ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 27.04.2024, 00:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 18 » ՏՏ ոլորտը ՀՀ արդիականացման ամենակարեւոր միջոցներից մեկն է /ՀՀ նախագահի 2015թ. մրցանակը հանձնվել է Եվգենի Կասպերսկուն/
13:26
ՏՏ ոլորտը ՀՀ արդիականացման ամենակարեւոր միջոցներից մեկն է /ՀՀ նախագահի 2015թ. մրցանակը հանձնվել է Եվգենի Կասպերսկուն/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է բարձր տեխնոլոգիաների ասպարեզում նշանակալի ներդրում ունեցած, կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկուն, ով արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2015 թվականի մրցանակին։
Նախագահը ողջունել է Եվգենի Կասպերսկուն եւ նրա տիկնոջը՝ Խու Շիրոնգին մեր երկրում՝ նշելով, որ Հայաստանը մեծ տեղ է հատկացնում իր տնտեսության կարեւորագույն ճյուղերից մեկի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։ Սերժ Սարգսյանը անգնահատելի է համարել այն աշխատանքը, որ կիբերանվտանգության ոլորտում իրականացնում է Եվգենի Կասպերսկու գլխավորած լաբորատորիան, եւ հաջողություններ մաղթել նրան այդ կարեւորագույն աշխատանքում։
Եվգենի Կասպերսկին նշել է, որ արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան՝ ամեն անգամ հասցնելով համատեղել աշխատանքը զբոսաշրջության հետ եւ հրաշալի տպավորություններ ունի երկրից։ Նա ընդգծել է, որ ՏՏ ոլորտում Հայաստանի առաջընթացը նկատելի է։
«Ես շատ ուրախ եմ այս հեղինակավոր մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Հպարտ եմ, որ համալրեցի նրա դափնեկիրների ցուցակը ՏՏ համայնքի իսկական լեգենդների հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել գործադիր խորհրդին՝ մրցանակի եւ երկրում այս ոլորտին մոտիկից ծանոթանալու հնարավորության համար։ Աշխարհը ավելի է համակարգչայնացվում ու թվայնացվում, եւ տնտեսության ու հասարակական կյանքի համար տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը շարունակում է աճել։ Մենք, անպայման, կշարունակենք աջակցել ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված Հայաստանի նախաձեռնություններին»,–ՀՀ նախագահի հետ հանդիպմանն ասել է Եվգենի Կասպերսկին։
Հանդիպումից հետո նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացած անձանց նվիրված փոստային բացիկի եւ հատուկ ծրարի մարման արարողությունը։
Նախագահի նստավայրում երեկ երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու եւ նրա տիկնոջ՝ Խու Շիրոնգի, տրվել է ընդունելություն։
Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ընդունելությանը հնչեցրած իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ամենադինամիկ զարգացող եւ ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հաջողություններն ու դինամիկան՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20—25% աճ, իսկ ՀՆԱ—ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 3%։ Հովիկ Մուսայելյանն անդրադարձել է նաեւ ՀՀ կառավարության եւ մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իրականացվող նախաձեռնություններին։ Նա հանգամանորեն ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար հանրապետության նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի եւ միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց եւ այս տարվա մրցանակակրին՝ Եվգենի Կասպերսկուն։
Ի դեպ, Եվգենի Կասպերսկին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի վեցերորդ դափնեկիրն է։ Առաջին մրցանակը 2010թ. ստացել է «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը, երկրորդը՝ 2011թ. «Էփլ Քոմփյութեր» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, երրորդը՝ 2012թ. «Սինափթիքս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, չորրորդը՝ Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության եւ «Թեքնո վիժն» ընկերության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, իսկ հինգերորդը՝ «Սիսկո» (Cisco) ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան։
Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Եվգենի Կասպերսկուն եւ այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով. «Հարգելի՛ պարոն Կասպերսկի,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Սրտանց ողջունում եմ ձեզ եւ բարի գալուստ եմ մաղթում Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր։
Ես մեծ հաճույքով հաճելի պարտականություն կատարեցի՝ պարոն Եվգենի Կասպերսկուն հանձնեցի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի այս տարվա մրցանակը։
Աշխարհով մեկ սփռված համակարգիչներից օգտվող միլիոնավոր մարդկանց համար «Կասպերսկի» եւ «Կասպերսկու լաբորատորիա» անունները հատուկ ներկայացնելու կարիք չկա։ Այս անունները մարդկանց առօրյայի մաս են դարձել՝ օգնելով բոլորին պաշտպանել սեփական տեղեկատվությունը։
Յուրաքանչյուր համակարգ կարող է լինել թերի ու խոցելի։ Համակարգերի թերությունները պետք է ուղղվեն, իսկ խոցելի հատվածները ճիշտ ժամանակին հայտնաբերվեն ու պաշտպանվեն ներքին ձախողումներից եւ առավել եւս՝ անհարկի միջամտություններից։ Հենց այստեղ է, որ արդեն ավելի քան քառորդ դար իր բեղմնավոր գործունեությունն է ծավալել պարոն Եվգենի Կասպերսկին՝ օգնության հասնելով միլիոնավոր օգտատերերի։
Վերջին տարիներին Հայաստանում թերեւս ամենակարեւոր ձեռնարկումներից մեկը եղել է հատուկ ուշադրությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ։ Համադրելով պետական եւ մասնավոր հատվածների ջանքերը՝ մեզ հաջողվել է այս ոլորտը դարձնել իսկապես ռազմավարական։ Եվ այստեղ, իհարկե, ամենաուրախալին մեր երիտասարդների շարունակական ներգրավումն է այս բնագավառում։
Այնուամենայնիվ, կարեւոր է գիտակցել, որ տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանի կյանքում զուտ տնտեսական գործոն չեն։ Այսօր այս տեխնոլոգիաների միջոցով Հայաստան է մուտք գործում արդիականությունը։ Ավելին, տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են Հայաստանի արդիականացման ամենակարեւոր միջոցներից մեկը։
Համակարգը բնութագրվում է ոչ թե սխալով, այլ սխալին արձագանքելու իր կարողությամբ։ Հենց այստեղ է, որ մեզ բոլորիս օգնության են գալիս համակարգչային վիրուսների եւ վնասակար տարրերի դեմ պայքարելու գործին լծված մարդիկ։ Նրանց շարքում Եվգենի Կասպերսկին եւ նրա ստեղծած լաբորատորիայում միավորված մասնագետները, իհարկե, զբաղեցնում են իրենց ուրույն եւ կարեւոր տեղը։
Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխարհով մեկ գլուխ բարձրացնում հետադիմական ուժերը, որոնք փորձում են խեղդել ժամանակակից աշխարհն ու արդիականացման գաղափարախոսությունը։ Չգիտեմ՝ արդյոք պարոն Կասպերսկին գիտի՞, թե ինչ հակավիրուս է մեզ անհրաժեշտ այդ չարիքի դեմ պայքարելու համար։ Սակայն վստահ եմ, որ արդի աշխարհն այնքան ճկուն եւ խոհեմ է լինելու, որ ի վերջո գտնելու է նաեւ այդ չարիքից պաշտպանվելու հակավիրուսը։ Եվ դա լինելու է արդիականության եւ արդիականացման հաղթական պատասխանը հետադիմության եւ տգիտության վիրուսին։
Հարգարժա՛ն պարոն Կասպերսկի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Կասկած չկա, որ Ձեր կատարած աշխատանքը գնահատված է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում։ Դուք եւ ձեր համախոհները նոր դռներ եք բացում մարդկության առջեւ, միաժամանակ նաեւ օգնում հուսալիորեն պաշտպանել այդ դռները։ Հայտնի է, որ ում շատ է տրված, նրա հանդեպ ներկայացվող պահանջներն էլ բարձր են։
Մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին առողջություն եւ ամենայն բարիք, նորանոր հաջողություններ Ձեր շնորհակալ գործունեության մեջ։ Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք միշտ հպարտանալու եւ ուրախանալու ենք Հայաստանի Հանրապետությունում։
Շնորհակալություն»։
Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Եվգենի Կասպերսկին. «Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ։ Մոտիվացնում եմ իմ աշխատակիցներին, իմ ընկերությունը, որպեսզի նրանք անեն իրենց կողմից հնարավոր ամեն ինչ, որպեսզի մենք աշխարհում այս աշխատանքն իրականացնենք ամենալավը։ Կարծում եմ, որ մենք դա անում ենք աշխարհում բոլորից լավ։ Սա իմ կյանքն է, սա իմ ճակատագիրն է, սա իմ առաքելությունն է։ Շատ շնորհակալ եմ պարոն նախագահին, շատ շնորհակալ եմ հանձնաժողովին, որն ընտրել է իմ թեկնածությունը ինձնից ոչ պակաս արժանի թեկնածուների ցուցակից, ես շնորհակալ եմ հովանավորներին, ովքեր աջակցեցին այս միջոցառմանը։ Եվ ես խոսք եմ տալիս, որ կաշխատեմ է՛լ ավելի լավ։ Մենք պետք է փրկենք այս աշխարհը՝ ոչ միայն կիբեր աշխարհը, այլեւ՝ ողջ աշխարհը, որովհետեւ հիմա արդեն չկա տարբերություն ավանդական ֆիզիկական աշխարհի եւ կիբեր տարածության մեջ։ Դրանք միահյուսված են, եւ մենք պետք է ստեղծենք աշխատանքի համակարգեր ու պայմաններ, որպեսզի կիբեր հարձակումները՝ խնդիրներ, որոնք մեզ պետք չեն, ուղղակի չլինեն։ Ես կանեմ ամեն հնարավորը, որ դա իրականանա։ Եվ այս պարգեւը հերթական շատ լուրջ խթան է այս աշխատանքի մեջ։ Շատ շնորհակալություն»,–ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։
Մինչ այդ Եվգենի Կասպերսկին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիպել է ոլորտի ներկայացուցիչների ու ուսանողների հետ եւ հանդես եկել դասախոսությամբ։ Նա արժանացել է բուհի բարձրագույն պարգեւին՝ ոսկե մեդալի։ 
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 388 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024