ՀՀ ԳԱԱ 2016թ. գործունեության հիմնական արդյունքները՝ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում.
Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ակադեմիայի 2016 թվականի գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախքան այդ Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են 2016թ. կյանքից հեռացած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների հիշատակը։
Մասնակիցներին է փոխանցվել Ն.Ս.ՕՏ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությունները։
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է ակադեմիայի կազմակերպությունների գիտական կարեւորագույն արդյունքներն ու կիրառական մշակումները, անդրադարձել հաշվետու տարում միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներին, գիտական կադրերի պատրաստման եւ գիտական հետազոտությունների ակտիվացման գործում ԳԱԱ ծրագրերին ու մի շարք այլ ուղղություններով 2016 թվականին ակադեմիայի գործունեությանը։
«2016 թվականին ԳԱԱ—ի գիտահետազոտական ինստիտուտներում եւ կենտրոններում շարունակվել են հիմնարար եւ կիրառական բնույթի գիտական մշակումները, պահպանվել է բարձր մակարդակի գիտական արդյունքների ստացման ավանդույթը։ Արտասահմանյան հեղինակավոր գիտական պարբերականներում տպագրվել է 831 գիտական հոդված։ Համաշխարհային հանրահայտ հրատարակիչների կողմից տպագրվել է 22 մենագրություն։ 2015 թվականի համեմատ ստացված արդյունքները պահպանել են հիմնարար բնույթի արդյունքների քանակը եւ նրանց գիտական մակարդակը»,–ասել է Ռադիկ Մարտիրոսյանը։
Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ նա մասնավորապես նշել է. «Միջազգային համագործակցության կարեւոր ուղղություններից է արտասահմանյան գիտական կենտրոնների կառույցների ստեղծումը Հայաստանում։ Այս ուղղությամբ արդյունավետ գիտական աշխատանքներ են իրականացվել ԳԱԱ—ի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի եւ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) միջեւ»։
ԳԱԱ—ն անդամակցում եւ համագործակցում է տարբեր միջազգային գիտական կառույցների եւ ակադեմիաների հետ։ Համագործակցող երկրների շարքում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ավստրիան, Ռումինիան, Մոլդովան, Վրաստանը, Տաջիկստանը, այլ երկրներ։
Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ հաշվետու տարում ՀՀ ԳԱԱ—ում անցկացվել է 63 ազգային եւ միջազգային գիտաժողով։
2017թ. հունվարի 1—ի դրությամբ ԳԱԱ կազմում ընդգրկված են 52 ակադեմիկոս եւ 57 թղթակից անդամ։ ԳԱԱ—ի աշխատողների ընդհանուր թիվը 4041 է, որոնցից 2444—ը գիտական աշխատողներ են։
Ժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանրապետության նախագահը նշել է՝ նկատի առնելով, որ հանրապետությունում այժմ նախընտրական քարոզչության ժամանակաշրջան է, զերծ կմնա ելույթից եւ պատրաստակամություն է հայտնել պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց առաջարկությունները։
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին ծննդյան 95—ամյակի կապակցությամբ՝ այդ նշանակալի հոբելյանի առթիվ մաղթել նրան առողջություն եւ ազգանվեր գործունեությունը շարունակելու ուժ ու կորով։
Անդրադառնալով այն հարցին, որ ակադեմիան շատ է քննադատվում, նախագահն ասել է. «Մեր հասարակության մեջ որեւէ մեկն ապահովագրված չէ քննադատությունից։ Կարծում եմ, այս երկրում ամենաքննադատվող կառույցը նախագահականն է, ամենաքննադատվող անձնավորությունը ես եմ։ Քննադատությունից ոչ ոք հաճույք չի ստանում, միայն երեւի մազոխիստները կարող են քննադատությունից հաճույք ստանալ։ Այդուհանդերձ, որոշ քննադատություններ, եթե առարկայական են, չարությամբ լեցուն չեն, ուղղված են աշխատանքներն ուղղելուն, միշտ կարելի է գտնել ռացիոնալ հատիկ։ Այն դիրքորոշումը, որ ազգային ակադեմիան մեզ պետք չէ եւ սպառել է իրեն, ես, բնականաբար, չեմ կիսում։ Եթե կիսեի այդպիսի մոտեցումը, վաղուց մենք այս ուղղությամբ քայլեր կտանեինք։ Իմ ցանկությունն է օպտիմալացնել այն մասը, որտեղ արդյունք չկա եւ ուժեղացնել այն հատվածները, որոնք աշխատում են, որոնք մեր երկրին պատիվ են բերում ու զարգացնում են գիտությունը»։
Սերժ Սարգսյանը, դիմելով ժողովի մասնակիցներին՝ ասել է. «Հանդուրժող եղեք, ակտիվություն ցուցաբերեք, ինքներդ խոսեք հաջողության մասին։ Սա էլ երկրորդ խնդիրն է, որ շատերը չեն ցանկանում հրապարակավ հակադրվել տգետներին, չեն ցանկանում, որովհետեւ վախենում են, որ «Ֆեյսբուքով», այլ կայքերով կսկսեն խոսել։ Հիմա, եթե ուզում ենք մեր տեսակետը պաշտպանել, պիտի անենք դա»։
Սերժ Սարգսյանը գիտությունների ազգային ակադեմիայի անդամներից ավելի շատ ակտիվություն ու նոր գիտական նվաճումներ է ակնկալում. «Ես կրկին ցանկանում եմ անդրադառնալ շատ—շատ մարդկանց պասիվությանը։ Գիտեք՝ ագրեսիվ փոքրամասնությունը շատ խնդիրների է խոչընդոտում։ Ուստի ես ակնկալում եմ, որ այն մարդիկ, ովքեր կարող են նոր միտք ասել, այն մարդիկ, ովքեր կարող են օգուտ բերել, մի փոքր ավելի ակտիվ լինեն։ Դուք էլ պիտի փոխվեք, ինչպես մենք ենք փորձում փոխվել։ Այդ փոփոխությունները բոլոր տեղերում անհրաժեշտ են, բայց փոփոխությունը ինքնըստինքյան հարց չի լուծում։ Փոփոխությունը պիտի հանգեցնի դրական արդյունքների»։
Դիմելով ներկաներին՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ նրանցից ակնկալում է ակտիվություն, գիտության մեջ նվաճումներ, ակնկալում է, որ այդ նվաճումները հնարավոր լինի օգտագործել պրակտիկայում, որ երիտասարդներին ավելի շատ ընդառաջեն. «Երիտասարդների փորձը քիչ է, բայց էներգիան շատ է։ Եվ շատ դեպքերում այդ էներգիայի առկայությունը լավ արդյունքներ է բերում։ Իհարկե, մեկ—մեկ բացասական էլ է լինում այդ էներգիան, սակայն հիմնականում լավ արդյունքներ է բերում։ Սա է իմ ակնկալիքը ձեզանից»։
Նա հավելել է, որ դեմ չի լինի՝ մայիսին կամ հունիսին, երբ ավարտված կլինեն քաղաքական գործընթացները, նեղ կազմով հավաքվել եւ քննարկել, թե ինչ քայլեր են հարկավոր երկրում գիտությունը զարգացնելու համար։
Անդրադառնալով ակադեմիայի անդամների բարձրացրած մտահոգությանը՝ կապված ժամանակակից գիտական սարքավորումների պակասի հետ, Սերժ Սարգսյանը նշել է. «Ակնհայտ է, այստեղ որեւէ կասկած չի կարող լինել, եթե ժամանակակից սարքավորումներ չկան, ապա տվյալ գիտահետազոտական հաստատությունը ուղղակի չի կարող լիարժեք գիտական գործունեություն ծավալել։ Բայց որքան ես տեղյակ եմ, այն ֆինանսավորումը, որ տրվում է, հաշվի է առնվում նաեւ սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտությունը։ Եթե խոսքը լրացուցիչ գումարներ հատկացնելու մասին է, ապա կոնկրետ ծրագիր պետք է լինի, եւ կոնկրետ գիտահետազոտական հաստատությունը լրացուցիչ ֆինանսավորում կստանա արդիականացնելու իր սարքավորումները։ Ընդհանրական մենք այսպես հնարավորություն չունենք մեր բոլոր գիտահետազոտական ինստիտուտներն արդիականացնելու»։
Նախագահն անդրադարձել է գիտական աստիճանի շնորհման երկաստիճան համակարգից միաստիճան համակարգի անցնելու մասին խոսակցություններին։
«Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ լուրջ տեսակետներ չեն եղել կամ աշխատանք չի իրականացվել, որ գիտական կոչման շնորհման միաստիճան համակարգի անցնենք։ Խոսակցություններ լսել եմ, հետաքրքրվել եմ, այդպիսի տրամադրություն չկա։ Որոշակի փոփոխություններ նախատեսվում են, բայց, համենայնդեպս, օրենքի նախագիծը գոյություն չունի, եւ ես չեմ տեսել»։
Նախագահը հավելել է, որ Հայաստանը պետք է համահունչ լինի եվրոպական գիտական միջավայրին, սակայն պետք է պահի իր առանձնահատկությունը։ «Ինչ էլ որ անենք, պետք է անենք մտածված եւ մասնագետների հետ լայն քննարկումներից հետո։ Առանց քննարկումների նման օրենքի նախագիծ չի լինելու»,–եզրափակել է Սերժ Սարգսյանը։
|