ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 4 » «Թուրքական գարնան» սկիզբը /Չնայած երկրում տիրող իրավիճակին, Էրդողանը մեկնել է շրջագայության/
14:10
«Թուրքական գարնան» սկիզբը /Չնայած երկրում տիրող իրավիճակին, Էրդողանը մեկնել է շրջագայության/

Թուրքիայում իրավիճակը ծայրահեղ անհանգիստ է. այստեղ արդեն մեկ շաբաթ է՝ շարունակվում են զանգվածային ցույցերը կառավարության հրաժարականի պահանջով, որին մեղադրում են հասարակության իսլամացման մեջ։ Հազարավոր ցուցարարներ պարբերաբար ներխուժում էին Ստամբուլի Թաքսիմ հրապարակ։ Եթե նախորդ շաբաթվա ավարտին նրանք դա անում էին բնապահպանական լոզունգների ներքո՝ պահանջելով իշխանություններից դադարեցնել ծառահատումները Գեզի այգում զվարճանքների կենտրոնի կառուցման համար տեղ ազատելու նպատակով, ապա ներկայումս առաջին պլանում են քաղաքական կոչերը։ Նրանք պահանջում են իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ռեջեփ—Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Ստամբուլի հնագույն Բեշիքթաշ շրջանում գիշերը տեղի ունեցած բախումներն ամենաարյունահեղն էին՝ ակցիաների մեկնարկից ի վեր։ Մզկիթները, խանութները եւ համալսարանը ժամանակավորապես վերածվել են վիրավորներին օգնելու բժշկական կետերի։ Բողոքի միտինգի մասնակիցները գիշերվա ընթացքում բարիկադներ են պատրաստել. գիշերային ակցիային մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ։ 
Թուրքիայի մայրաքաղաքում իրավապահ մարմինները մի քանի անգամ կասեցրել են հազարավոր թուրքերի փորձերը՝ ներխուժելու այն տարածքը, որտեղ տեղակայված են կառավարական շինություններն ու Էրդողանի նստավայրը։ Քաղաքի տարբեր մասերում բռնկվում են ուժեղ բախումներ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Լրատվական գործակալությունների տվյալներով, Անկարայում ձերբակալվել է մոտ 200 մարդ, իսկ ողջ Թուրքիայում՝ մոտ 2 հազար։
Մայրաքաղաքում ոստիկանական ստորաբաժանումները ցուցարարներին հեռացրել են քաղաքի կենտրոնական թաղամասերից՝ օգտագործելով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։ Արհմիությունների տեղեկություններով, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում՝ ոստիկանների շրջանում, ում ուղղությամբ ցուցարարները քարեր եւ ապակյա տարաներ էին նետում։ Վերջին տվյալների համաձայն, ողջ Թուրքիայի տարածքում անցկացվող ցույցերի ժամանակ ոստիկանների հետ բախումներից վիրավորվել է մոտ 530 մարդ։
Բողոքի ակցիաների ալիքը տարածվել է Թուրքիայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում՝ Իզմիրում, Ադանայում, Սամսունում, Գազիանթեփում։ Ընդհանուր առմամբ Թուրքիայի 67 քաղաքներում անցկացվել է ավելի քան 235 բողոքի ակցիա։ Անկարայում հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են քաղաքային այգում եւ ալկոհոլային խմիչքներ են օգտագործում՝ այս կերպ բողոքելով ալկոհոլի վաճառքի եւ գովազդի նկատմամբ վերջերս ընդունված սահմանափակումների դեմ։ Իզմիրում ընդդիմադիրները այրվող շշեր են նետել իշխող կուսակցության գրասենյակի ուղղությամբ։ Շենքում հրդեհ է բռնկվել, որը շուտով հնարավոր է եղել մարել։ Քաղաքներում այրվել են ավտոբուսներ, ծառեր, 89 ոստիկանական, 42 անհատական, 18 կառավարական ավտոմեքենա։ Ոչնչացվել է իշխանություններին պատկանող չորս շինություն։
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այս իրադարձություններն անվանել է տագնապալի։ ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութողլուն կարծում է, որ բողոքի ցույցերը հարվածել են արտերկրում Թուրքիայի հեղինակությանը։
Ինչ վերաբերում է վարչապետ Էրդողանին, ապա նա խոստովանել է, որ որոշ դեպքերում ոստիկանությունը խիստ կտրուկ գործողությունների է դիմել։ Չնայած դրան, Էրդողանը չի հրաժարվում Ստամբուլի վերակառուցման ծրագրերից, քանի որ դա արվում է տրանսպորտային գերծանրաբեռնված իրավիճակը թեթեւացնելու համար։ Նա հայտարարել է, որ ցույցերի մասնակիցները իրենց գործողություններով կազմաքանդում են ժողովրդավարության հիմքերը։ Էրդողանի համոզմամբ, ցույցերի հետեւում կանգնած են դրսից ֆինանսավորվող խմբավորումներ։ Նա չի ընդունել ցուցարարների՝ իր հասցեին ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ իր կուսակցության ղեկավարության ընթացքում Թուրքիան զգալի տնտեսական առաջխաղացում է ունեցել։
Իշխանություններն անկարգությունների մեջ մեղադրում են ամենախոշոր՝ Ազգային—հանրապետական կուսակցությանը, որը, նրանց կարծիքով, կազմակերպել է բողոքի ակցիաները։ Որոշ թուրքական ԶԼՄ—ներ հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններն անվանում են «արաբական գարուն», արտաքին ուժերի կողմից կազմակերպված փորձ՝ ապակայունացնելու իրավիճակը երկրում։ Իրադարձություններին անդրադարձել է նաեւ իսրայելական «The Jerusalem Post» պարբերականը՝ նշելով, որ «արաբական գարնան հոգին» տեղափոխվում է Թուրքիա։
«Արդյո՞ք արաբական գարունը ճանապարհ է հարթել Թուրքիայի համար։ Թուրքերը, կարծես, արաբական ժողովրդի ներկայացումից հատված են կրկնօրինակում, որպեսզի քաղաքական փոփոխություն իրականացնեն։ Էրդողանն իր բնույթին համապատասխան է խաղում՝ անտեսում է ճնշումները եւ խոստանում շարունակել կառուցողական աշխատանքներ»,–նշում է պարբերականը։
«Մենք սա կարող ենք անվանել «թուրքական գարնան» սկիզբ»,–նշել է Վաշինգտոնում «American Enterprise» ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը։ Նա նշում է, որ ծավալվող իրադարձությունները լուրջ հարված են Էրդողանի կառավարությանը։ 
«Թուրքիայում սոցիալական կայունությունը փշրված է»,–նշել է «Heritage Foundation» հիմնադրամի ավագ գիտաշխատող Արիել Քոհենը։ Նա կարծում է, որ աշխարհիկների եւ իսլամիստների միջեւ բեւեռացումը կավելանա, եւ ավելի շատ բռնություններ տեղի կունենան ապագայում։
Կիրակի ուշ երեկոյան Սպիտակ տունը հանդես եկավ հակամարտող կողմերին ուղղված կոչով՝ կարգավորել իրավիճակը, եւ հիշեցրեց Թուրքիայի իշխանություններին, որ խաղաղ ցույցերը ժողովրդավարական կամարտահայտման մի մասն են։ Նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԵՄ անվտանգության քաղաքականության եւ միջազգային հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը։ Իրաքի վարչապետ Նուրի ալ—Մալիկին կոչ արեց Անկարային՝ թույլ չտալ հակակառավարական ցույցերի ընթացքում բռնության աճ։ Նրա խոսքով, Թուրքիայում իրավիճակի վատթարացումն ուղղակիորեն կազդի Մերձավոր Արեւելքի վրա։
Երկուշաբթի Սիրիայի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին կոչ արեց անվտանգության նկատառումներից ելնելով՝ զերծ մնալ Ստամբուլ այցելություններից։ Արտգործնախարարության հաղորդագրության մեջ նաեւ նշվում էր, որ Թուրքիայի կառավարությունն իր քաղաքացիների դեմ ուժ է կիրառում, ինչը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։
Թուրքիայում սկսված հակակառավարական բողոքի ակցիաների հետ կապված Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել հրաժարական տալ։ Ասադը Ստամբուլում տեղի ունեցող բողոքի ցույցերի՝ կառավարության կողմից դաժան ճնշումն անվանել է մարդու իրավունքների աղաղակող խախտում եւ նշել, որ ինքը պաշտպանում է թուրք ժողովրդի արդարացի պահանջը։ «Նման հակաժողովրդական ռեժիմները, ինչպիսին Էրդողանի ռեժիմն է, պետք է հեռանան»,–հայտարարել է Բաշար Ասադը։
Իսկ «Facebook»—ի իր պաշտոնական էջում երաժիշտ եւ երգահան Սերժ Թանգյանը գրել է. «Զարմանալի չէ, որ լրագրողներին առանց հիմնավորման բանտ նստեցնող եւ 1,5 միլիոն հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունը ժխտող կառավարությունը չի ամաչում խաղաղ ցուցարարների դեմ ուժ կիրառելուց։ Թաքսիմ հրապարակի Գեզի զբոսայգին, այն շրջապատող միջազգային հյուրանոցներով, կառուցվել է հին հայկական գերեզմանոցի վրա։ Ձեր այսօրվա պահվածքով չեք կարող թաքցնել անցյալի ոսկորները։ Ես ցնցված եմ Օբամայի եւ Էրդողան անունով երկերեսանու՝ Թուրքիայի վարչապետի մտերմությունից»։
Այս ամենի հետ մեկտեղ, «Anonymus» ցանցահենների խմբավորումը հարձակվել էր մի քանի թուրքական կառավարական կայքերի վրա՝ նման կերպ աջակցելով ցուցարարներին։ Կոտրվել է վարչապետի պաշտոնական կայքէջը, ինչպես նաեւ ներքին գործերի նախարարության կայքը։ 
Չնայած երկրում տիրող անկայուն իրավիճակին, Էրդողանը երկուշաբթի մեկնեց շրջագայության Հյուսիսային Աֆրիկայի երկրներով։ Մեկնելուց առաջ նա կրկին ամեն ինչում մեղադրեց ընդդիմությանը եւ ծայրահեղական խմբավորումներին։ hhpress.am

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Կատեգորիա: Տարածաշրջան | Դիտումներ: 525 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024