ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը այցելեց մայրաքաղաքում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի–Կոլա բոթլեր» ընկերության «Պեպսի» շշալցման գործարան, որտեղ ներկա գտնվեց «Սանդորա» բնական հյութի արտադրության նոր հոսքագծի գործարկման արարողությանը, ծանոթացավ գործարանում իրականացված ներդրումներին, ընկերության զարգացման ծրագրերին։ Հանրապետության նախագահը շրջեց հոսքագծի գործարկման առիթով բացված տաղավարներում, գործարանի արտադրամասերում։
Պատասխանատուների հավաստմամբ, «Սանդորա» բնական հյութերը վաճառքի են հանվելու ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Նոր հոսքագծի գործարկմամբ կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Շրջայցից հետո hանրապետության նախագահը ներկա գտնվեց «Ջերմուկ գրուպ» ընկերության Ջերմուկ հանքային ջրի նոր գործարանի համար շշալցնող հոսքագծերի մատակարարման հուշագրի ստորագրման արարողությանը՝ ընկերության եւ KHS գերմանական ընկերության ներկայացուցիչների միջեւ։
Լրագրողների հետ զրույցում «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի—Կոլա բոթլեր» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արշավիր Մինասարյանը նշեց, որ Հայաստանում «Սանդորա» բնական հյութերի արտադրությունը սկսելու պայմանավորվածությունը «Պեպսիկո» ընկերության եւ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի—Կոլա բոթլեր» ՍՊԸ բաժնետերերի միջեւ ձեռք է բերվել դեռ 2011թ.։ 2012թ. սեպտեմբերին կնքվել է պայմանագիր համաշխարհային ճանաչում ունեցող «ՏԵՏՐԱՊԱԿ» ընկերության հետ՝ ամենաժամանակակից հոսքագծերի ձեռք բերման վերաբերյալ։ Համախառն ներդրումը եղել է 4 միլիոն եվրո։ Պետական աջակցությամբ ընկերությունը ստացել է նաեւ ավելացված արժեքի հարկի հետաձգման հնարավորություն։
«Հայաստանում արտադրվող բնական հյութերի ամենակարեւոր տարբերությունը, որը զգալու է սպառողը, հյութերում հայկական ջրի առկայությունն է։ Մասնագետները վկայում են, որ Հայաստանում արտադրված «Սանդորան» իր համային հատկանիշներով եւ որոշ համերի դեպքում ավելի լավն է, քան ներկրվածը։ Նաեւ փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի վերջնական սպառողի համար հյութերի գինը չբարձրանա»,— ասաց Ա. Մինասարյանը։
Գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ Հայաստանում սկսվելու է արտադրվել «Սանդորա»—ի 6 ամենասիրված համերը. «Լինելու են համեր, որ շարունակելու են ներկրվել, սակայն դրանց քանակը շատ չնչին է լինելու։ Հայաստանում կարտադրվեն բանանի, խնձորի, նարնջի, կարմիր նարնջի, արքայախնձորի եւ մուլտիֆրուտ համերով «Սանդորա» հյութեր։ Բնական հյութերի հումքը ներկրվելու է «Պեպսիկո» ընկերության որակավորումն անցած ընկերությունների կողմից, իսկ Հայաստանում այդ հումքի վրա կավելացվի հայկական ջուրը եւ կփաթեթավորվի։ Հետագայում կարող է այնպես ստացվել, որ «Սանդորա» բնական հյութի արտադրման համար օգտագործվի նաեւ հայկական հումքը։ «Պեպսիկո» ընկերության ներկայացուցիչներն արդեն եկել են Հայաստան, վերցրել են հայկական մրգերից պատրաստված հումքի նմուշներ եւ տարել փորձաքննության։ Եթե փորձաքննության արդյունքները ցույց տան, որ այդ հումքը կարող է օգտագործվել, մենք սիրով կհայտարարենք նաեւ այն մասին, որ բնական հյութերի արտադրության հումքը եւս հայկական է»։
Ընկերության ղեկավարի խոսքով՝ այս պահին վաճառողների մոտ դեռեւս կան ներմուծված արտադրանքի մնացորդներ, ուստի հայկական արտադրության «Սանդորան» վաճառքում կհայտնվի մոտակա շաբաթների ընթացքում։ Հյութերի տուփերի վրա լինելու է տարբերանշան, որի վրա կերեւա, որ դրանք արտադրվել են Հայաստանում. «Մենք այս պահին արտադրում ենք միայն Հայաստանի համար, սակայն բանակցում ենք «Պեպսիկո» ընկերության հետ՝ արտահանում սկսելու համար։ Կարծում եմ՝ մոտ ապագայում դուք կլսեք նաեւ Հայաստանում արտադրվող «Սանդորա» հյութերի արտահանման մասին»։
Ընկերությունում արդեն իսկ բացվել է 10 նոր աշխատատեղ՝ կապված «Սանդորա» հյութերի արտադրության եւ «ՏԵՏՐԱՊԱԿ» հոսքագծերի շահագործման հետ, իսկ մոտակա 1 տարվա ընթացքում ընկերությունը պատրաստվում է ստեղծել եւս 25—30 աշխատատեղ։
Բնակարանամուտ՝ 67 ընտանիքի համար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ նաեւ մայրաքաղաքի Մալաթիա—Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ներկա գտնվեց «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցված շենքերի բացման արարողությանը։ Հանրապետության նախագահը շրջեց բազմաբնակարան համալիրում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, բնակիչների համար ստեղծված պայմաններին, հանդիպում ունեցավ տարածք այցելած վերաբնակեցվող ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Պատասխանատուների ներկայացմամբ, 1989թ. ի վեր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածքում բնակվող մոտ 800 անձանցից բաղկացած 164 ընտանիքի համար բնակելի շենքերի կառուցման աշխատանքները մեկնարկել են բնակիչների վերաբնակեցման ծրագրի համաձայն եւ իրականացվում են փուլերով։ Շինարարությունն իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ֆինանսավորմամբ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի եւ Գերմանական ներդրումների եւ զարգացման ընկերության (DEG) գերմանական բանկի օժանդակությամբ։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը Երեւանի Հարավ—արեւելյան թաղամասում հատկացրել է 7,000 քմ տարածք, որի վրա «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն իրագործում է վերաբնակեցումը։ Շինարարությունը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերին։ Բնակիչների տեղափոխումը կմեկնարկի 2014թ. հուլիսի 1—ին։
Նախագահին ներկայացվեցին նաեւ 2012թ. հուլիսին մեկնարկած ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին։ Այդ փուլում բնակիչների տեղափոխումը կսկսվի 2014թ. դեկտեմբերի 1—ին։ Ընդգծվեց, որ բոլոր վեց նորակառույց շենքերը միեւնույն որակական չափանիշներն ունեն։
Հուլիսի 1—ին նոր բնակարաններ կտեղափոխվի 67 ընտանիք։ Լրագրողների հետ զրույցում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշեց, որ օդանավակայանի տարածքում գտնվող շենքերում ապրող 164 ընտանիքի բնակության պայմանները շատ վատն են, ավելին՝ նրանց առողջության համար վնասակար է օդանավակայանի տարածքում ապրելը. «Ուստի մենք որոշեցինք նրանց համար, ինչպես նաեւ ելնելով այն հագամանքից, որ դա օդանավակայանի կառավարման համար ավելի լավ կլինի, տեղափոխել այդ ընտանիքներն ավելի հարմար տեղ։ Հայաստանի կառավարության եւ քաղավիացիայի վարչության հետ որոշեցինք կյանքի կոչել այս ծրագիրը եւ այսօր արդեն հանձնում ենք շենքերն այն մարդկանց, ովքեր ապրում են օդանավակայանում»։
Մ. Վենդեն ընդգծեց, որ երբ օդանավակայանի տարածքում ապրող բնակիչները կտեղափոխվեն նոր բնակարաններ, օդանավակայանի ղեկավարությունը կքանդի տարածքում գտնվող բոլոր շենքերը։ Կան տարբեր ծրագրեր, թե ինչպես է օգտագործվելու հետագայում այդ տարածքը։ Գլխավոր մենեջերի խոսքով՝ որոշ գաղափարներ արդեն իսկ կան տարածքի օգտագործման հետ կապված, սակայն այս պահին դեռ վաղ է դրանց մասին խոսել. «Այդտեղ կարող է գործել ազատ տնտեսական գոտի, կամ այլ ծրագիր կարող է իրականացվել։ Այս պահին հստակ բան չեմ կարող ասել։ Մնացած 97 ընտանիքները բնակարաններ կստանան երկրորդ փուլի ավարտին՝ 2014թ. դեկտեմբերի 1—ին»։
Ժամանակին՝ անգամ ամենահեռավոր բնակավայրեր
ՀՀ նախագահի շրջայցի ժամանակ ցուցադրվեցին «Հայփոստ» ՓԲԸ—ի լոգիստիկ համակարգերի կատարելագործման համար գործարկվող 49 լիովին նոր եւ էկոլոգիապես արդյունավետ մեքենաները եւս, որոնք գործում են բնական գազով՝ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը։ Հանրապետության նախագահը ծանոթացավ նաեւ Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ընկերության արդիականացման եւ զարգացման աշխատանքների ընթացքին։
Լոգիստիկ համակարգերի արդիականացման շրջանակներում ընկերության շարժակազմը համալրվում է «Renault Logan Van» 30 ֆուրգոններով, «Renault Duster» ամենագնաց 10 մեքենայով եւ «KIA» մակնիշի 9 բեռնատար մեքենայով։ Մեքենաները հագեցած են «GPS» հսկման համակարգերով, ինչի շնորհիվ աշխատանքն առավել ապահով եւ անվտանգ է դառնում։ Այս փոփոխությունները միտված են թարմացնելու եւ բարելավելու գործառնությունների որակը՝ հավասարեցնելով այն միջազգային բարձրագույն չափանիշներին։ 49 մեքենաների համար ներդրման ընդհանուր գումարը կազմել է 1.2 միլիոն ԱՄՆ դոլար։
Նոր «Renault Logan Van» մակնիշի ավտոմեքենաները գալիս են փոխարինելու մարզերում դեռեւս գործարկվող հնացած, երբեմն նույնիսկ խորհրդային արտադրության մեքենաներին։ «Renault Duster» մակնիշի ամենագնացները կիրառվելու են առավելապես մարզերում՝ փոստը ժամանակին հասցնելու նույնիսկ ամենահեռավոր գյուղական բնակավայրեր։ «KIA» բեռնատարների եւ «Renault Duster» ամենագնաց մեքենաների բարձր անցանելիության շնորհիվ ձմեռային ձյունառատ ամիսներին եւս լեռնային գյուղերի բնակիչներին հնարավոր կլինի ժամանակին հասցնել առաքանիները։
Նոր մեքենաները կնպաստեն Հայաստանի ողջ տարածքում բարձրակարգ փոստային եւ հարակից ծառայություններ մատուցելու «Հայփոստ թրասթ մենեջմենթի» ծրագրի իրագործմանը։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|