության կարճ ժամանակահատվածին, գործարարները տեղեկատվության ստացման նախընտրելի եղանակ են համարել հենց սպասարկման կենտրոններ այցելելը։
«Այն փաստը, որ հարկ վճարողները իրենց գոհունակությունն են հայտնել էլեկտրոնային հաշվետվությունների համակարգի, հարկային հաշիվների դուրսգրման, առցանց հարցման համակարգերի ներդրման կապակցությամբ, արդեն իսկ մեծ գնահատական է։ Բացի այդ, հարկ վճարողները նշել են, որ ավելի մատչելի եւ թափանցիկ է դարձել բիզնես միջավայրին հուզող տեղեկատվության ստացումը»,— ասաց Գ. Խաչատրյանը։
Նախարարը միաժամանակ նշեց, որ հետազոտության մի շարք արդյունքներ ունեն ուղղորդող նշանակություն, եւ դրանք տեղ կգտնեն հարկային բարեփոխումների ծրագրային ուղղություններում. «Հետազոտության արդյունքների համաձայն՝ արդեն իսկ կարելի է նշել հարկային բարեփոխումների այն ուղղությունները, որոնք կսկսի հարկային ծառայությունը»։
Այսպիսով, ըստ նրա, Հայաստանում հարկային դաշտի բարեփոխումներն այսուհետ ուղղված կլինեն երեք կարեւոր հարցերի լուծմանը՝ հարկերի վճարումը դարձնել ավելի պարզ եւ քիչ ժամանակատար, հարկային համակարգը եւ հարկային մարմինների գործունեությունը դարձնել կայուն եւ կանխատեսելի, ինչպես նաեւ հնարավորինս ապահովել հարկման արդարության սկզբունքները։
Գ. Խաչատրյանը նշեց նաեւ, որ այս բոլոր ուղղություններն իրենց արտացոլումն են ստանալու առաջիկայում մշակվելիք հարկային օրենսգրքում։ Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ իր հանձնարարականով սկսվել է աշխատանքային խմբի ձեւավորման գործընթաց։
«Աշխատանքային խմբում կընդգրկվեն հասարակական կազմակերպություններ, շահագրգիռ մարմիններ եւ տնտեսագետների խումբ։ Նրանց առաջարկությունները կքննարկվեն նաեւ հասարակության լայն շրջանակներում»,— ընդգծեց ֆինանսների նախարարը։
Այնուհետեւ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարարը անդրադարձավ ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի միավորմանը՝ նկատելով, որ աշխարհի 30—35 երկրներում նման փորձ կա, եւ հիմա այդ փորձը ներդրվում է Հայաստանում։
Լրագրողի դիտարկմանը, թե քննադատություն է հնչում, թե քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմինների միավորումից կավելանան կոռուպցիոն ռիսկերը, Գ. Խաչատրյանը նշեց, որ տարբեր տեսակի հնչեղություն ձեռք բերելու համար լրատվամիջոցները նման հոդվածներ են հրապարակում. «Մի քիչ համբերեք, եւ կտեսնենք՝ շահեց թե չշահեց։ Իսկ դա կերեւա գործերով, բարեփոխումներով, ծրագրերով, որոնք հետագայում նկատելի կլինեն»։
Հարցին, թե «ՀՀ—ում այլընտրանքային հարկային ստուգումների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը եւս կապում են իր անձի հետ, Գ. Խաչատրյանը նշեց, որ դա այդպես չէ. «Այդ անձը, որին դուք նկատի ունեք, ընդամենը իր լիազորությունները հանձնում է բիզնեսին։ Այն ձեռնարկությունները, որոնք ուզում են ունենալ հարկային աուդիտ, պետք է նրանց հնարավորություն տալ, ոչ թե զանգել Խաչատրյան Գագիկին, այլ իրենք որոշեն։ Շանսը տվել ենք բիզնեսին»։
Նաեւ հավելեց, որ այս նախագիծը մշակվել է գործարար միջավայրից եկող ահազանգերի արդյունքում։ Նշվեց նաեւ, որ նախագիծը քննարկման փուլում է. «Եթե խոսեք գործարարների հետ, ապա կհասկանաք՝ լավ քայլ ենք անում, թե վատ, անձի հետ է կապված, թե գործարար միջավայրին օգնելու համար է»։
|