Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, եւ կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը։
Կարեն Կարապետյանը եւ Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների շուրջ։ Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Արմավիրի մարզում արեւային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման եւ զբոսաշրջության խթանման, արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի եւ տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու նաեւ տեղեկացրել, որ կառավարությունն ստեղծում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է որպես հարթակ պետություն–մասնավոր հատված համագործակցության ներքո համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար։ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը կարեւորում է ներդրողների, գործարարների հետ մշտական հետադարձ կապն ու բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու եւ հարմարավետ բիզնես միջավայր ձեւավորելու համար։
Ողջունելով կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ պարոն Էռնեկյանը նշել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը, եւ միաժամանակ պատրաստակամություն հայտնել իր ներկայացուցչի միջոցով ներգրավվել ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի աշխատանքներում։
|