–Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Իսլամական համագործակցության կազմակերպության ստամբուլյան գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունները։
–Ակնհայտ է, որ Թուրքիայի միակողմանի դիրքորոշման եւ ամեն գնով Ադրբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որեւէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու։ Բաքվի կողմից ղաբարաղաադրբեջանական շփման գծում սանձազերծած ապրիլի 2—5—ի իրադարձությունները եւ Թուրքիայից հնչեցված սադրիչ հայտարարությունները դրա վառ ապացույցն են։
Թուրքիայի արտգործնախարարը Իսլամական համագործակցության կազմակերպությունում ունեցած իր ելույթում, շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանգավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։
Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է անկայունության, ահաբեկչության եւ արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե նրա սահմաններից դուրս։ Իր վերոհիշյալ սադրիչ հայտարարությամբ Թուրքիայի ԱԳ նախարարը, փաստորեն, բացահայտում է այդ ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը։
Համոզված ենք, որ մեր ավանդական բարեկամ մահմեդական պետությունները, լավ գիտակցելով Թուրքիայի իրական նպատակները, չեն տրվի Անկարայի սադրանքներին։
ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչություն
|