ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 18:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 31 » Սահմանի վերաբերյալ հարց չի քննարկվում /Հայաստանն Արցախի անվտանգությունը վտանգող որեւէ քայլ չի անի/
12:28
Սահմանի վերաբերյալ հարց չի քննարկվում /Հայաստանն Արցախի անվտանգությունը վտանգող որեւէ քայլ չի անի/

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին Ղազախստանի ղեկավար Նորսուլթան Նազարբաեւի՝ ԼՂՀ—ի հետ կապված հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների ու կարծիքների առիթ է դարձել հայաստանյան քաղաքական շրջանակներում։
«Հայաստանի Հանրապետությունն եւ Լեռնային Ղարաբաղը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում եւ այդպես էլ կլինեն. սա անհերքելի է»,–լրագրողներին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ 
Նրա վստահեցմամբ, Աստանայում Հայաստանի Հանրապետությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրասիական միության անդամ երկրների հետ մինչեւ հունիսի վերջը անդամակցել ԵՏՄ—ին։
«Մնացել են մի քանի հարցեր, որոնք տեխնիկական ոլորտից են եւ վերաբերում են ներմուծմանն ու արտահանմանը։ Դրանց շարքում սահմանային որեւէ հարց չկա։ Չկա, որովհետեւ Եվրասիական միությունը այն կազմակերպությունը չէ, որը դրել է սահմանների խնդիր։ Մենք անդամակցում ենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ անդամակցելու ենք Եվրասիական տնտեսական միությանը, եւ Ղարաբաղի հարցի լուծումը դրա շրջանակում չէ։ Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ, որը զբաղվում է այդ հարցով, եւ այդ կազմակերպությունները որեւէ կապ չունեն սահմանային հարցերի ճշգրտման հետ»,–ասաց նա՝ ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացը թափանցիկ է, եւ կարիք չկա իրարանցում ստեղծել մայիսի 29—ին կայացած հանդիպումից հետո։
«Այդ իրարանցումը ոչ ինձ, ոչ ձեզ եւ ոչ էլ մյուսներին, առավել եւս մեր պետականությանը օգուտ չի բերում։ Եվս մեկ անգամ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եւ չի արել ու չի անելու այնպիսի բան, որը կվտանգի Արցախի ժողովրդի անվտանգությունը»,–հայտարարեց Աժ փոխնախագահը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի համար որեւէ անակնկալ Աստանայում չի եղել։ Ակնհայտ էր, որ Ղազախստանը հանդես է գալու որպես Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպան՝ իրականացնելով համապատասխան լոբբինգ, որովհետեւ Նազարբաեւը մի քանի անգամ տվել է առիթներ՝ այդպես կարծելու։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը դուրս է ինտեգրման այդ գործընթացներից եւ անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չկարողանա ամրագրել իր դիրքերը Եվրասիական տնտեսական միության մեջ։ «Բնականաբար, հիմնականն այստեղ Ղարաբաղի հարցն է, եւ երբ ասում էինք, որ «կամ, կամ»—ի հարց է դրվում, ուրեմն պետք է առաջնորդվես՝ քո կենսական անհրաժեշտությունից ելնելով։ Սպասելի էր, որ այս հարցն առաջանալու է, ու Ադրբեջանը փորձելու է այս անդամակցության միջոցով, Ղարաբաղի կարգավորման հետ կապված, իր համար նպաստավոր պայմաններ ստանալ։ Անընդունելի են այն քննարկումները, որոնք կատարվում են երրորդ, չորրորդ կողմերից ստացվող նամակների հիման վրա, դա բացարձակապես չի տեղավորվում միջազգային պրակտիկայի նորմերի մեջ, երբ խոսքը կոնկրետ երկրների միջեւ հարաբերությունների մասին է, բայց ինչ—որ մեկը դրսից նամակ է ուղարկում, որը պետք է ազդի այդ քննարկման վրա, երբ գիտենք, որ այդ մեկն աղավաղված ու ոչ ադեկվատ է ներկայացնում Ղարաբաղի հակամարտությունը»,–ասաց Արմեն Ռուստամյանը։
Ինչ վերաբերում է Նազարբաեւի՝ Ալիեւի նամակի ընթերցմանը ՀՀ նախագահի չարձագանքելուն՝ Ռուստամյանը նշեց. «Գիտե՞ք, այնպես չէ, որ հենց նույն պահին անպայման պետք է արձագանքես. դա ՈՒՀԱ հո չի՞, որ անպայման պետք է տվյալ պահին արձագանքես, որ դուրս գա՝ տեղը դրեցիր»։ Ա. Ռուստամյանը համոզմունք հայտնեց, որ առջեւում պատասխանելու առիթներ դեռ կլինեն։ Չպատասխանելը դեռ համաձայնության նշան չէ. «Ի՞նչ համաձայնության նշան, մանավանդ, երբ Նազարբաեւը միջնորդավորված է խոսում, անձամբ իր տեսակետները չի ներկայացնում։ Առջեւում դեռ կլինեն առիթներ, երբ կոնկրետ անդամակցության հարցը կլուծվի, ու առիթ կլինի, որ Նազարբաեւի բացած հարցից չխուսափենք, չանտեսենք այն ու պատասխան տանք»։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ հիշեցրեց, որ նման արձագանք եղել էր նաեւ Մինսկում, եւ Ղազախստանը մի քանի անգամ նման հայտարարություն հնչեցրել է։ «Ուղղակի պետք է պատրաստ լինել եւ ակտիվ քաղաքականություն տանել»,–ասել է Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ Ղազախստանը բոլոր հանձնաժողովներում, բոլոր կոնֆերանսների ժամանակ չի թաքցրել, որ պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ 
ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները, ի հաշիվ ազգային եւ պետական շահի, որեւէ արտաքին քաղաքական ձեռնարկում կամ որոշում չեն կայացրել եւ չեն կայացնելու։ Նախարարը վստահեցրել է, որ Հայաստանն ընտրել է ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը՝ ելնելով հենց ազգային շահերից։ Հայաստանն եւ Լեռնային Ղարաբաղը երկու հայկական պետություններ են, բայց մեկ միասնական տնտեսական, կրթական եւ մշակութային տարածք, նաեւ՝ միասնական պաշտպանական տարածք, որովհետեւ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Արցախի անվտանգության երաշխավորն է։ Եվ Արցախի ու Հայաստանի միջեւ մաքսակետ դնելը նա չի պատկերացնում։ «Նման տարբերակը մեզ համար անընդունելի է, եւ չեմ պատկերացնում, որ Հայաստանում բնակվող եւ աշխատող, հատկապես՝ քաղաքականությամբ զբաղվող որեւէ գործչի համար դա տարբերակ լինի։ Չեմ պատկերացնում մի գործչի, ով կարող է նման աբսուրդային տարբերակը լուրջ ընդունել եւ դա քննարկման առարկա դարձնել»,–ասել է նախարարը։ 
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը հետ կանգնի ԵՏՄ—ին անդամակցելու որոշումից, Աշոտյանը պատասխանել է, որ, որպես Եվրասիական միությանը ինտեգրվելու ջատագով, զերծ կմնա կտրուկ գնահատականներից ու կանխատեսումներից։ Նախարարը կարծում է, որ Ղազախստանն ակնհայտ նավթագազային շահեր ունի՝ Ադրբեջանի հետ կապված, գուցե նաեւ Ղազախստանի ու Ադրբեջանի նախագահներն իրար հետ ունեն մարդկային, ընկերային պարտավորություններ, բայց Նազարբաեւի հայտարարությունները չեն ազդելու աշխարհաքաղաքական որոշումների վրա, իսկ Ալիեւի նամակը չի ազդելու Հայաստանի անդամակցության գործընթացի վրա, որովհետեւ Հայաստանը հարավկովկասյան միակ երկիրն է, որը սկսել է անդամության գործընթացը, հետեւաբար՝ Հայաստանը պետք է Եվրասիական տնտեսական միությանը ոչ պակաս, քան Եվրասիական միությունը՝ Հայաստանին։
Աշոտյանը նշել է, որ Ադրբեջանն ակնհայտ մեծ խանդով է վերաբերվում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ շատ լավ հասկանալով դրա հետեւանքները, քանի որ նրանք լավ են հաշվել Հայաստանի համար բոլոր դրական հետեւանքները, որոնք կարող են ի հայտ գալ Եվրասիական միությանն անդամակցելուց հետո, եւ ամեն ինչ անում են դա կանխելու համար։ ՀՀԿ փոխնախագահը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանին չի հաջողվելու կանխել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ—ին, քանի որ դա Ադրբեջանից կախված չէ. «Ես կարծում եմ, որ Հայաստանը երեկ մատնանշած ժամկետներում կկատարի բոլոր քայլերը, որոնք թույլ կտան Հայաստանին միանալ Եվրասիական տնտեսական միությանը եւ արդեն 2015թ. հունվարից դառնալ այդ կառույցի լիիրավ անդամ։ Ես ինքս ինձ համար, որպես քաղաքացի, բացառում եմ մաքսակետի տեղադրումը։ Որպես գործիչ՝ ես ճնշումներ Հայաստանի վրա չեմ տեսել»։
Նա հիշեցրել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը բազմիցս նշել են իրենց շահագրգռվածությունը Հայաստանի անդամակցության վերաբերյալ։
«Իհարկե, Ղարաբաղը սփյուռք չէ, այլ մեր հայրենիքն է, եւ ակնհայտ է, որ Ալիեւն այլ կերպ չէր էլ կարող վարվել»,–ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ զարմանալով լրագրողների հարցից, թե հնարավո՞ր է Հայաստանի եւ Արցախի միջեւ անցակետ դրվի։
Նախարարը զարմանում է, ինչո՞ւ են ընդհանրապես Ալիեւի ասածները փորձում ցիտել։
Արցախում եւս «լուրջ» չեն վերաբերվում Նազարբաեւի հայտարարություններին։ «Սա ոչ մի առնչություն չունի Արցախի հարցի հետ։ Տնտեսական նախագիծ է, եւ այդտեղ հնչած բոլոր հայտարարությունները սպասելի էին։ Բնական է, որ Ղազախստանը պետք է հօգուտ Ադրբեջանի խոսեր»,–ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Նա ավելացրել է, որ կլինի այնպես, ինչպես որ եղավ ԱՀԿ—ին Հայաստանի անդամակցելու ժամանակ. «Նշանակում է՝ որեւէ բան չի փոխվելու անդամակցության դեպքում, ինչպես չի փոխվել ԱՀԿ անդամակցելուց հետո, այսինքն, մաքսակետերի մասին խոսելն անտեղի է։ Այդ ամենը որեւէ կերպ չի ազդելու Արցախի վրա»։
Ինչ վերաբերում է Ղազախստանի նախագահի՝ Ալիեւի նամակից մեջբերմանը, Դ. Բաբայանը անհեթեթություն է համարել այն. «Մյուս կողմից էլ, հնարավոր է դրանով փորձում են բալանսը պահել։ Որովհետեւ չի բացառվում, որ առաջիկայում Ադրբեջանը եւս ցանկություն հայտնի տնտեսական միության անդամ դառնալու։ Սակայն, այսքանով հանդերձ, պետք չէ այդ հարցերը կապել Արցախի հետ։ Չեմ կարծում, որ որեւէ կերպ այդ ամենը կանդրադառնա Արցախի վրա։ Համոզված եմ, որ չկա մեկը, ով Արցախի հաշվին փորձի ինչ—որ խնդիրներ լուծել։ Բացի դրանից, Հայաստանը դեռ ՄՄ—ին պետք է անդամակցի, որից հետո կարելի կլինի խոսել Եվրասիական տնտեսական միության մասին»։
Ի դեպ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը, մոտ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը կանդրադառնա Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ—ի անդամակցելու գործընթացների վերաբերյալ հարցերին։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 408 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024