ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 19:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 28 » Որ մեղմվի երկրի կախվածությունն արտաքին մատակարարներից /Էներգախնայողության լայնածավալ միջոցառումներն անհրաժեշտություն են/
10:06
Որ մեղմվի երկրի կախվածությունն արտաքին մատակարարներից /Էներգախնայողության լայնածավալ միջոցառումներն անհրաժեշտություն են/

«ՀՀ»—ն մեկ անգամ չէ, որ ընդգծել է, թե մենք, որպես սեփական էներգակիրներ չունեցող երկիր, անընդհատ կախված ենք լինելու միջազգային շուկայում դրանց գների բարձրացումից՝ քաղաքական ու տնտեսական բացասական բոլոր հետեւանքներով հանդերձ։ Ու որպեսզի հնարավորինս նվազեցնենք այդ կախվածությունը, պիտի զարկ տանք սեփական պաշարների հաշվին վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որոնց թվում եւ էներգախնայողությունն է։ Սրա հրամայականը հատկապես այսօր է շոշափելի, երբ կրկին գազի թանկացման շեմին ենք։
Աշխարհը էներգախնայողությունը էներգիայի մի աղբյուր է համարում, ընդ որում՝ կայուն աղբյուր։ Էներգախնայողությունը խնդիր է հատկապես հետխորհրդային երկրներում, որտեղ պետականորեն «ամրացված» էր շռայլելու ու վատնելու սովորույթը։ Եվ այդ սովորույթը այսօր վերացնել չենք կարողանում, որովհետեւ այն նաեւ կենցաղում է, տեխնոլոգիաներում, շենք—շինություններում։ Մանավանդ մեր տնտեսությունում եւ կենցաղում առկա տեխնոլոգիաները էներգիա խնայող չեն՝ չհաշված կենցաղային որոշ՝ ներմուծված պարագաների։ Թեպետ սա էլ միանշանակ չէ, քանզի եթե ասենք էլեկտրական տաքացուցիչները էներգիա խնայող են, դրանց օգտակար գործողության գործակիցը վերջնահաշվարկում, միեւնույնն է, այնքան էլ օգտակար չէ՝ կապված հենց թեկուզ շինությունների նյութերի, նախագծերի եւ դրանց առնչվող այլ գործոների հետ։ Այսինքն՝ խնդրի լուծման համար մենք պիտի համալիր տարբերակներ մտածենք, էներգախնայող համակարգեր ներդնեք, մի խոսքով՝ մի ամբողջ ռազմավարական ծրագիր իրագործենք։
«Հաշվի առնելով սեփական հանածո ածխաջրածնային պաշարների բացակայությունը մեր երկրում (կամ գոնե առայժմ դրանց չբացահայտված լինելու իրողությունը)՝ պետք է փաստել, որ տնտեսության էներգաարդյունավետության բարձրացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման հրամայականը, որպես երկրի սեփական՝ ազգային տեսակի էներգիայի աղբյուր, Հայաստանում այլընտրանք չունի», այս տեսակետը միանշանակ պնդում է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը։ Պետական այս կառույցը էներգախնայողությունը դիտարկում է իբրեւ սեփական էներգետիկական աղբյուր։ Հայաստանի սեփական վառելիքաէներգետիկ պաշարներ են դիտարկվում գահավիժող ջուրը, հողմը, էներգետիկ հաշվեկշռում թեկուզ փոքր ծավալ ունեցող վառելափայտը, քարածուխը, նույնիսկ աթարը, արեգակնային ճառագայթումը, երկրի ընդերքի տաք ջրերը եւ ապարները, հավելենք նաեւ միջուկային վառելիքը (նկատենք՝ ատոմային էլեկտրակայանի միջուկային վառելիքը ներկրվում է Ռուսաստանից, սակայն ըստ միջազգային էներգետիկական գործակալության, այդ կայաններից ստացված էներգիան դասվում է երկրի սեփական վառելիքաէներգետիկ պաշարների շարքին)։ Սեփական պաշար է եւ էներգախնայողությունը, ընդ որում՝ բավականին մեծ ներուժով։ Սա վստահեցնում են մասնագետները։
Օրինակ, էներգախնայողության ներուժ ունենք բնակելի հատվածում։ Որոշ հաշվարկների համաձայն, ջեռուցման համար ջերմային էներգիայի տարեկան պահանջարկը կազմում է 11,15 մլն Գկալ։ Շենքերի ջերմամեկուսացման բարեփոխմամբ ջերմային էներգիայի ծախսը տնտեսապես ձեռնտու է նվազեցնել առնվազն 30 տոկոսով։ Այս դեպքում բնակելի հատվածի ջեռուցման էներգախնայողության ներուժը տարեկան կկազմի 3,35 մլն Գկալ։ Քաղաքացիական նշանակության շենքերի ջեռուցման էներգախնայողության ներուժը ջերմամեկուսացման բարեփոխումից տարեկան գնահատվում է 0,67 մլն Գկալ մեծությամբ։ Կամ՝ էներգախնայողության ներուժ կա ավտոտրանսպորտային ոլորտում։ Այստեղ շարժիչային վառելիքի խնայողության ներուժը միայն 2010 թ. համար գնահատվել էր 293,4—ից մինչեւ 307,6 ՏՋ չափով, համապատասխանաբար, տրանսպորտային միջոցների քանակի 20 եւ 30 տոկոս աճերի դեպքում։ Այս շրջանում էներգախնայողության միջոցառումներն են, ասենք, լուսանցույցների աշխատանքի եւ քանակի հստակեցումը, ավտոճանապարհների բարելավումը, նոր ճանապարհային կցուղիների կառուցումը։ Նաեւ՝ ներուժ ունենք ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերում. այստեղ ինքնահոսի անցումը միտված է էներգածախսի նվազեցմանը, եւ էներգախնայողության ներուժը 15 տոկոս է։ Կամ՝ էլեկտրական լուսավորման համակարգերում ներդնելով էներգաարդյունավետ լամպեր՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսի նվազեցումը 10 տարում կկազմի 475 մլն կՎտ.ժամ։ Կամ՝ եթե հանքարդյունաբերությունում կիրառվեն նոր՝ էներգաարդյունավետ մեքենասարքավորումներ, ապա էներգիայի տեսակարար ծախսի նվազումը 5 տոկոս է հաշվարկվում։ Իսկ սննդի արդյունաբերությունում նորագույն սարքավորումների եւ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ էներգախնայողության ներուժը 35—40 տոկոս է հաշվարկվում։
Այլ օրինակներ էլ մեջբերենք։ Ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ էներգախնայողության ներուժը 15 տոկոս կլինի։ Էլեկտրական լուսավորման համակարգերում ներդնելով էներգաարդյունավետ լամպեր՝ էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը կնվազի, 10 տարվա ընթացքում էներգախնայողության ներուժը կկազմի 475 մլն կՎտ. ժ։ Քիմիական արդյունաբերության մեջ տեխնոլոգիական սարքավորումների կատարելագործման եւ ռեժիմների կարգավորման շնորհիվ 23 տոկոս էներգախնայողության ներուժ կունենանք։ ՀՀ—ի տնտեսության էներգախնայողության ներուժի տարեկան ծավալի շուրջ 16,5 տոկոսը տնտեսության հիմնական ոլորտների մասն է (բացի շենքերի ջերմամեկուսացումը եւ ավտոտրանսպորտային շարժակազմի նորացման միջոցառումները)։ Շենքերի ջերմամեկուսացմամբ հնարավոր կլինի իրացնել էներգախնայողության ներուժի 40 տոկոսը, իսկ ջերմային կայաններում նորագույն տեխնոլոգիաների կիրառումն արդեն ենթադրում է ամբողջ ներուժի շուրջ 43,4 տոկոսի իրացում։
Մի խոսքով, ինչից սկսել։ Տարբերակները շատ են, բայց հատատ է մի բան. սկսել եւ այն էլ անհապաղ, անհրաժեշտ է։ Տաջիկստանի դպրոցներում, օրինակ, նոր առարկա է դասավանդվում՝ «Էներգախնայողություն»։ Երեխաներին սովորեցնում են ինչպես էլէներգիա խնայել, ինչպես տարբերակել էներգախնայող տեխնոլոգիաները, ինչպես գործածել դրանք եւ դրանցով ինչպես հեշտացնել կենցաղը։ Աշխարհում ընդհանրապես ընդերքի ածխաջրածնային վառելիքի սահմանափակ պաշարների պայմաններում մարդկային քաղաքակրթության զարգացման էներգետիկ ապահովվածության համար հրամայական է դառնում տվյալ երկրի ամբողջ էներգետիկ պաշարների, այդ թվում նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրների լայնածավալ յուրացումը։ Սա, հասկանալի է, ենթադրում է դրա ներառումը վառելիքաէներգետիկ հաշվեկշռում։ Մեր երկրում, որ չունի արդյունաբերական նշանակություն ունեցող սեփական հանածո վառելիքային պաշարներ, խնդրի լուծումը տնտեսության էներգաարդյունավետության բարձրացման եւ վերականգնվող էներգետիկայի տեղական էներգապաշարների զարգացման մեջ է։ Աշխարհի շատ երկրներ անցյալ դարի վերջին տասնամյակների էներգետիկական ճգնաժամային պայմաններում ձեռնամուխ եղան խիստ թերի օգտագործվող սեփական վառելիքաէներգետիկ աղբյուրների՝ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը։ Այս ընթացքում էլ բացահայտվեց տնտեսությունում օգտագործվող տեխնոլոգիական գործընթացների անկատարությունը էներգետիկական տեսակետից, որն արդեն էներգախնայողության մեծ ներուժ էր ենթադրում։ Այդ ներուժն օգտագործելը մեծ հաջողությունների հանգեցրեց. այժմ զարգացած երկրների արտադրության աճի համար անհրաժեշտ էներգապաշարների գերակշռող մասը լրացվում է էներգախնայողության հաշվին։ Բանն այն է, որ էներգախնայողության փորձը ցույց է տվել, որ գործող տեխնոլոգիաների էներգախնայողական ներուժը կազմում է էներգածախսի 30—40 տոկոսը, իսկ վառելիքի տնտեսումը 2—3 անգամ էժան է, քան համարժեք ծավալով վառելիքի արդյունահանումն ու մատակարարումը սպառողներին։
Տեղեկացնենք, որ մենք ունենք էներգախնայողության ազգային ծրագիր։ Էներգախնայողությանը մասնագետները բավականին լուրջ են վերաբերում եւ վստահ են, որ որոշ ոլորտներում էներգախնայողության մակարդակի բարձրացմամբ կարող են զգալի առաջընթաց ապահովել։ Հայաստանում, որտեղ բացակայում են արդյունաբերական նշանակություն ունեցող սեփական հանածո վառելիքային պաշարները, խնդրի լուծումը տնտեսության էներգաարդյունավետության ավելացման եւ վերականգնվող էներգետիկայի տեղական էներգապաշարների զարգացման մեջ է։ Հայաստանն իր սեփական վառելիքաէներգետիկ պաշարներով բավարարում է երկրի պահանջմունքի մինչեւ 8 տոկոսը (ատոմային էներգետիկայի ներառմամբ՝ 35 տոկոս)։ Սա նշանակում է, որ մեր երկիրը կախման մեջ է արտերկրի էներգաաղբյուրներից։ Սրա հետ մեկտեղ, Հայաստանի տնտեսության էներգետիկ արդյունավետությունը զգալիորեն զիջում է տարածաշրջանի եւ զարգացած երկրների համանման ցուցանիշին, իսկ մեզանում գործող տեխնոլոգիաները նորերի համեմատ մի քանի անգամ փոքր ՕԳԳ (օգտակար գործողության գործակից) ունեն։ Ուստի, ինչպես նշված է հիշյալ ծրագրում, Հայաստանի արդի եւ ապագա զարգացումների համար էներգետիկ ապահովվածության բավարարման ոլորտի գերխնդիրը էներգետիկ անկախության բարձր աստիճանի ապահովումն է սեփական էներգետիկ աղբյուրների զարգացման միջոցով, որը ենթադրում է տնտեսության էներգաարդյունավետության նշանակալի բարձրացում եւ վերականգնվող էներգաաղբյուրների լայնամասշտաբ կիրառում։
Մասնագետները համոզված են, որ «Հայաստանի տնտեսության եւ էներգետիկայի կայուն զարգացումը եւ անկախության ապահովումը պետք է հիմնվեն էներգասպառման բոլոր ճյուղերում էներգաարդյունավետության բարձրացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման ռազմավարության ու ծրագրի վրա, որոնց մշակման հիմնական դրդապատճառը բխում է ազգային շահերից եւ նպատակամղված է համախառն ներքին արդյունքի ցածր էներգաարդյունավետության եւ վառելիքաէներգետիկ սեփական պաշարների ընդգծված սղության բարդույթները մեղմելուն ու հաղթահարելուն։ Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ներդրումը պետք է ուղեկցվի արտադրական եւ կառավարման նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ, քանզի վերջինս կարեւոր հիմք է էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման համար։ Հակառակ դեպքում չի բացառվի, որ երկիրը դառնա զարգացած երկրների համար հումքային եւ մարդկային ներուժի աղբյուր»։
Այն, որ էներգախնայողությունը կարող է նպաստել էներգետիկայի զարգացմանը, հետեւյալ ձեւով է բացատրվում։ Անառարկելի է, որ տնտեսության ճյուղերի էներգաարդյունավետության բարձրացումը պայմանավորում է ապրանքների (ծառայությունների) ինքնարժեքում էներգետիկ բաղադրիչի նվազեցումը եւ, հետեւապես, մրցունակության ապահովումը, քանզի էժան է այն ապրանքը, որի արտադրությունում նվազ է էներգետիկ բաղադրիչը։
Ասել, որ էներգախնայողության առումով քայլեր չեն արվել, ճիշտ չի լինի, բայց որ դրանք լայնածավալ չեն, հաստատ է։ Մինչդեռ շտապելը մեզ օդ ու ջրի պես պետք է, որովհետեւ մեր երկրի տնտեսությունում էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմամբ կմեղմվի երկրի կախվածությունն արտաքին մատակարարներից եւ մատակարարման ուղիների տարատեսակ խափանումներից։ hhpress.am

Արմենո֊հի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 486 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024