Տեղական արտադրության մոբայլ ծրագրերի եւ հայաստանյան օգտատերերի համար մշակված հավելվածները հասանելի կլինեն հայ հանրության բոլոր շրջանակներին։ Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ բացի հայկական թիմերից մասնակցություն կունենան նաեւ կազմակերպություններ ԱՊՀ երկրներից։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները համոզված են, որ մոբայլ հավելվածների մշակման առումով հայ մասնագետները բավական մեծ ներուժ ունեն եւ իրենց արտադրանքով կարող են աշխարհում մրցունակ լինել։
Նախաձեռնության հեղինակներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը եւ «Էմ լաբ Էկա» տարածաշրջանային մոբայլ հավելվածների լաբորատորիայի հայկական ներկայացուցչությունը։
«Մոբայլ հավելվածների ցուցահանդես–2014 եւ Pitching ներկայացումներ» թեմայով միջոցառումը կմեկնարկի մայիսի 30—ին երեւանյան հանրային տարածքներից մեկում՝ Սիրահարների այգում։ Ցուցահանդեսին կներկայացվեն այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են գրքեր հեռախոսում էջը, ինտերակտիվ այբբենարանը, տարադրամի լավագույն արժույթը բանկերում, կրթական եւ արկածային խաղերը եւ այլն։ Միջոցառմանը կհյուրընկալվեն մոբայլ ոլորտի ընկերություններ, ինչպիսիք են՝ «Օրանժ Արմենիան», «Ինսթիգեյթ Մոբայլը», «ԱրմԹաբը», «Սամսունգը» եւ այլն։
«Էմ լաբ Էկա»—ի տնօրեն Մարիամ Դավթյանը նշեց, որ ցուցահանդեսի կազմակերպումը անհրաժեշտ է՝ ելնելով Հայաստանում ստեղծվող հետաքրքիր ու բազմազան մոբայլ ծրագրային գաղափարներից եւ ոլորտում առկա մասնագիտական ներուժից։ Ըստ բանախոսի, տեղական պրոդուկտներն այսօր բավական մրցունակ են ամբողջ աշխարհում. «Մեր նպատակն է հայ օգտատերերին ցույց տալ թե՛ իրենց համար մշակված հավելվածները, թե՛ աշխարհում միլիոնավոր օգտատերերի կողմից կիրառվող ծրագրերը, որոնք գաղափարից սկսած մինչեւ վերջնական արդյունքը ստեղծվել են Հայաստանում, եւ այդ ծրագրերի հիման վրա ստեղծվել են կայուն ու զարգացող բիզնեսներ»։
Ցուցահանդեսը նպատակ ունի խթանել նաեւ նոր ստեղծվող ձեռնարկությունների գործունեությունը։ Այդ ուղղությամբ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ։ Ցուցահանդեսը բաղկացած է լինելու երկու մասից։ Ցուցահանդեսին կազմակերպությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, իսկ այցելուները տաղավարներում կկարողանան փորձարկել եւ ծանոթանալ մոբայլ հավելվածների հետ։ Ցուցահանդեսը բաղկացած կլինի նաեւ մրցույթներից, բաց դասից։ Այցելուները զուգահեռաբար կմասնակցեն նաեւ խաղային մրցաշարերին։ Android հենքով աշխատող թաբլեթի համար լավագույն ափփը մշակած կազմակերպությունը կստանա մրցանակ «Սամսունգ» ընկերության կողմից։ Անհատները եւս կկարողանան խաղերի գոտում մրցել տարբեր մոբայլ խաղերում՝ ցուցադրելով իրենց հմտություններն ու նորարար գաղափարները։ Մրցաշարի հաղթողը կարժանանա «Սամսունգ» ընկերության կողմից խաղարկվող թանկարժեք բջջային հեռախոսի։
Իսկ բաց դասը նվիրված է լինելու դպրոցի առաջին դասարանի աշակերտներին, որի ընթացքում նրանց են ներկայացվելու հայկական արտադրության շարժական համակարգիչները՝ ԱրմԹաբերի օգնությամբ։
«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանն էլ տեղեկացրեց ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվելիք մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբարի մասին, որի ընթացքում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով նորարար հավելվածների գաղափարների վրա։ Լավագույնները AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսական պարգեւ։ Միջոցառման արդյունքում հավելված մշակող թիմերը եւ անհատները կերաշխավորագրվեն «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից ֆինանսավորվելու համար։ Ի դեպ, կարող են ֆինանսավորվել մինչեւ 3 թիմեր։ Այս միջոցառման կարեւորությունը, ըստ Եվա Հյուսյանի, տարածաշրջանային ընդգրկվածությունն է։ Բացի հայ մասնակիցներից, ճամբարին մասնակցելու են նաեւ ԱՊՀ երկրներից ժամանած թիմեր, ինչը եւս, ըստ բանախոսի, փաստում է ՏՏ ոլորտում Հայաստանի՝ առաջատար լինելու մասին։ Արդեն ստացվել է մասնակցության 8—9 հայտ Ուկրաինայից, Ղազախստանից, Մոլդովայից, Տաջիկստանից։ «Շատ կարեւորում եմ այս միջոցառումը այն տեսանկյունից, որ ցուցահանդեսը թույլ է տալիս տեխնոլոգիական ոլորտին ինտեգրվել տնտեսության այլ ոլորտներ եւ հասանելի լինել հասարակությանը։ Այսօր Հայաստանում ունենք առավել դինամիկ զարգացող ոլորտ, որի մասին հասարակությունը եւ տնտեսության այլ ոլորտներ իրազեկված չեն։ Հուսով ենք՝ կունենանք շատ հյուրեր, այցելուներ, որոնք հնարավորություն կտան բացահայտել ոլորտում ունեցած մեր ներուժը, որն այսօր մրցունակ է ոչ միայն տարածաշրջանում, այլեւ համաշխարհային շուկայում։ Խնդիրը այդ առաջընթացը ապահովելն է»,– նշեց «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրենը։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի համոզմամբ, այս միջոցառումը տրամաբանական շարունակությունն է կատարված այն աշխատանքների, որոնց սկիզբը Հայաստանում դրվել է դեռեւս 3—4 տարի առաջ։ Խոսքը վերաբերում է այն իրադարձությանը, երբ «Նոկիա» ընկերության կողմից Հայաստանն ընտրվեց որպես տարածաշրջանային մոբայլ լուծումների հավելվածներ մշակելու լաբորատորիա, որը բացվել է նախորդ տարի։ Բ. Ենգիբարյանը հիշեցրեց, որ լաբորատորիան կոորդինացնում է բոլոր ԱՊՀ երկրները, բացի ՌԴ—ից։ Վերջին տարիներին, ըստ նրա, ՏՏ ոլորտում աճը դարձել է կայուն եւ տարեկան ապահովում է մինչեւ 20 տոկոս աճ։ Մոբայլ հավելվածների մշակման ուղղությամբ, Բագրատ Ենգիբարյանի համոզմամբ, եւս երկրում լուրջ զարգացումներ կան, եւ կան նաեւ պրոդուկտներ, որոնք աշխարհում լավագույն 50–ի մեջ են։ Ցուցահանդեսին իր մասնակցությունը կունենա նաեւ վենչուրային հիմնադրամի ներկայացուցչությունը, որը հնարավորություն կտա մասնակիցներին ներկայացնելու իրենց ծրագրերը։ Կազմակերպիչները վստահ են, որ առաջին անգամ տեղի ունեցող այս միջոցառումը կանցնի բարեհաջող, արդյունավետ եւ կդառնա ամենամյա։ Նշենք նաեւ, որ սկսնակ ընկերություններն արդեն մայիսի 31–ին հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները ռուսական Imperious Group եւ Granatus Ventures առաջին հայկական վենչուրային հիմնադրամներին։
«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանն էլ հավելեց, որ արդեն ունենք հարյուրավոր հավելվածներ՝ ստեղծված մասնագետների կողմից, եւ ավելի քան տասնյակ նորաստեղծ թիմեր, որոնք հաջողակ են, եւ, նրա համոզմամբ, իրենց հետ համագործակցության արդյունքում բազմաթիվ տեղական արտադրության հավելվածներ դարձել են համաշխարհային հիթեր։ «Հայաստանը տարածաշրջանում դառնում է առաջատար ՏՏ ոլորտում։ Մասնակիցների համար եւս հորիզոններ են բացվում՝ դառնալու հասանելի եւ ցույց տալու իրենց նվաճումները, ինչպես նաեւ հանդիպելու պոտենցիալ ներդրողների հետ»,–նշեց Գրիգոր Բարսեղյանը։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
|