Թուքիայում բողոքի ցույցերը վերսկսվել են։ Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի տվյալների համաձայն, այդ օրը շուրջ 10 հազար ցուցարարներ էին հավաքվել Թաքսիմ հրապարակում, որոնց ցրելու նպատակով ոստիկանությունը նախ բարձր ճնշումով ջրաշիթեր է օգտագործել, ապա հրապարակամերձ փողոցներում՝ նաեւ արցունքաբեր գազ։ Ոստիկանությունն իր քայլն արադարացրել է նրանով, որ հավաքը խցանումների պատճառ է դարձել։ Ըստ «Հուրիեթի», ոստիկանությունն Անկարայի ցուցարարներին ցրելու նպատակով նույնպես արցունքաբեր գազ է կիրառել, նաեւ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջեւ։ «Թաքսիմի համերաշխություն» նախաձեռնող խմբի առաջարկությամբ ցուցարարները հրապարակ էին եկել ձեռքներին մեխակ բռնած, ինչը, թերեւս, նշանակում է, որ Թուրքիայի հնարավոր հեղափոխությունը հավանաբար «մեխակների հեղափոխություն» է կոչվելու։ Նույն օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամսուն քաղաքում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալով, նշել է, որ վերջին երեք շաբաթների ցույցերը հարվածել են երկրի հեղինակությանը եւ տնտեսության որոշ ոլորտների։ Նա կրկին շեշտել է, թե դրանք ղեկավարվում են արտերկրից, մեղադրելով արտերկրյա ԶԼՄ—ներին ու Թուրքիայի թշնամիներին, անգամ չակնարկելով, թե ում նկատի ունի։ Ըստ երեւույթին այս հարցում ապավինում է սեփական փորձին, երբ Եգիպտոսում, Լիբիայում եւ Սիրիայում կանգնել է իսլամիստական շարժումների՝ «Մուսուլման եղբայրների» կողքին։ Հետաքրքիր է, որ Էրդողանը միաժամանակ ձգտել է նույնացնել Բրազիլիայի եւ Թուրքիայի բողոքի ցույցերը՝ շեշտելով, թե Թուրքիան ու Բրազիլիան նույն սադրանքի զոհ են։ Նա հավելել է, թե նրանք, ովքերը պարտություն են կրել Թուրքիայում, այժմ ջանք չեն խնայում անկայունացնել նաեւ Բրազիլիան։ Սա այն դեպքում, երբ Բրազիլիայի ցույցերը հանրային սպասարկման ոլորտում թերությունների ու կոռոպցիայի դեմ են, իսկ այդ երկրի նախագահը հայտնել է, թե լսել է ցուցարարների ձայնը եւ որ կառավարությունը լուրջ բարեփոխումներ կիրականացնի։ Թուրքիայի մեկնաբանների կարծիքով, հնարավոր է, որ ցուցարարները ժամանակավորապես լռեն՝ հաշվի առնելով իշխանությունների հայտարարությունները, թե Թաքսիմ մտնող ցուցարարն ահաբեկիչ է, սակայն նրանք չեն հրաժարվի իրենց պահանջներից։ Իսկ Բրազիլիայի ցույցերի հետ համեմատելով ու նույնացնելով՝ Էրդողանը ձգտում է հարցը կապել երկրի անվտանգության հետ, որպեսզի պատճառաբանվի զինված ուժերի հնարավոր միջամտությունը։ Հատկանշական է նաեւ, որ քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը եւս մեղադրում է Էրդողանի կառավարությանը այն բանի համար, որ երկրում ստեղծված իրավիճակի պատրվակով վերջինս անտեսում է քուրդ—թուրք հաշտության շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Մինչդեռ Էրդողանի խորհրդական Յալջին Աքդողանը, նշյալ եւ «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) մեղադրել է ստեղծված իրավիճակը չարաշահելու համար, որպեսզի իրենց դիրքերը ամրապնդեն, ուստի ճնշում են գործադրում կառավարության վրա։ Այս առնչությամբ հատկանշական են արաբ մեկնաբան Լեյլի Ալ Ռեհբանի տեսակետները Թուրքիայում տեղի ունեցող դեպքերի մասին, որոնք զետեղված են նրա «Էրդողանիզմի վերջի սկիզբը» հոդվածում, որը լույս է տեսել «Ալ շարկ ալ—ջադիդ» (Նոր Արեւելք) կայքում։ Նա շեշտել է, որ Էրդողանն այժմ համտեսում է այն թույնը, որ ինքը արաբ որոշ ղեկավարներին հրամցնելու հարցում կարեւոր դեր է ունեցել։ Ալ Ռեհբանին նշում է, որ Էրդողանը նույն մեղադրանքներն է հնչեցնում իր երկրի երիտասարդների հասցեին՝ նրանց ծայրահեղական, ահաբեկիչ անվանելով եւ շեշտում է, թե իր երկիրը ենթարկվել է օտարերկրյա սադրանքների։ Նույն խոսքերով էին որակում արաբ ղեկավարները՝ Հոսնի Մուբարաքը, Թունիսի առաջնորդ Բեն Ալին եւ Լիբիայի նախագահ Քադաֆին, մինչդեռ Էրդողանը նրանց ժողովրդի պահանջներին ուշադրություն դարձնելու անհրաժշտության դասեր էր տալիս։ Ալ Ռեհբանին շեշտում է, որ թեեւ որոշ երկրներ գոհունակությամբ են վերաբերվում Թուրքիայի դեպքերին, սակայն բողոքի ցույցերը ծնող պատճառներն իշխող կուսակցության որդեգրած ներքին ու արտաքին քաղաքականությունն է։ Հոդվածի հեղինակը, անդրադառնալով Թուրքիայի ցույցերին դրականորեն տրամադրված երկրներին, շեշտում է, որ Իրաքն ու Սիրիան խիստ դժգոհ են Անկարայի միջամտություններից, որը ձգտում է դրանցում իշխանության բերել իսլամական վարչակարգ։ Իսկ Սաուդյան Արաբիան մտահոգված է, քանզի Անկարան ցանկանում է արաբական աշխարհում գրավել նրա պատմական տեղն ու դերն՝ ամենուր իշխանության բերելով «Մուսուլման եղբայրներին»։ Ինչ վերաբերվում է ՆԱՏՕ—ին եւ ԱՄՆ—ին, ապա վերջիններս ցանկանում են, որ Էրդողանը վերադառնա իր բնական «չափսերին», ով նաեւ նկրտումներ ունի վերականգնել Օսմանյան կայսրությունը։ Բացի այդ, ձգտում է իր տեսակետները Սիրիայի հարցում պարտադրել ՆԱՏՕ—ին ու Միացյալ Նահանգներին՝ պահանջելով ռազմական միջամտություն։ Բայց եւ այնպես ցույցերի դրդապատճառները Թուրքիայի բնակչության տարբեր խավերի, իսլամական եւ աշխարհիկ կուսակցությունների խիստ դժգոհություններն են։ Այդ թվում՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության բռնապետությունը եւ ընդդիմության անկարողությունը էրդողանիզմի վերելքը կանխելու հեղափոխական երիտասարդներին փողոց բերեց, քանզի կուսակցության անդամներին կոռումպացվածության մեջ մեղադրելուց զատ, որոշ տեղեկությունների համաձայն, Էրդողանի փեսան՝ Ստամբուլի քաղաքապետը, եւ Էրդողանը խիստ շահագրգիռ են Թաքսիմ հրապարակի կառուցապատման նախագծի իրականացմամբ։ Ալ Ռեհբանին ընդգծում է, որ Թուրքիայի ժողովուրդը զայրացած է նաեւ Սիրիայի զինված խմբերի բացահայտ հովանավորությունից, ինչի պատճառով վտանգվել են երկրի սահմանամերձ շրջանները։ Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ բնակչության 71 տոկոսը դեմ է Էրդողանի սիրիական քաղաքականությանը։ Հոդվածի հեղինակը կարեւորում է նաեւ տնտեսական գործոնը, շեշտելով, որ եթե այդ երկրում շարունակվող տնտեսական աճը 2011թ. հասավ գագաթնակետին, կազմելով 8,8 տոկոս, ապա 2012թ. 2,2 տոկոս կտրուկ անկումը լուրջ անդրադարձել է հասարակության միջին եւ ստորին խավերի, ինչպես նաեւ ուսանողության վրա։ Ալ Ռեհբանին, նշված եւ այլ փաստերը հաշվի առնելով, եզրակացրել է, որ Թուրքիայում բողոքի ցույցերը պայմանավորված են ներքին բազմաթիվ դրդապատճառներով, ուստի նույնիսկ եթե Էրդողանին հաջողվի ճնշել բողոքի ցույցերը, ապա դրանից Էրդողանը խիստ կթուլանա, ուստի հարկադրված կլինի Միջին Արեւելքում հզորագույն տերության ամբիոնը հանձնել այլ տերությունների։ hhpress.am
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
|