Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչեւ տարեվերջ ավարտել եւ ամփոփել նախորդ նիստերին տրված բոլոր հանձնարարականները։
Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաեւ ամփոփել եւ հաշվետվություններ ներկայացնել 2016թ. վերաբերյալ, վերանայել 2017թ. միջոցառումների ծրագրերն ու գերակա խնդիրները։
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին գործադիրի ղեկավարը հանձնարարել է ավարտել մարզերի անձնագրի ձեւավորումը, որտեղ կամրագրվեն մարզը բնութագրող ցուցանիշները։ «Կոորդինացնել մարզպետների հետ աշխատանքը՝ համայնքների բյուջեների համեմատության եւ վերլուծության առումով։ Ինչ նկատի ունեմ՝ երկու օր առաջ Վայոց ձորի եւ Արարատի մարզեր կատարած այցելությունների ժամանակ համայնքների բյուջեի, բնակչության քանակի համեմատությունները տալիս են բավական լուրջ ինֆորմացիա, որի հիման վրա մենք կարող ենք կանխատեսում անել համայնքային բյուջեների հնարավորությունների վերաբերյալ։ Մարզպետներին, համապատասխան վարչություններին պետք է հանձնարարել, որ յուրաքանչյուր համայնքի բյուջեն վերլուծվի, համեմատվի համեմատելի բյուջեների հետ եւ հայտնաբերվեն այն համամասնությունները, որոնց հիման վրա կձեւավորվի համայնքի բյուջեն»,–նշել է Կարեն Կարապետյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վարչապետը հանձնարարել է քննարկել զբոսաշրջության պետական կոմիտեի եւ քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացրած առաջարկությունները՝ վիզաների հայեցակարգի վերաբերյալ. «Խնդրում եմ քննարկեք այդ հարցը եւ լուծում տվեք։ Նաեւ համեմատեք մեր հարեւան երկրների վիզաների տրամադրման կարգի հետ»։
Կառավարությունն ընդունել է «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ հիմնադրելու եւ գործադիր տնօրեն նշանակելու մասին» որոշում։ Որոշմամբ հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը։ Հիմնադրամը հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված, անդամություն չունեցող եւ շահույթ չհետապնդող ոչ առեւտրային կազմակերպություն է։ Հիմնադրամի նպատակն է ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների փաթեթների եւ ներդրումային ծրագրերի հավաքագրումը, մշակումը, վերլուծությունը, վերանայումը, սպասարկումը եւ վերահսկողությունը։ Կարեն Կարապետյանը կարեւորել է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը եւ նշել. «Դա այն հարթակն է, որտեղ ձեւավորվելու է մեր տեսլականը, մեր հորիզոնները, թե ոնց ենք պատկերացնում մեր երկրի տնտեսության զարգացումն ըստ ոլորտների, մակրոցուցանիշների, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման, ներդրումների եւ այլն»։
Գործադիրն ընդունել է «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, պետական կոմիտեի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» որոշում։ Ըստ այդմ՝ սահմանվում են նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաեւ կոմիտեի գործառույթները։ Նախատեսվում է սահմանել նաեւ զբոսաշրջության պետական կոմիտեի կառուցվածքն իր 3 ստորաբաժանումներով, որոնց միջոցով պետք է իրականացվեն կանոնադրությամբ վերապահված գործառույթները։
Օրինագիծն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը
Հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի դիսպոզիցիայի նոր խմբագրություն, ինչի արդյունքում հստակեցվում են հանցագործության եղանակները։ Մասնավորապես, առաջարկվել է սահմանել հանցագործության հետեւյալ եղանակները՝ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը, հարկման հիմք հանդիսացող փաստաթուղթը չներկայացնելը վարչական պատասխանատվության միջոցով, հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը նվազեցնելու համար կեղծ փաստաթուղթ օգտագործելը։ Նախագծով վերանայվել է ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի 3–րդ մասում խոշոր չափի նվազագույն շեմը, արդյունքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2.000.000 ՀՀ դրամ) փոխարեն առաջարկվել է սահմանել նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը (4.000.000 մլն ՀՀ դրամ)։ Նախագծով առաջարկվել է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի նպատակը՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելը։ Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրինագիծը միանշանակ ուղղված է գործարար միջավայրի առավել բարելավմանը։ «Այս նախագիծը նրանց հետ տեւական ժամանակ քննարկվել է, եւ նրանց մտահոգությունները զգալիորեն փարատում է»,–ասել է նախարարը։
Կառավարությունը հավանություն է տվել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կհստակեցվեն օտարերկրյա փաստաբանների իրավունքների առանձնահատկությունները, փաստաբանների վերապատրաստման ընթացակարգերը, կընդլայնվի անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը, առավել համապարփակ կարգավորում կստանան մի շարք ընթացակարգային հարցեր։ Մասնավորապես, հաշվի առնելով պալատի խորհրդի գերծանրաբեռնված աշխատանքը, որը հիմնականում պայմանավորված է փաստաբանների թվի ավելացմանը զուգահեռ կարգապահական գործերի թվի եւ օրակարգային այլ հարցերի ավելացմամբ՝ նախագծով նախատեսվում է խորհրդին վերապահված մի շարք հարցերի քննարկումն իրականացնել ոչ միայն նիստերի, այլ հեռակա հարցման միջոցով։ Համապարփակ կարգավորում է ստացել կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննության կարգը։ Հաշվի առնելով Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ նախագծով նախատեսվում է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք վերապահել նաեւ օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար։ ՀՀ նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված ռազմավարական ծրագրից բխող կարգավորումներն իրենց ամրագրում են գտել նախագծում՝ հստակեցվել են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները, սահմանվել է անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային նոր կարգավորում, բարեփոխվել են փաստաբանների պատրաստման եւ վերապատրաստման ընթացակարգերը։
Գործադիրը հավանություն է տվել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորող փոփոխությունների կատարումը։ Նախագծով առաջարկվում է Երեւան համայնքի կարգավիճակի խմբագրում ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, ավագանու պաշտոնավարման ժամկետի փոփոխություն՝ 5 տարի, ավագանու անդամի հրաժարական տալու ընթացակարգի սահմանում եւ այլն։
Հավանություն է տրվել պայմանագրի նախագծին
Գործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի նախագծին։ Օրենսգիրքը նախատեսում է կարգավորել ԵԱՏՄ անդամ պետություններ երրորդ՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման եւ նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե բոլոր իրավահարաբերությունները։ Օրենսգրքում որպես հիմնական սկզբունք նշված է, որ մաքսային հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային ձեւով։ Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները։ Մասնավորապես, սահմանված բոլոր փաստաթղթերի ներկայացման պարագայում ապրանքների բացթողումը կատարվում է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում (ներկայումս սահմանված է մաքսային հայտարարագրի գրանցումից հետո 1 աշխատանքային օր)։ Ներկայումս գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքով նախատեսված է 2 ամիս ժամանակավոր պահպանության ժամկետ՝ եւս 2 ամիս երկարաձգման հնարավորությամբ։ Օրենսգրքով վարչարարական գործընթացների պարզեցման նպատակով նախատեսվում է սահմանել միանգամից 4 ամիս ժամկետ՝ առանց երկարաձգման հնարավորությունների։ Հստակեցվել են ապրանքների մաքսային ընթացակարգերով ձեւակերպման պայմանները, ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման գծով պարտավորությունների առաջացման, դադարեցման եւ կատարմանն առնչվող դրույթները։ Նոր օրենսգրքով սահմանվել են նաեւ «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» եւ հատուկ մաքսային ընթացակարգերը։ Կարեւորելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ այն պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին եւ կիրառման գործընթացը շատ մատչելի դարձնել։ Կարեն Կարապետյանը նշել է նաեւ, որ մաքսային օրենսգրքում ֆիքսած է մեր ազատ տնտեսական գոտին Իրանի սահմանին։
Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. առաջարկվում է ավելացված արժեքի հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների համար օտարերկրյա անձանց կողմից ՀՀ տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) ներկայիս 100.000 ՀՀ դրամի շեմն իջեցնել 50.000 ՀՀ դրամ։ Միաժամանակ, հստակեցվում են ԱԱՀ–ի վերադարձի հարկային հաշվի անվավեր ճանաչելու փոխարեն ԱԱՀ–ի վերադարձի հարկային հաշվի չեղյալ ճանաչելու, ԱԱՀ–ի գումարների հետ ստանալու համար օդանավի անձնակազմի կողմից նստեցման կտրոնի փոխարեն անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման, ինչպես նաեւ ԱԱՀ–ի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անվան, ազգանվան տառասխալներով լրացման դեպքում ԱԱՀ–ի վերադարձման հետ կապված հարցերը։ Վարչապետը հանձնարարել է ՊԵԿ–ի նախագահին որոշմամբ նախատեսված փոփոխությունները կիրառելուց հետո ներկայացնել մոնիթորինգ, թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել շուկայի վրա։
Կառավարությունն ընդունել է «Պարենային եւ ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» որոշում, որի նպատակը այդ արտադրանքի գրանցում իրականացնող համապատասխանության գնահատման նշանակված մարմինների (ՀԳՄ) սահմանումն է։ Հաշվի առնելով այն փաստը, որ գրանցումը ԵԱՏՄ երկրներում հանդիսանում է համապատասխանության գնահատման ձեւ, ՀՀ կառավարության կողմից ճանաչված գրանցում իրականացնող մարմինները կներառվեն ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում, եւ նրանց կողմից տրված գրանցման վկայականները կճանաչվեն ԵԱՏՄ ողջ տարածքում։
Աջակցություն տուժած համայնքների բնակիչներին
ՀՀ Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում կարկտահարությունից տուժած համայնքների բնակիչներին 2016թ. օգտագործած ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտավորությունների մարման նպատակով օժանդակություն ցուցաբերելու համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 506,622.7 հազար ՀՀ դրամ։ 2016թ. ընթացքում ՀՀ Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում կարկտահարությունից տուժել են շուրջ 70 համայնքների բնակիչներ։
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ ՀՀ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին ու բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնին տրամադրելու նպատակով։ Ըստ հիմնավորման՝ հանրապետության գյուղատնտեսությունում քաղաքականությունն իրականացվում է մի շարք բյուջետային նպատակային ծրագրերով։ Սակայն, կոնկրետ իրավիճակներով պայմանավորված, ի հայտ են գալիս ոլորտի կարգավորման հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են անհետաձգելի ֆինանսական որոշակի միջոցների ներդրում։ Հիմնադրամի միջոցների համալրումը հնարավորություն կստեղծի իրականացնել մի շարք անհետաձգելի միջոցառումներ եւ ծրագրեր՝ ուղղված ոլորտի կայունությանը եւ զարգացմանը։
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով Սեւանա լճի ափամերձ 10 հա (Սեւան–Արտանիշ հատված) տարածքի անտառապատման աշխատանքը կհամարվի ամբողջական։ Արդյունքում՝ ամռան ամիսներին, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն կլինի իրականացնել ոռոգման աշխատանքներ եւ կապահովվի տնկիների կպչողականության բարձր ցուցանիշ։
Ի զարգացումն ՀՀ ռազմական արդյունաբերության
Կառավարությունն ընդունել է «Ռազմարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրությունը, որը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը։ Ըստ այդմ՝ կկարգավորվեն ՀՀ գործադիր մարմինների, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի միջեւ հարաբերությունները ռազմարդյունաբերական համալիրում պետական ռազմարդյունաբերական քաղաքականության ձեւավորման, իրականացման հարցերում, ինչպես նաեւ պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին եւ ՀՀ զինված ուժերը, այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ հաստատել է ռազմական ապրանքների եւ գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները եւ ռազմական կարիքների համար պետպատվերի տեղադրման գնի որոշման կարգը։ Կկարգավորվի ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններից գնվող ռազմական ապրանքների եւ գույքի գնային քաղաքականությունը՝ խթանելով պետբյուջեի միջոցների ծախսերի արդյունավետության բարձրացմանը եւ կազմակերպությունների գործունեության կայուն զարգացումը։
ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված ՀՀ–ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի ֆինանսավորման ընդունված պայմանագրերով ստանձնած համաֆինանսավորման գծով առաջացած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։
Միքայել Արամյանցի տունը՝ գերակա հանրային շահ
Կառավարությունը որոշել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել։ Որոշման ընդունումը պայմանավորված է նորահայտ հուշարձանի եւ դրա զբաղեցրած տարածքի ոչ նպատակային օգտագործումը կանխելու, պատմականորեն ձեւավորված նախնական կերպարին համապատասխան վերականգնման եւ նորոգման, գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական, զբոսաշրջային կամ նախնական գործառնական նպատակներով օգտագործման եւ հարակից տարածքների կառուցապատումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։ Նախարարության մասնագետների կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառույցի սեփականաշնորհումից հետո այն մատնվել է անուշադրության, չեն իրականացվել պահպանական միջոցառումներ՝ մասնավորապես, վերականգնողական աշխատանքներ, միջավայրը մնացել է անխնամ, ինչի պատճառով հայ ազգային գործչի, բարերարի տունը գտնվում է փլուզման եզրին։
Գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը՝ երեւանյան 11–րդ միջազգային երաժշտական փառատոնին պատրաստվելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին տրամադրելու համար։
Կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի շարունակականությունն ու կայունությունն ապահովելու համար, անհրաժեշտ է համարում ստեղծել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ, որին կփոխանցվեն ՄԱԿ պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի փորձը եւ գործառույթների մի մասը, ինչպես նաեւ դպրոցական սննդի ազգային ծրագրի կառավարման գործառույթը։ Այդ նպատակով գործադիրն ընունել է համապատասխան որոշումներ։ Հիմնադրամի ստեղծումը կբարձրացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը եւ կապահովի ծրագրի կառավարման սահուն փոխանցումը ՊՀԾ–ից հայաստանյան կողմին։ Ներկայում ՀՀ տասը մարզերի նախակրթարանների եւ կրտսեր դասարանների մոտ 83.000 երեխա ստանում է դպրոցական տաք սնունդ։ Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներում ներգրավել երեխաների սնուցման հարցերով զբաղվող այլ երկրների կառավարություններ, կազմակերպություններ, անհատներ, գործարար, սփյուռքի ներուժը։ Ֆինանսների կենտրոնացման շնորհիվ կարելի է նաեւ բարձրացնել գնումների արդյունավետությունը, ինչպես նաեւ ակտիվացնել տեղական արտադրությունը եւ գյուղացիական տնտեսությունները՝ տեղական արտադրանքն ընդգրկելով դպրոցական սննդում։
Գործադիրն ընդունել է ԼՂՀ–ում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղ ստեղծելու մասին որոշում։ Հիմնավորման համաձայն՝ Մատենադարանում պահվում են հարյուրավոր բացառիկ ձեռագրեր ու հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, որոնք գրվել են Արցախում եւ ներկայացնում–լուսաբանում են Արցախի հոգեւոր մշակույթն ու նրա պատմական ժառանգությունը։ Մասնաճյուղը գործելու է «Գանձասար» վանական համալիրի նախկին դպրատան տարածքում՝ ԼՂՀ օրենսդրությանը եւ իր կանոնադրությանը համապատասխան։
Այլ որոշումներ
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ։
Կառավարությունն ընդունել է որոշում, որով, մասնավորապես, առաջարկվում է փոխհատուցել «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության անդամ հանդիսացող՝ աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող, ընկերությունների 2014 եւ 2015թթ. 4–րդ եռամսյակների եւ 2016թ. ինն ամիսների ընթացքում վճարված ԱԱՀ–ն ամբողջությամբ։ Որոշումը կնպաստի միավորման անդամ հանդիսացող ընկերությունների տնտեսական գործունեությանը, նրանցում աշխատող հաշմանդամների սոցիալական խնդիրները լուծելուն՝ պետբյուջեից ֆինանսական փոխհատուցումներ տրամադրելու միջոցով։
2016թ. օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին եւ մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը։
|