ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 12 » Տոնական հանդիսություններ Արցախում /Հաղթանակած Շուշին արժանապատվորեն է ներկայանում իր ազատարարներին/
15:27
Տոնական հանդիսություններ Արցախում /Հաղթանակած Շուշին արժանապատվորեն է ներկայանում իր ազատարարներին/

Երեկ Արցախի ժողովուրդն աշխարհի հայության հետ նշեց իր ամենապայծառ ու նվիրական տոներից մեկը՝ մայիսյան եռատոնը, հորդաբուխ, հպարտ ու միասնական, ինչպես 1945—ի մայիսի 9—ին էր, երբ մեր պապերի ու հայրերի հերոսության եւ անձնազոհության շնորհիվ շուրջ 7 տասնամյակ առաջ կերտվեց մեծ հաղթանակը, իսկ 47 տարի անց, կրկնելով ավագների սխրանքը, հաղթանակ տոնեցին նրանց զավակները՝ գերությունից ազատագրելով հայոց Շուշին։
Առավոտյան մայրաքաղաք Ստեփանակերտում եռատոնի սկիզբն ազդարարեցին ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորական շարասյունները, որոնք հաղթական խրոխտ քայլերգերով անցան կենտրոնական փողոցներով՝ ստանալով ժողովրդի օրհնանքը։ Մարդիկ ի սրտե շնորհավորում էին միմյանց տոնի առթիվ, երախտիքի խոսքեր ուղղում պատերազմի վետերաններին ու հայրենիքի զինվորներին, ծաղիկներով շտապում հուշահամալիր՝ մեծ Հայրենականում եւ արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակը հարգելու։
Վերածննդի հրապարակից Ստեփանակերտի հուշահամալիր ձգվող բազմամարդ երթի մասնակիցներին միացան հայկական երկու հանրապետությունների կառավարական պատվիրակությունները, որոնց առաջնորդում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Նրանց ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՊԲ գեներալներ ու բարձրաստիճան սպաներ, մեծ Հայրենականի ու արցախյան պատերազմի վետերաններ, մեծաթիվ հյուրեր՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, այլ երկրներից։
Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի անունից ծաղկեպսակներ դրվեցին հուշարձանի պատվանդանին։ Ծաղիկներ դրվեցին ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների, հայկական երկու երկրների կառավարությունների, պաշտպանության նախարարությունների, պետական մի շարք կառույցների եւ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ՀՀ երկրապահ կամավորական միության եւ Արցախի վետերանների միության անունից։ Կառավարական պատվիրակության անդամներն այցելեցին նաեւ հուշահամալիրի հարեւանությամբ գերեզմանոցում ամփոփված մարտիկների շիրիմներին, ծաղիկներ դրեցին հուշաքարերին։
Այնուհետեւ ավտոմեքենաների շարասյունը ուղղություն վերցրեց դեպի հայոց բերդաքաղաք։ Տոնակատարության մասնակիցները կանգ առան Շուշիի մատույցներում՝ բարձունքի վրա կանգնեցված Տանկ—հուշարձանի մոտ, ծաղիկներ դրեցին պատվանդանին՝ խոնարհվելով մարտադաշտից չվերադարձած եւ Շուշիի հաղթանակը չվայելած տղաների հիշատակի առաջ։ Տոնակատարության մասնակիցների հաջորդ կանգառը բերդաքաղաքի կենտրոնական հրապարակն էր։ Այստեղ նրանք այցելեցին հայ ժողովրդի հերոս զավակ Վազգեն Սարգսյանի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցեցին սպարապետի հիշատակին։
Արցախին մատուցած մեծ ավանդի եւ Շուշիի ազատագրման 22—րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգեւով՝ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով, որը Շուշիում կայացած միջոցառման ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանձնել է ՀՀ նախագահին։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ տոնակատարության մասնակիցների թիվն անհամեմատ մեծ էր եւ, բնակաբար, միջոցառումների զգալի մասը տեղափոխվել էր Շուշի։ Քաղաքի մարզադաշտում կայացած տոնական համերգին հաջորդեցին մարզական միջոցառումները։ Ապա հյուրերը եղան Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ բացված ցուցահանդես—տոնավաճառում, ծանոթացան ժողովրդական արվեստի հարուստ ցուցանմուշներին, գնումներ արեցին՝ նախընտրելով մայիսյան հաղթանակը խորհրդանշող հուշանվերները։ Շուշին տոնակատարության մասնակիցների վրա անջնջելի տպավորություն թողեց հայկական եռագույն դրոշով՝ բերդաքաղաքի վրա սավառնող օդանավը, որն ասես արծվի պես տարածել էր թեւերն ու վերեւից հսկում էր քաղաքի անդորրը...
Դե, էլ ինչ տոն, որ տոնական սեղաներ չբացվեն ու բաժակներ չզրնգան քաղաքի բերդապարիսպների մոտ, ավանդական թթենու այգում հաղթանակած հայ զինվորի կենացը չնշվի, մարդիկ սրտաբուխ քեֆ չանեն ու բարձրաձայն չհնչեցվի. «Փառք Շուշիի, Արցախ աշխարհի համար ընկած հերոսներին»։ Ուրախություն եւ թախիծ միահյուսվել էին, եւ հիշողությունները՝ Շուշիի ռազմագործողության մասին, հերոսապատումներն առավել տպավորիչ, լուսավոր էին դարձնում օրվա խորհուրդը։
Տոնական միջոցառումների ծրագրում ներառված էր նաեւ պաշտպանության բանակի կողմից պատրաստված ռազմական, այսպես ասած, հատուկ «բեմադրություն»։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել էր սպառազինության ու ռազմական տեխնիկայի ցուցադրում, որի ականատեսներն էին տոնակատարության մասնակիցները։ Ներկաների վրա մեծ տպավորություն թողեցին նաեւ ՊԲ հետախուզական ստորաբաժանումների համարձակ ելույթները՝ ապացուցելով նրանց մարտական բարձր պատրաստվածությունը եւ զինվորական տեխնիկային տիրապետելու հմտությունը։ Մայիսյան եռատոնի միջոցառումները եզրափակվեցին տոնական համերգով, Ստեփանակերտում եւ բերդաքաղաք Շուշիում՝ հաղթանակի հրավառությամբ։


Շուշիի դասերը
 

Ի՞նչ են մեզ հուշում Շուշիի դասերը։ Ներկաների հետ զրույցի ժամանակ նրանք անկեղծ էին եւ փորձում էին իրենց խորհրդածությունները կիսել՝ հետադարձ հայացք ձգելով անցած օրերին։
Վարդան Բալայան, ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ գեներալ—մայոր. «Դժվար է գերագնահատել Շուշիի ազատագրման ռազմական նշանակությունը, որը հետագա հաղթանակների համար հուսալի նախապայման էր, հաջողությունների երաշխիք։ Հայը վերջնականապես հավատաց իր ուժերին, իսկ աշխարհը համոզվեց, որ հայ զինվորի ոգու առջեւ անզոր են անգամ բարձրաբերձ լեռներն ու ժայռերը։ Ուզում եմ երախտագիտությամբ հիշել այն մարդկանց, այն զորավարներին ու մարտիկներին, ովքեր արժանի ներդրում ունեցան փառավոր հաղթանակի ապահովման գործում. Արկադի Տեր—Թադեւոսյան, Աշոտ Ղուլյան, Գուրգեն Դալիբալթայան, Ֆելիքս Գզողյան, Վալերի Չիթչյան եւ շատ ու շատ անուններ։ Ռազմավարական տեսակետից դժվարամատչելի դիրքն ու մարտական գործողությունների հետ կապված մյուս հանգամանքները Շուշիի բարձունքի նվաճումը քիչ հավանական էին դարձնում։ Էլ չենք խոսում այն մասին, որ հակառակորդը մեծաքանակ զենք ու զինամթերքով, կենդանի ուժով մի քանի անգամ գերազանցում էր մեր ինքնապաշտպանական ուժերին։ Սակայն հայ զինվորի հաղթական ոգին անչափ բարձր էր, եւ նա գիտեր, թե ինչի համար էր պայքարում։ Ու պատահական չէ, որ նա արժանապատիվ հաղթանակ տարավ թշնամու նկատմամբ՝ ապացուցելով այն ճշմարտությունը, որ ինքն է բերդաքաղաքի օրինավոր տերն ու տիրակալը»։
Գուրգեն Մելիքյան, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան. «Ես ինձ անչափ երջանիկ ու բախտավոր եմ զգում, որ այսօր գտնվում եմ հաղթանակած Շուշիում։ Մայիսյան եռատոնը աշխարհի տարբեր ծագերից այստեղ է հավաքել հարյուրավոր հայերի։ Մենք ականատեսն ենք այն իրողության, որ Շուշին վեր է հառնել մոխիրներից ու դարձյալ մեզ է ներկայանում որպես մշակութային կենտրոն՝ իր կրթօջախներով, պետական թատրոնով, թանգարաններով, երաժշտական դպրոցով։ Ասել է թե՝ վերստին հայկական ոգին է թեւածում բերդաքաղաքում, եւ մնայուն արժեքներ են ստեղծվում։ Ու չես կարող ժխտել՝ այս ամենը յուրահատուկ հաղթանակներ են մեզ համար, որ ամրագրվում են մեր նորօրյա պատմության մեջ»։
Կարեն Քեբաբչյան, Մերձավոր Արեւելքի երկրներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ. «Միջազգային կառույցներում թող ոչ ոք չկասկածի, որ Արցախն անկախ, կայացած երկիր է՝ մարտունակ իր բանակով, պետական կառույցներով, իր ստեղծարար ժողովրդով, եւ որքան Բաքվում շուտ հասկանան եւ Արցախի իշխանությունների հետ նստեն բանակցային սեղանի շուրջ, ճանաչեն Արցախի ժողովրդի անկախությունը՝ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ, շահեկան կլինի հարեւան երկու երկրների համար։ Իսկ քանի որ միասնական են Հայաստանը, Արցախն ու սփյուռքը, պատմական հաղթանակներ դեռ շատ ու շատ պիտի տոնենք ազգովի»։ hhpress.am
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ–Շուշի
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 394 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024