ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ—ի անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի պատգամավորներին՝ Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար։
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ապա հիշեցրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները կդադարեն, եթե նա հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո 15—օրյա ժամկետում հետ չվերցնի այն։
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Վահրամ Բաղդասարյանը, իսկ խմբակցության քարտուղար՝ Գագիկ Մելիքյանը։
ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին մի շարք նախագծերի քննարկման հատուկ կարգի եւ արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշումները։
Ազգային ժողովը շարունակեց քննարկել նախորդ քառօրյայում ընդհատված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը։
Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության տեսակետը՝ Արծվիկ Մինասյանը կարեւորեց լրամշակված օրինագծի առաջարկած փոփոխությունները, թեեւ դրանք ամբողջովին չեն արտացոլում իրենց առաջարկները։ Մասնավորապես նա խմբակցության համար ընդունելի համարեց 76—րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչելը, ինչը նշանակում է, որ քաղաքացին պատասխանատվություն չի կրելու գումար չփոխանցելու համար։ Չկա նաեւ պարտադիր կուտակայինի բաղադրիչը, եւ խմբակցությունը չի կարող դեմ լինել նման առաջընթաց քայլին։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, քանի որ կառավարությունը փորձում է քաղաքական լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր անել՝ փորձելով հնարավորինս քիչ գումարներ վերադարձնել քաղաքացուն եւ առաջարկելով թողնել պարտադիր կուտակայինը։
ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Միքայել Մելքումյանը։ Ըստ նրա՝ նախագիծը չի տալիս այն հարցի պատասխանը, թե արդյոք կառավարությունը ռեֆորմը առաջ է մղելու, թե հրաժարվելու է նրանից։ Նրա տեղեկացմամբ՝ ԲՀԿ—ի դիրքորոշումը պայմանավորված է լինելու բարձրացված հարցերի վերաբերյալ կառավարության մոտեցմամբ ու քաղաքական դիրքորոշմամբ։
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եզրափակիչ ելույթում նկատեց, որ նախագծի հիմնական նպատակը տույժ—տուգանքներ չկիրառելն է, հանրությանը մտահոգող խնդիրների լուծումը եւ Սահմանադրական դատարանի հակասահմանադրական ճանաչած դրույթների իրավական կարգավորումը։ Որպես քաղաքական գնահատական՝ շեշտեց, որ ռեֆորմը շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ օրենքի նպատակն է առանձին կարգավորումների միջոցով ձեւավորել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման պահանջների լիարժեք կատարման համար անհրաժեշտ միջավայր, մինչեւ նշված որոշմանը համապատասխան կենսաթոշակային համակարգի հետագա բարեփոխումների ամբողջական իրականացումը։ Նախագծով 76—րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչվում, պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու պատասխանատվությունից, գործատուն մասնակիցների համար կուտակային վճարներ չի հաշվարկում եւ չի փոխանցում, եթե մասնակիցը գործատուին ներկայացնում է համապատասխան դիմում։ Նա տեղեկացրեց նաեւ, որ մասնակիցների համար ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա համապատասխան գումարները եւ պարտադիր կուտակային վճարների մասին անհատական տեղեկատվությունը փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին՝ անկախ մասնակիցների համար պարտադիր կուտակային վճարները հաշվարկվելու եւ փոխանցվելու հանգամանքից։
Ազգային ժողովը քննարկեց նաեւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսական հաշվառման կանգնելը իրականացնել կամավորության եւ անվճարության սկզբունքների հիման վրա՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով հաշվառվել հեռակա կարգով՝ համապատասխան կայքի միջոցով։ Ըստ հիմնական զեկուցողի՝ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս կերպ են վարվում աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում, որտեղ հյուպատոսական հաշվառման հիմնական իմաստը քաղաքացիներին արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու եւ նրանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունն է։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն բնակչության պետական ռեգիստրի համակարգի միասնականության, ամբողջականության եւ հավաքագրվող տվյալների ճշգրտության ապահովմանը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը առաջին ընթերցման ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներում ամրագրել որոշակի եւ անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք համակցության մեջ բավարար են գործուն զղջալու պաշտպանության միջոցի կիրառության համար։ Նախագծի ընդունման պարագայում քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասություն ունեցող մարմինը հնարավորություն կունենա գործով հավաքված եւ հետազոտված ապացույցների ուսումնասիրության արդյունքում առեւտրային կաշառք, կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը լուծել հստակեցված չափանիշների հիման վրա. դա իր հերթին կնպաստի նշված իրավիճակներում գործուն զղջալու ինստիտուտի արդյունավետ կիրառությանը։ Երկարացվում է համապատասխան վարչական իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եւ հնարավորություն է տրվում բացահայտված իրավախախտումների համար տույժ նշանակել դրանք կատարելուց հետո երկու տարվա ընթացքում։
«ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի ընդունման արդյունքում կուսակցությունների՝ նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունը այլեւս չի հանգեցնի շահերի բախման։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը ներկայացրեց նաեւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը։ Ոչ նյութական վնասի հատուցման կառուցակարգի ամրագրմամբ կապահովվի եվրոպական կոնվենցիան վավերացնելու արդյունքում ստանձնած պարտավորության կատարումը, իսկ քաղաքացիներին հնարավորություն կտրվի կոնկրետ դեպքերում ոչ նյութական վնասի համար ստանալու հատուցում։
Նախատեսվում է սահմանել, որ եթե ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել եվրոպական կոնվենցիայի 2—րդ (կյանքի իրավունք), 3—րդ (խոշտանգման արգելք) կամ 5—րդ (ազատության իրավունք) հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում, ապա այդ ֆիզիկական անձն իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։ Բացի դրանից, հատուցման իրավունք ունի նաեւ այն դատապարտյալը, ով արդարացվել է եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 3—րդ հոդվածում նախատեսված պայմաններում։
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ այսօրվա արտահերթ նիստում։
|