ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 09:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 15 » Պայքար ապօրինի հարստացման դեմ /Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը/
10:19
Պայքար ապօրինի հարստացման դեմ /Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը/

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, որոնց թվում նաեւ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագիծը՝ կից փաթեթով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, հայտնի պետական գործիչ, ոստիկանության գեներալ—մայոր Արմեն Երիցյանի հիշատակը եւ ցավակցություն հայտնել Արմեն Երիցյանի ընտանիքին ու հասարակությանը։
ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել եւ պատգամավորների աշխատանքին հետեւում էին Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է, եւ որը վերաբերում է պետական պաշտոնյաների ապօրինի հարստացմանն ու դրա համար պատասխանատվության սահմանմանը։ Նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության՝ երեքից վեց տարվա ազատազրկման կենթարկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում են նրանց օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով։ Նախատեսվում է, որ այդ պաշտոնյաները որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կզրկվեն առավելագույնը երեք տարի ժամկետով, իսկ նրանց գույքը կբռնագրավվի։
Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)։
Ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ է մտնելու 2017 թվականի հուլիսի 1—ից։
Պատգամավորները հարցեր են ուղղել նախարարին, որոնք վերաբերել են փոխկապակցված անձանց շրջանակին եւ դրա ընդլայնմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, պաշտոնատար անձանց ակնհայտ ապօրինի հարստացմանը, եթե նույնիսկ նրանց հայտարարագիրը մաքուր է, օրենքի՝ հետադարձ ուժ ունենալու ցանկալիությանը եւ դրա անհնարինությանը, միջազգային փորձին, օֆշորային գոտիներին, հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնմանը, փոխառություններից եկող գումարներին, ապօրինի եկամտի օրինականացմանը այլն։
Մտքերի փոխանակության փուլում ԱԺ պատգամավորները խոսել են օրենքի նախագծով առաջարկվող դրույթների մասին։ Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ ապացուցման բեռի մասին չէ խոսքը, այլ ունեցվածքի աղբյուրի բացահայտման։ Պարոն Ջհանգիրյանն իր տարակարծությունն է հայտնել հետադարձ ուժին առնչվող հոդվածի իրականացման մասով։ Նրա խոսքով՝ պարտադիր պայման պետք է լինի ապօրինի հարստացման արդյունքում ձեռք բերված գումարը պետականացնելը։ Ընդհանուր առմամբ կողմ լինելով օրենքի նախագծին՝ պատգամավորը կարծիք է հայտնել, որ մեր խնդիրը օրենքի կիրառումն է, ոչ թե օրենսդրության անկատարությունը։ Վահե Հովհաննիսյանի գնահատմամբ՝ օրենքի ընդունումը կհանգեցնի ապօրինի կուտակված կապիտալի արտահոսքի։ Պատգամավորն անդրադարձել է փոխկապակցված անձանց շրջանակը ընդլայնելու խնդրին։ Նշելով, որ կողմ է քվեարկելու՝ պարոն Հովհաննիսյանն առաջարկել է առավել լայն քննարկումներ կազմակերպել եւ խորքային լուծումներ առաջարկել, կոռուպցիայի դեմ պայքարում գնալ կոշտ, բայց գրագետ քայլերի։ Նաիրա Զոհրաբյանն այն համոզմանն է, որ մեր երկրում, այո, կա ապօրինի հարստացման լրջագույն պրոբլեմ, սակայն խնդիրն օրենսդրությունը չէ։ Տեղեկացնելով, որ ԲՀԿ—ն կողմ է քվեարկելու նախագծին՝ պատգամավորը նշել է, որ խնդրի լուծմանը որեւէ օրենք չի օգնելու, քանի դեռ մեր երկրում քաղաքական խաղի կանոնները, պետական պաշտոնյաների մենթալիտետը փոխված չեն։ Հովհաննես Մարգարյանը, արժեւորելով նախագիծը, առաջարկել է այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան ներկայացնել ինչպես իրենց ֆինանսական աղբյուրները, այնպես էլ կատարած հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում բազմաթիվ սոցիալական ծրագրեր կարող են իրականացվել։ Պարոն Մարգարյանը նշել է, որ կողմ է քվեարկելու՝ հավելելով, որ այն անգամ ուշացած նախաձեռնություն է։ Միքայել Մելքումյանը խոսել է ապօրինի հարստացման դեմ պայքարի մեթոդների մասին եւ կարեւորել արմատական լուծումներ առաջարկող մեխանիզմների ստեղծումը։ Կարեւորելով տարածաշրջանում մեր երկրի ճկուն եւ մրցունակ լինելը՝ պարոն Մելքումյանը կարծիք է հայտնել, որ նման օրենքի ընդունմամբ պետք է այնպես մշակել ոլորտի օրենսդրությունը, որպեսզի Հայաստան ներդրումների խրախուսման համար բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Հեղինե Բիշարյանն ընդգծել է, որ ՕԵԿ խմբակցությունը կողմ կքվեարկի, քանի որ իրենք կողմնակից են նման արատավոր երեւույթների վերացմանը։ Կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարում տիկին Բիշարյանն անդրադարձել է մասնավորապես շինարարության ոլորտում տենդերներ շահող ընկերությունների գործունեությանը, հրապարակային բարեգործություններին։ Ողջունելով նախաձեռնությունը՝ Հրանտ Բագրատյանն անհրաժեշտ է համարել ունենալ համատարած եկամուտների հայտարարագրման համակարգ։ Պատգամավորը նշել է, որ կողմ է քվեարկելու։
Հարցի վերաբերյալ տեսակետ է ներկայացրել ՀԱԿ խմբակցությունը։ Լեւոն Զուրաբյանը նախաձեռնությունը համարել է կարեւոր, բայց ոչ բավարար։ Խմբակցության ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ նախաձեռնությունը հետադարձ ազդեցության որեւէ մեխանիզմ չի նախատեսում։ Նա նշել է, որ ՀԱԿ—ն իր նախընտրական ծրագրի կարեւոր քայլերից մեկը կհամարի ապօրինի հարստացման քրեականացմանը հետադարձ ուժ տալը։
Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա քննարկվող հարցը համարել է ներքաղաքական, հասարակական եւ օրակարգային։ Ըստ պարոն Շարմազանովի՝ այսօր կառավարությունն ու իշխանությունը, որի պատասխանատուն նախեւառաջ ՀՀԿ—ն է, ունի քաղաքական կամք եւ համարձակություն պայքարելու ապօրինի հարստացման դեմ։ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարեւոր բարեփոխում է, որն օրենսդրորեն կանխելու է բոլոր հնարավոր չարաշահումները։ Էդուարդ Շարմազանովը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել կարեւոր օրենսդրական նախաձեռնությանը։
Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներին, տվել է պարզաբանումներ։
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանն է ներկայացրել նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Նախաձեռնությամբ նախատեսվում է, որ այն անձինք, ովքեր պարտականություն ունեն հայտարարագիր ներկայացնելու, պարտավոր են դրամական միջոցներով փոխառություններ հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներով արտահայտված նվիրատվություն, շահաբաժիններ, ձեռնարկատիրական գործունեությունից եւ գույքը օտարելուց եկամուտ, վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը կատարել բացառապես անկանխիկ ձեւով, եթե միանվագ ստացվող կամ տրվող գումարը գերազանցում է 2 մլն դրամը։ Նախարարի խոսքով՝ եթե վերոնշյալ փոխանցումները, եկամուտները ստացվել են կանխիկ եւ գերազանցում են 2 մլն դրամը, ապա դրանք չեն համարվելու օրինական։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հասարակական կազմակերպությունների մասին», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի տեղեկացմամբ՝ «Կուսակցությունների մասին» օրինագիծը համալրվել է նոր՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծով, որը ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանի ներկայացմամբ քննարկվել է առաջին ընթերցմամբ։ Հիմնական զեկուցողը նշել է, որ օրինագծում կատարվել է տեխնիկական բնույթի փոփոխություն։ Այնուհետեւ փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ։
Այնուհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երրորդ ընթերցումով քննարկման է ներկայացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ կից օրենսդրական փաթեթը։
Երկրորդ ընթերցումով քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ օրինագիծը համալրվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխութուններ կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով եւ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծով, ինչպես նաեւ մի շարք հոդվածներով, որոնք կքննարկվեն առաջին ընթերցումով։
Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը, ներկայացնելով առաջին ընթերցմամբ քննարկվող նախագծերը եւ հոդվածները, նշել է, որ լրամշակման արդյունքում խմբագրական փոփոխություններ են կատարվել։ Ավելացվել է ԱԺ նիստերում հարցերի քննարկման տեւողությունը. պաշտոնատար անձանց ընտրությունների, հաշվետվությունների, հաղորդումների, բյուջեի նախագծի ու կառավարության ծրագրի քննարկումների դեպքում որեւէ սահմանափակում դրված չէ։ Պարոն Սահակյանը տեղեկացրել է, որ որոշ խմբագրումներ կան ԱԺ մշտական հանձնաժողովների վերահսկողության մասով. վերահսկողության առարկա է սահմանվել տվյալ հանձնաժողովի իրավասության շրջանակում գտնվող օրենքների կատարման ընթացքը։ Ամբողջովին խմբագրվել է ԱԺ որոշման նախագծի նախնական քննարկմանը վերաբերող մասը։ Հիմնական զեկուցողը նշել է, որ պատգամավորների առաջարկների հիման վրա սահմանվել է խորհրդարանական լսումների գաղափարը, խորհրդարանական լսումներ անցկացնելու իրավասություն կունենան նաեւ խմբակցությունները, լսումների արդյունքների վերաբերյալ պետք է ներկայացվի արձանագրային հաշվետվություն։ Քննիչ հանձնաժողովների կարգավորման առարկայի հետ կապված եւս խմբագրական շտկումներ են եղել, սահմանադրական դրույթներն են վերականգնվել։ Նշվել է, որ քննիչ հանձնաժողովների քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության եւ դատական քննության փուլերում գտնվող հարցերը։ ԱԺ ներքին ընթացակարգերին վերաբերող դրույթները սահմանվել են «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծով։ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ փաթեթից հանվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը։
Ներկայացնելով ԱԺ պետական—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը մասնավորապես անդրադարձել է «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագծին։
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ հարցի քննարկումը կշարունակի այսօր։
 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 303 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024