Գլխավոր էջ » 2013»Հունիս»4 » Վարկառու գյուղացիներին կցուցաբերվի անհատական մոտեցում /Հայաստանյան բանկերը գնահատում են ռիսկերը/
14:12
Վարկառու գյուղացիներին կցուցաբերվի անհատական մոտեցում /Հայաստանյան բանկերը գնահատում են ռիսկերը/
Կարկտահարությունից տուժած գյուղացիների վարկերն ընդհանուրի մեջ մեծ տեսակարար կշիռ չեն կազմում եւ ֆինանսական կայունության վրա շոշափելի ազդեցություն չեն կարող ունենալ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։ «Գյուղատնտեսական նպատակներով վարկավորման ծավալները կազմում են շուրջ 115 միլիարդ դրամ կամ ընդհանուր վարկային ներդրումների մոտ 7 տոկոսը»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց նա՝ հավելելով, որ 2012թ. տվյալներով՝ «չաշխատող» է եղել գյուղատնտեսական վարկերի մոտ 5%—ը, ինչն, ըստ մասնագետի, շատ ցածր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գյուղատնտեսական գործունեության ռիսկայնությունը։ Նա նշեց, որ ներկայում հողօգտագործներին վարկեր տրամադրած բանկերը բանակցություններ են վարում գյուղացիների հետ վարկերի պայմանները վերանայելու ուղղությամբ։ «Բանկերն ավելի շատ նախընտրում են իրենց տոկոսային եկամուտների հաշվին մասնակի փոխհատուցել գյուղացիների կորուստները»,–ասաց նա՝ նշելով, որ վարկերի սառեցման տարբերակը չի դիտարկվում, քանի որ դա իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։ Մայիսի 12—ին տեղացած կարկուտը մեծ վնասներ էր հասցրել Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի պտղատու ծառերին եւ ցանքատարածություններին։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել էր կարկուտից տուժած գյուղացիների հետ եւ նրանց հավաստիացրել, որ պետությունն իր ամբողջ գործիքակազմով պետության կողքին է։ Հատուկ գյուղացիներին աջակցելու գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ է բացվել, որի վրա բազմաթիվ պաշտոնյաների եւ պետական կառույցների կողմից գումարներ արդեն փոխանցվել են։ Իրենց հերթին առեւտրային բանկերը խոստացել են անհատական մոտեցում ցուցաբերել իրենց բանկերում վարկեր ունեցող եւ կարկտահարությունից տուժած բոլոր գյուղացիներին։ Համաշխարհային տնտեսությունում առկա անորոշությունները եւ ոչ միանշանակ դրական զարգացումները էական բացասական ազդեցություն չեն ունեցել Հայաստանի ներքին տնտեսության վրա, տեղեկացրեց Անդրանիկ Գրիգորյանը։ «Առավել շոշափելի են եղել տնտեսական իրավիճակը Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում եւ այդ երկրներից փոխանցված ազդակները։ Ռուսաստանում եւ Եվրամիության որոշ երկրներում տնտեսական վերականգնումն էապես չի դանդաղել, ինչը խոչընդոտ չի Հայաստանի արտաքին առեւտրի եւ բնակչության եկամուտների աճի համար»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց նա՝ ընդգծելով, որ պահպանվել է Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանման ծավալների 31.5 տոկոս եւ մասնավոր տրանսֆերտների ներհոսքի 11.7 տոկոս աճը։ Ընդհանուր գնահատականներով՝ Հայաստանի ֆինանսական կայունությունը անցած տարի պահպանվել է բավարար մակարդակի վրա, իսկ ֆինանսական ռիսկերի աճ չի դիտարկվել։ «Համաշխարհային տնտեսության եւ ներքին մակրոտնտեսական միջավայրի զարգացումները բացասական ազդեցություն չեն ունեցել ֆինանսական համակարգի ռիսկերի մակարդակի վրա, իսկ համակարգը արձանագրել է ակտիվների եւ շահութաբերության աճ»,–ասաց Գրիգորյանը։ Նա նշեց, որ 2012թ. ընթացքում Հայաստանի ֆինանսական կայունության վրա ազդող արտաքին միջավայրից փոխանցվող հիմնական ռիսկերը եւ հետագա զարգացումների հետ կապված անորոշությունները պահպանվել են, մինչդեռ արդյունաբերական նշանակության հումքային ապրանքատեսակների միջազգային գների պահպանումը, ինչպես նաեւ տրանսֆերտների ներքին հոսքի եւ ներքին պահանջարկի շարունակական աճը նպաստել են ՀՆԱ, արտահանման ծավալների եւ բնակչության եկամուտների աճին՝ դրականորեն անդրադառնալով նաեւ ֆինանսական կայունության վրա։ «Միեւնույն ժամանակ, բանկային համակարգը շարունակել է ակտիվ վարկավորումը՝ համակարգում առկա ռիսկերը պահպանելով կառավարելի շրջանակներում»,–ասաց Գրիգորյանը։ 2012թ. ֆինանսական համակարգի վարկավորման ծավալները զգալի աճել են, ինչի արդյունքում պահպանվել են ֆինանսական միջնորդության խորացման միտումները։ Ֆինանսական համակարգի ակտիվների եւ ՀՆԱ հարաբերակցությունն ավելացել է 8.1 տոկոսային կետով՝ տարեվերջին կազմելով 67.1 տոկոս։ «ՀՆԱ աճի նկատմամբ վարկերի առաջանցիկ աճի արդյունքում բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի եւ ՀՆԱ հարաբերակցությունը եւս ավելացել է 7.1 տոկոսային կետով եւ կազմել է 38.6 տոկոս»,–ասաց Անդրանիկ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ տարվա ընթացքում վարկերի ծավալների բարձր աճի պայմաններում բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվը նվազել է։ Այնուհանդերձ, բանկային համակարգը ամբողջ տարվա ընթացքում պահպանել է նորմատիվային պահանջներից բարձր կապիտալի համարժեքության, իրացվելիության ցուցանիշներ, կառավարելի շուկայական ռիսկեր։ 2012թ. Հայաստանում արձանագրվել է 7.2 տոկոս տնտեսական աճ։ Աճն ապահովվել է տնտեսության բոլոր ճյուղերում, այդ թվում եւ շինարարության ոլորտում, որտեղ արդեն իսկ արձանագրվել է բնակչության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների աճ։ Աճը տնտեսության ճյուղերում զուգորդվել է նաեւ մասնավոր տրանսֆերտների, գործոնային եկամտի եւ անվանական աշխատավարձի աճերով։ Նման զարգացումները նպաստել են տնտեսությունում եկամուտների աճին՝ միաժամանակ նպաստելով ձեռնարկությունների եւ բնակչության ֆինանսական կայունության ամրապնդմանը։ ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կայունության հաշվետվությունը պատրաստվում եւ ներկայացվում է կիսամյակային պարբերականությամբ եւ ներկայացնում է ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող ռիսկերի, ինչպես նաեւ ֆինանսական համակարգի այդ ռիսկերին դիմակայելու ունակության ընդհանուր գաղափարը։ Հայաստանյան բանկերը կարող են կլանել տնտեսական համակարգում վճարունակության եւ վարկունակության հետ կապված խնդիրների ռիսկերը, որոնք կարող են առաջանալ առաջիկայում հնարավոր թանկացումների հետեւանքով, վստահեցրեց Անդրանիկ Գրիգորյանը։ «Քանի որ մենք ֆինանսական տեսանկյունից ունենք բավականին լավ կապիտալացված բանկեր, ուստի կարող ենք ասել, որ այս առումով մենք ապահով ենք, մեր բանկերը լիովին կարող են կլանել նմանատիպ ռիսկերը»,–հայտարարեց Անդրանիկ Գրիգորյանը։ Վարչության պետը տեղեկացրեց, որ այս պահին իրենք սթրես—թեստեր են անցկացնում՝ գնահատելու, թե բանկերը որքան ժամանակ կկարողանան դիմակայել թանկացումներին եւ ամեն տիպի ռիսկերի ազդեցություններին՝ ընդգծելով, որ այդ սթրես—թեստերը բավականին խիստ են։ «Եթե բանկերի բոլոր չաշխատող ակտիվները միանգամից դուրս գրվեն, բանկերում կապիտալի համարժեքությունը կմոտենա իր նվազագույն թույլատրելի սահմանին, սակայն բանկային համակարգի հետ մենք խնդիրներ չենք ունենա»,–ասաց նա։ Ըստ Գրիգորյանի՝ եթե անգամ շատ վարկեր դառնան ժամկետանց, ֆինանսական կայունության տեսանկյունից բանկերը խնդիրներ չեն ունենա, քանի որ դրանք շատ զգուշավոր են՝ հաշվի առնելով տարբեր տեսակի տատանումները։