ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 07:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 21 » Սահմանադրությունը պետք է կատարելագործվի /Իսկ օրենքներն ու իրավանորմերը առավելագույնս համապատասխանեցվեն Մայր օրենքին/
13:01
Սահմանադրությունը պետք է կատարելագործվի /Իսկ օրենքներն ու իրավանորմերը առավելագույնս համապատասխանեցվեն Մայր օրենքին/

Դեռեւս քննարկման փուլում գտնվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում որպես այլընտրանքային տարբերակ առաջարկվում է Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի մոդելը։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե Հայաստանում կանցկացվի 2016 թվականից ոչ շուտ։
ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման հարցում դեռեւս վերջնական եզրահանգման չի եկել, թե արդյոք պետք է անցում կատարել երկրի կառավարման խորհրդարանական մոդելի։ «Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգը» թեմայով հանրային քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը։
Հանձնաժողովը ներկայացրել է առայժմ այն մոտեցումը, թե ինչպես բարեփոխել գործող համակարգը։ Կան խնդիրներ, որոնք գործող համակարգի շրջանակներում այդքան լուծելի չեն։ Հունիսին պետք է ի մի բերվեն քննարկումների արդյունքները, հանձնաժողովում կլինի քվեարկություն, եւ հանձնաժողովի անդամները պետք է իրենց ամբողջական դիրքորոշումն արտահայտեն։
ՍԴ նախագահը տեղեկացրեց, որ արդեն հուլիսի 1—ին հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների լրամշակված փաթեթը պետք է ներկայացնի երկրի նախագահին, եթե հավանության արժանանա այն, արդեն կսկսվեն կոնկրետ փոփոխությունների փաթեթի աշխատանքները։
Քննարկման ժամանակ Գագիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ մարդու իրավունքներն ամրագրելուն եւ դրանց իրական պաշտպանությանը. «Մենք չենք կարողացել եվրոպական ու միջազգային սահմանադրական զարգացումների այսօրվա տրամաբանությանը համապատասխան հստակեցում մտցնել մարդու իրավունքների հարցում։ Մեր Սահմանադրության մեջ մարդու իրավունքները ներառված են հախուռն, ընդհանուր ձեւով, թերի լուծումները գործնականում հանգեցնում են իրավունքների ոտնահարման տարաբնույթ դրսեւորումների»։
Սահմանադրական բարեփոխումների հիմքում դրվում է հետեւյալ հիմնարար սկզբունքը. մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները պետության կողմից ճանաչվելով որպես բարձրագույն արժեք՝ պետք է պայմանավորեն իրավունքի գերակայության սկզբունքի անշեղ իրացումը եւ երաշխավորեն իրավունքով իշխանության սահմանափակումը։
Գ. Հարությունյանի խոսքով, այսօր առաջնահերթ խնդիրն է երաշխավորել, ապահովել այդ իրավունքները, այնուհետեւ իրավունքների պաշտպանության երաշխիքներն ամրագրել ու իրացնել։ Ըստ նրա, այս առումով Հայաստանի Սահմանադրությունը բարեփոխումների անհրաժեշտություն ունի։
Խնդիր են նաեւ հակասահմանադրական իրավանորմերով ակտերը. «Վերջին վեց տարիներին մեզանում հակասահմանադրական ճանաչված իրավանորմերը, օրենքները, դրույթներն ավելին են, քան նախկին Խորհրդային Միության 5—6 երկրներինը միասին վերցրած։ 2005 թվականին Սահմանադրության մեջ ամրագրվեց, որ Ազգային ժողովը պետք է երկու տարվա ընթացքում բոլոր իրավական ակտերը համաձայնեցնի սահմանադրական փոփոխություններին, սակայն մինչ օրս ես չեմ կարող տեսնել որեւէ ծրագրային մոտեցում այդ խնդրի առումով»։
Ըստ Գ. Հարությունյանի, տասնյակ իրավական ակտեր կան, որոնք չեն համապատասխանում Սահմանադրությանը։ ՍԴ նախագահի խոսքով, այդ խնդիրը հատուկ է նորանկախ երկրներին։
ՍԴ նախագահն ընդգծեց, որ օրենքները, իրավական ակտերը պետք է լինեն կանխատեսելի, հստակ, ոչ երկիմաստ։
«Սահմանադրական դատարանում քննության առնված գործերի 60 տոկոսը գրեթե դիմումատուները ներկայացնում են որպես իրավական անորոշություն, օրենքի բաց, իրավակարգավորման բաց։ Լրջագույն խնդիր է, որը պետք է Ազգային ժողովը լուծի, քանի որ սա իրավակարգավորման բաց է»,–նշեց Գ. Հարությունյանը։
«Իրավական ակտերում ցանկացած անորոշություն անխուսափելիորեն առաջացնում է հայեցողության սահմանների անորոշություն եւ ընդլայնում, որը ենթադրում է սուբյեկտիվիզմի դրսեւորում, սա էլ իր հերթին հանգեցնում է կոռուպցիոն ռիսկի, կամայականության դրսեւորման, վերջին հաշվով՝ իրավունքների ոտնահարման»,–ասաց Գագիկ Հարությունյանը։
«Աշխատանքային բոլոր տեսակի ռեսուրսները՝ մասնագիտական, փորձագիտական, կենտրոնացած են գործադիր իշխանության ձեռքում։ Ազգային ժողովն այս առումով գտնվում է թույլ վիճակում, դժվար է պատգամավորներից պահանջել բարձր պատրաստվածության աշխատանք»,–լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի այն դիտարկմանը, թե օրենսդրական բացերը հանգեցնում են մարդու իրավունքների ոտնահարման։
Ըստ Է. Մարուքյանի, ամեն մի պատգամավոր մեկ օգնական ունի, եւ ժամանակի առումով պատգամավորը չի կարող անդրադառնալ բոլոր խնդիրներին. Ազգային ժողովը քաղաքական մարմին է, յուրանքանչյուր պատգամավոր ազատ է իր նախաձեռնություններում։
Է. Մարուքյանը նշեց, որ 4—րդ գումարման Ազգային ժողովում գործել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է Սահմանադրական դատարանի որոշումները եւ ներկայացրել որոշակի նախաձեռնություններ։ 5—րդ գումարման Ազգային ժողովում, ըստ նրա, նման աշխատանքային խումբ չի գործում։
«Այս հարցը կքննարկենք Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, եւ հնարավոր է աշխատանքային խումբ ձեւավորվի, ու այն որոշումները, որոնք Սահմանադրական դատարանը կայացրել է կամ կայացնում է օրենքների հետ կապված, կքննարկվի աշխատանքային խմբի մակարդակով»,–ասաց պատգամավորը։
Ինչ վերաբերում է նոր սահմանադրության ընդունմանը, այլ ոչ թե հինը փոփոխելուն, Գագիկ Հարությունյանն ընդգծեց, որ շեշտը պետք է դնել հնի զարգացման վրա։
«Մեզանում այսօր սահմանադրական զարգացումները մտել են փակուղի, քանի որ վեց հիմնական խողովակներից, որոնցով կարող են սահմանադրական զարգացումներ տեղի ունենալ, չորսը փակված են կամ գրեթե փակված են, թողած է երկու հնարավորություն՝ նոր սահմանադրության ընդունում եւ սահմանադրական փոփոխություններ, լրացումներ»,–ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը՝ պատասխանելով «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ ներկայացուցչի հարցին, թե՝ արդյոք քննարկվե՞լ է նոր սահմանադրություն ընդունելու հարցը։
«Այո, հարցը քննարկման առարկա եղել է, բայց մենք գտնում ենք, որ այսօր Հայաստանում ավելի շատ պետք է շեշտը դնել սահմանադրական զարգացումների վրա, ոչ թե նոր սահմանադրության ընդունման, առավելապես հաշվի առնելով, որ մեր Սահմանադրությունն ունի չփոփոխվող հոդվածներ, որոնք իրենց սահմանադրաիրավական ուժը, բնույթը որեւէ կասկածի տակ չեն դնում եւ չափազանց կարեւոր են»,–նշեց Գ. Հարությունյանը։
«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ընդամենը մնացել են երկու հիմնական հարցերի շուրջ տարբեր մոտեցումներ, որոնց առնչությամբ եւս մոտեցումները էապես չեն տարբերվում։ Խոսքը երկրի կառավարման ձեւի փոփոխմանն է վերաբերում, եւ մյուսը՝ դատական ատյանների քանակի հետ կապված»,–ասաց արդարադատության նախկին նախարար, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ իրենք դեռեւս չեն կողմնորոշվում, թե վիճահարույց ինստիտուտների ներդրման հարցում ինչ մոտեցում ընտրել, եւ հանրային քննարկումները կվերացնեն այդ անորոշությունը։ hhpress.am
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 368 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024