«Վերջին» բառը փոքր—ինչ զգաստացնող, տագնապեցնող երանգ ունի։ Սակայն այդպես չէ «Վերջին զանգի» դեպքում։ Քանզի բոլորը հասկանում են, որ սա վերջը չէ, այլ նորի սկիզբը. նոր ընկերների, նոր զգացողությունների, նոր փոփոխությունների եւ նոր պատասխանատվության։ Եթե մինչեւ այժմ ավելի շատ ուսուցիչներն ու ծնողներն են կրել այդ պատասխանատվությունը, ապա հետայսու յուրաքանչյուր շրջանավարտ պետք լինի ավելի լրջախոհ ու պատասխանատու։ Մանավանդ որ ուսուցիչներն ու ծնողները նրանց տվել են անհրաժեշտ գիտելիքն ու կենսափորձը։
«Վերջին զանգն» այս տարի հնչեց Հայաստանի հանրակրթական դպրոցների 25 հազար աշակերտների համար։ Նրանց համար օրն անմոռանալի էր եւ այդպիսին էլ կմնա ամբողջ կյանքում։ Տոնական տրամադրությունը, որ թեւածում էր դպրոցներում, փողոցներում, հրապարակներում, լավ լիցքեր կհաղորդի երիտասարդներին, որոնցից յուրաքանչյուրն իր նպատակներն ունի այս կյանքում։ Իսկ պետությունը, հասարակությունը լիահույս են, որ վաղվա օրը հուսալի ձեռքերում է, որովհետեւ կյանք է մտնում հայրենասեր, նպատակասլաց նոր սերունդ։
|