Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18—ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ։ Նշված համայնքներից 22—ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում՝ միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 571 քաղաքացի, որոնցից 19—ը մինչեւ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը։ Որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17—ը։
2016 թվականի օգոստոսի 24—ին՝ ժամը 18.00—ին, լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը։ Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի 552 առաջադրված թեկնածուներից գրանցվել են 548—ը. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից համայնքի ղեկավարի թվով 4 թեկնածուների գրանցումը մերժվել է գրանցման փաստաթղթերը թերի լինելու հիմքով։ Ավագանու անդամի բոլոր 2 հազար 825 առաջադրված թեկնածուները գրանցվել են։
Օգոստոսի 24—ին՝ ժամը 18.00—ին, լրացել է նաեւ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից սեպտեմբերի 18—ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու ժամկետը։ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքը սահմանված կարգով ԿԸՀ են ներկայացրել իրենց հայտերը։
Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 ՏԸՀ—ներում։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ—ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից՝ մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում։
ՏԸՀ անդամների թափուր տեղերը սահմանված կարգով եւ ժամկետներում կլրացվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից։
|