ԵԽ—ի անդամ հանդիսացող մեր երկրում վերջին տարիներին քաղաքացիական հասարակության դերն էապես մեծացել է։ Բազմաթիվ օրինակները վկայում են, որ վերջինս ցանկություն ունի իր մասնակցությունը ցուցաբերել տեղական հարցերի լուծմանը, եւ անհրաժեշտ է, որ տեղական իշխանությունները նրան այդ հնարավորությունը ընձեռեն։ ԵԽ—ի անդամ պետություններում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման ուղիները քննարկելու, ինչպես նաեւ ԵԽ–ի անդամ երկրներում այս ոլորտում առկա դրական փորձը ներկայացնելու համար երեկ, ԵԽ—ում Հայաստանի նախագահության շրջանակներում, Մատենադարանի նոր մասնաշենքում անցկացվեց «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը։ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ողջունելով մասնակիցներին, ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որտեղ, մասնավորապես, ասված էր. «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները սահմանելիս մենք հատուկ կարեւորել ենք տեղական ժողովրդավարությունը, քանի որ այն հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է։ Այս ուղղությամբ ուշադրություն ենք դարձնելու տեղական եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության մակարդակի բարձրացմանը։ Եվրոպական փորձագետների մասնակցությամբ միջազգային նման ներկայացուցչական համաժողովը կարող է էական առաջընթացի համար նախադրյալներ ստեղծելու եւ աշխատանքների հետագա ուղղություններ նախանշելու լավ հարթակ հանդիսանալ։ Ուտրեխտ քաղաքում ընդունված տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին» լրացուցիչ արձանագրության դրույթներին համապատասխան, որն, ի դեպ, Հայաստանում ուժի մեջ կմտնի 2013 թվականի սեպտեմբերի 1—ից, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են լրացումներ, որոնք միտված են օրենսդրորեն ամրապնդելու քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բարձրացնելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը։ Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը բնակչության մասնակցելու նոր ինստիտուտ է ներդրվել։ Համայնքի 16 տարին լրացած բնակիչները հնարավորություն են ստացել համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Օրենքի մակարդակով կանոնակարգվել են համայնքի բնակիչների ընդունելությունների, հանրային հանդիպումների եւ քննարկումների կազմակերպման, ինչպես նաեւ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի իրականացման վերաբերյալ ավագանու անդամների պարտավորությունները։ Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում կհաջողվի նոր մոտեցումներ մշակել համայնքային գործերին բնակչության մասնակցության համար մատչելի, գործնական ու արդյունավետ մեխանիզմներ ներդնելու հարցում։ Դրանք կարող են ներդրվել Եվրոպայի խորհրդի երկրների ազգային օրենսդրություններում՝ ապահովելով տեղական ժողովրդավարությանը բնակչության ավելի լայնաշերտ ու անընդհատ մասնակցության մակարդակ»։ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ կոնֆերանսի ընթացքում կհաջողվի նոր մոտեցումներ մշակել համայնքային գործերին բնակչության մասնակցության համար մատչելի, գործնական եւ արդյունավետ մեխանիզմներ ներդնելու հարցում։ Դրանք կարող են ներդրվել Եվրոպայի խորհրդի երկրների ազգային օրենսդրություններում՝ ապահովելով տեղական ժողովրդավարությանը բնակչության ավելի լայնաշերտ եւ անընդհատ մասնակցության մակարդակ։ Արմեն Գեւորգյանը Հայաստանում համաժողովի անցկացումը բացառիկ հնարավորություն համարեց՝ տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության վերջին զարգացումները քննարկելու համար։ Նա նշեց, որ Հայաստանը կարեւորում է տեղական ժողովրդավարության ամրապնդումը եւ հանդես է գալիս որպես այդ սկզբունքը կարեւորող երկիր. «Տեղական ինքնակառավարման համակարգի ստեղծումից ի վեր լուրջ աշխատանք է տարվել այդ մարմինների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու, քաղաքացիներին այդ մարմինների որոշումների կայացմանը մասնակից դարձնելու ուղղությամբ»։ Փոխվարչապետի խոսքով, արձանագրված առաջընթացում լուրջ դերակատարություն ունեն ինչպես պետական մարմինները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ—ները, քաղաքացիական շարժումները։ Հաշվետվողականության վերաբերյալ լուրջ պահանջներ են արձանագրվել ՏԻՄ—ի մասին օրենքում, որոնք արդեն իրացվել են ՏԻՄ—երի առօրյա գործունեության մեջ։ «Համայնքային ընդհանուր ժողովներ, բյուջետային լսումներ, տեղական գործող խմբերի ստեղծում եւ նրանց ակտիվ մասնակցություն համայնքային խնդիրների բացահայտման եւ ծրագրերի իրականացման գործընթացում, ուղիղ եթերներ ավագանու նիստերից։ Այս ցանկը սպառիչ չէ եւ շարունակում է ընդլայնվել»,—ասաց Ա. Գեւորգյանը։ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ համաժողովի թեման դիպուկ է ընտրված։ «Մասնակցային ժողովրդավարական թեման չի կորցրել իր արդիականությունը, այլ ավելի առանցքային է դարձել եւ լուրջ մարտահրավեր է ոչ միայն հետխորհրդային երկրների համար»,— ասաց Մարգարյանը։ Նա նշեց, որ քաղաքացիական հասարակությունը դարձել է ավելի զգայուն եւ իշխանություններից ավելի արդյունավետ կառավարում է ակնկալում։ «Մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց կարծիքը հաշվի է առնվում, եւ իմ խորին համոզմամբ, որոշումների կայացման հարցում քաղաքացիների մասնակցությունը պետք է դառնա ժամանակակից ժողովրդավարական կառավարման անբաժանելի բաղադրիչը»։ Զարգացած տեխնոլոգիաների դարում սրընթաց փոփոխվող աշխարհն ինքն է առաջադրում պահանջներ, որոնց ինչպես միջազգային եւ ազգային, այնպես էլ տեղական մակարդակում անհրաժեշտ է համարժեք կերպով արձագանքել։ Տ. Մարգարյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել քաղաքացիներին որոշումների կայացման գործընթացում մասնակից դարձնելու ուղղությամբ։ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան ասաց, որ համաժողովը Հայաստանում եւ ԵԽ—ում Հայաստանի նախագահության ընթացքում կազմակերպելը պատահական չէ, քանի որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ արդեն վավերացվել է տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ՝ տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության իրավունք սահմանող Ուտրեխտի արձանագրությունը։ «Մասնակցության խնդիրը որպես գերակայություն ներառված է կոնգրեսի՝ 2013—2016 թթ. գործողություններում, որով մենք հաստատում ենք, որ ժողովրդավարության որակը կախված է ժողովրդավարական գործընթացներում քաղաքացիների մասնակցությունից»,— նշեց նա։ Համաժողովի ընթացքում եղան քննարկումներ «Արդյոք այսօր տեղական ժողովրդավարությունը հնարավոր է առանց ուղիղ մասնակցության», «Մասնակցային մոդել. Ուղիղ եւ ներկայացուցչական ժողովրդավարության միավորում», «Էլեկտրոնային ժողովրդավարություն. Քաղաքացիական մասնակցության նոր ձեւեր» թեմաներով։ Համաժողովն իրականացվում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում՝ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությամբ։ Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին նաեւ կոնգրեսի երկու՝ տեղական իշխանության եւ տարածաշրջանների պալատների նախագահներն ու անդամները, ինչպես նաեւ Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական փորձագետներ։ Հիմնական խնդիրը ֆինանսական ռեսուրսների սղությունն է
«Շատ ուրախալի է, որ Հայաստանում ժողովրդավարության ոլորտում առանձնակի հիմնախնդիրներ չկան»,–լրագրողներին ասաց Եվրախորhրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան՝ նշելով, որ, այնուամենայնիվ, կան որոշակի բացեր։ Նրա խոսքով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում Երեւանում հունիսի 18—ին տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը, ինչպես նաեւ հունիսի 19—ի «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը հնարավորություն կընձեռեն մասնակիցներին տեսնել, թե Հայաստանը ժողովրդավարության ճանապարհին ինչպիսի հաջողություններ է արձանագրել եւ ինչ խնդիրներ ունի։ Շտաայի դիտարկմամբ, կարեւոր է նաեւ այն, որ ԵԽ մոնիտորինգ իրականացնող խումբը հոկտեմբերին կժամանի Հայաստան եւ մշտադիտարկում կանցկացնի ժողովրդավարության վերաբերյալ։ Իսկ Հայաստանի իշխանությունների՝ վարչապետի, ԱԺ նախագահի եւ փոխվարչապետի հետ հանդիպումների ընթացքում նրան տեղեկացրել են, որ Հայաստանում իրականացվում են վարչատարածքային բարեփոխումներ, եւ իրավիճակը բարելավվում է։ Անդրադառնալով խնդիրներին՝ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը մատնանշեց համայնքների ֆինանսական ռեսուրսների սղությունը. «Դա ընդհանուր խնդիր է, որը եվրոպական շատ համայնքներ նույնպես ունեն։ Համայնքներն առանց բավարար չափով ֆինանսական միջոցների չեն կարող իրականացնել իրենց լիազորությունները եւ բարելավել բնակչության պայմանները»։ Նրա խոսքով, ԵԽ անդամ պետությունների տեղական ժողովրդավարության իրականացման օրինակը որպես դրական փորձ կարող է ծառայել Հայաստանի համար։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
|