Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ջանքեր է գործադրում սպառնալիքների նվազեցման ուղղությամբ։ Այս առումով նշանակալի է ՀՀ եւ ԱՄՆ—ի կառավարությունների միջեւ գործող «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։
Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ուղղությամբ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել գիտական հետազոտությունների ոլորտում, մեր համաճարակաբանները, կենդանաբանները եւ վարակաբանները վերապատրաստվել են ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխան եւ այլն։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ ԱՄՆ—ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի ղեկավարած թիմի հերթական հանդիպման ժամանակ առաջինն անդրադարձ կատարվեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վերանորոգման ընթացքին։
Կարեւորելով համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքների որակի եւ ժամկետների պահպանման համար։ Տիկին Ջորջը հավաստիացրեց, որ աշխատանքները հարթ ընթանում են եւ կավարտվեն նախանշված ժամկետում։ «Հուսով եմ, որ 2016թ. մարտին մենք լաբորատորիան պաշտոնապես կփոխանցենք հայկական կողմին»,–ասաց նա՝ հավելելով, որ ծրագրի երկրորդ փուլում կիրականացվի Սյունիքի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի լաբորատորիաների վերանորոգումն ու արդիականացումը։
Նշենք, որ ծրագրի առաջին փուլում վերանորոգվում եւ արդիականացվում են Շիրակի եւ Տավուշի մարզերի լաբորատորիաները։ Էլիզաբեթ Ջորջը միաժամանակ շեշտեց, որ տպավորված է գիտահետազոտական աշխատանքների ձեռքբերումներով։ «Ծրագրի բոլոր բաղադրիչներով արձանագրվող հաջողությունները պայմանավորված են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ»,–ասաց տիկին Ջորջը։
Արմեն Մուրադյանը խիստ կարեւորեց ԱՄՆ—ի կառավարության աջակցությունը հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի վերանորոգման եւ արդիականացման գործում։ Նախարարը հույս հայտնեց, որ ԱՄՆ—ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի նաեւ կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման գործում։ «Մեր նպատակը կլինիկական լաբորատորիաների հավատարմագրումն է, եւ այս ենթատեքստում շատ կարեւոր է կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի առկայությունը»,–ասաց Արմեն Մուրադյանը՝ հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերի իրականացման համար։
|