Հռոմի սրբազան քահանայապետ, Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստանի Հանրապետություն նախատեսվող այցի մանրամասները ներկայացնելու համար երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում տարբեր գերատեսչությունների պատասխանատուները ներկայացրեցին արդեն իսկ կատարված աշխատանքներն ու նախատեսվող միջոցառումների ընթացակարգերը։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ Ֆրանցիսկոս պապի այցը լուսաբանելու համար հավատարմագրվել է ավելի քան 600 լրատվամիջոց, որոնց կեսը հայաստանյան լրատվամիջոցներն են, մյուսները՝ միջազգային։
«Հանրապետության այն վայրերում, որտեղ նախատեսված են միջոցառումներ, ստեղծված են բոլոր պայմանները լրատվամիջոցների արդյունավետ աշխատանքի համար։ Ստեղծված են մամուլի կենտրոններ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ստանալու լիարժեք տեղեկատվություն եւ կարողանան արդյունավետ լուսաբանել Հռոմի պապի այցը։ Միաժամանակ, բոլոր միջոցառումներն ուղիղ եթերում կհեռարձակվեն հայաստանյան հեռուստաալիքներով։ Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրամադրվել են բոլոր միջոցառումները մեկնաբանող տեքստերը 6 լեզվով։ Այս ամենի հետ մեկտեղ՝ յուրաքանչյուր օրվա ավարտին լրատվամիջոցների համար մանրամասն ամփոփվելու են բոլոր միջոցառումները»,— ասաց Վ. Սարգսյանը։
Նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ արդեն պատրաստ է եւ թողարկվել է «Հայփոստ» ընկերության նամականիշը՝ Սրբազան քահանայապետի այցի առիթով։ Պաշտոնական մարման արարողությունը կատարվելու է Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան ժամանելու օրը։
ՀՀ կենտրոնական բանկը պատրաստվում է թողարկել հատուկ հուշամեդալ՝ նվիրված Հռոմի պապի Հայաստան այցին. այս արարողությունը եւս տեղի կունենա այցի մեկնարկի օրը. «Բավականին մեծ հետաքրքրություն կա մեր արվեստագետների շրջանում։ Գիտեք, որ բազմաթիվ հայ հեղինակներ այս օրերին իրենց արվեստով անդրադառնում են առաջիկա այցին, եւ առկա է շատ մեծ ցանկություն Սրբազան քահանայապետին այցի ժամանակ փոխանցելու ժամանակակից արվեստի գործեր եւ հիշողություններ պարգեւող հուշանվերներ։ Դա շատ հուզիչ է, եւ նկատելի է, թե որքան մեծ ոգեւորություն է առաջացրել այս այցը արվեստի բնագավառի ներկայացուցիչների շրջանում։ Այցի նկատմամբ մեծ հետաքրքրություն առկա է նաեւ սփյուռքում, եւ մենք տեսնում ենք ուխտագնացների շատ մեծ հոսք. մարդիկ, ովքեր ցանկանում են ներկա լինել այդ պատմական իրադարձությանը։ Հարյուրավոր մեր հայրենակիցներ տարբեր երկրներից այս օրերին ժամանում են Հայաստան՝ մասնակցելու պաշտոնական միջոցառումներին, որ ընդգրկված են ծրագրում»։
Վ. Սարգսյանը մանրամասն ներկայացրեց այցի ծրագիրը։
Այն մեկնարկելու է հունիսի 24—ին, ժամը 15։00—ին՝ Սրբազան քահանայապետի ժամանումով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ տեղի կունենա դիմավորման պաշտոնական արարողություն։ Արարողակարգային ընթացքով պետության ղեկավարներին դիմավորելիս տրվում են զինվորական պատիվներ. հաշվի առնելով այն փաստը, որ Սրբազան քահանայապետը ոչ միայն պետության ղեկավար է, այլեւ, առաջին հերթին, կաթոլիկ աշխարհի հոգեւոր առաջնորդը, լրացումներ են կատարվել այդ բավականին խիստ ընդգծված արարողակարգին։ Բանախոսի խոսքով՝ դիմավորման արարողության ընթացքում կլինեն լրացուցիչ էլեմենտներ, ինչպես օրինակ՝ մանկական երգչախումբը, որը կդիմավորի Սրբազան քահանայապետին, եւ այն, որ ժամանման պահին նրան կմատուցվեն հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրանը եւ լավաշը երեխաների կողմից. «Այնուհետեւ տեղի կունենա կարճատեւ զրույց հանրապետության նախագահի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2—րդի հետ օդանավակայանի նախագահական տերմինալում։ Դրանից հետո Սրբազան քահանայապետը կուղեւորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի կունենա պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը, որից հետո կտրվի ծրագրի պետական մասի պաշտոնական մեկնարկը։ Սրբազան քահանայապետը կժամանի նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին»։
Պաշտոնական արարողություններից հետո Սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռ, որտեղ գտնվում է նրա պաշտոնական կեցավայրը։
Հունիսի 25—ին Ֆրանցիսկոս պապը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր. «Գիտեք, որ հայ ժողովուրդը մեծ ջերմությամբ եւ երախտապարտությամբ է ընդունել անցած տարի ապրիլի 12—ին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագը՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի, ինչպես նաեւ Հռոմի պապի հայտարարությունը եւ դիրքորոշումը՝ կապված ցեղասպանության փաստի հետ։ Անշուշտ, այդ այցելությունը Ծիծեռնակաբերդ ունի մեծ խորհուրդ եւ նշանակություն մեզ համար։ Այնտեղ տեղի է ունենալու փոքր ծիսական արարողություն։ Սրբազան քահանայապետը եւ Վեհափառ հայրապետը միասին կաղոթեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։ Այնուհետեւ կլինի Սրբազան քահանայապետի պատվին տնկված եղեւնու օրհնման արարողություն։ Ծիծեռնակաբերդի արարողությունից հետո պատվիրակությունը կմեկնի օդանավակայան, որտեղից կմեկնեն Գյումրի»։
Վ. Սարգսյանը ներկայացրեց նաեւ Գյումրիում նախատեսված միջոցառումները։ Այսպես, Սուրբ Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու պատարագ։ Գյումրիում նախատեսված են նաեւ մի շարք այլ միջոցառումներ, որոնց ավարտին Սրբազան քահանայապետը կվերադառնա Երեւան եւ նույն օրը Հանրապետության հրապարակում տեղի կունենա այցի ամենակարեւոր եւ հանրության համար ամենաբաց միջոցառումը։ Կլինի խաղաղության աղոթք, որին կնախորդի եւ կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան։ Մեկնարկը նախատեսված է ժամը 18։00—ին. «Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառումը բաց է լինելու բոլոր ցանկացողների համար՝ առանց հրավիրատոմսերի։ Նախատեսված են լրացուցիչ հնարավորություններ շարժողական բարդություններ եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այսօր աշխատում է այն բոլոր կազմակերպությունների հետ, որոնք ցանկություն կունենան ներկա լինելու էկումենիկ արարողությանը Հանրապետության հրապարակում, եւ ստեղծված են բոլոր հնարավորությունները դա կազմակերպելու համար»։ Հանրապետության հրապարակի միջոցառումից հետո Սրբազան քահանայապետը կվերադառնա Էջմիածին։
Հունիսի 26—ի առավոտյան Մայր Աթոռում, բաց խորանի մոտ տեղի կունենա պատարագ, որը կմատուցի Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Սրբազան քահանայապետի աղոթակցությամբ։ Այնուհետեւ տեղի կունենան մի շարք միջոցառումներ Մայր Աթոռում, որից հետո Սրբազան քահանայապետը եւ Վեհափառ հայրապետը կայցելեն հայ ժողովրդի եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու համար կարեւորագույն սրբավայրերից մեկը՝ Խոր Վիրապ։ Այստեղ միասին աղոթելուց հետո նրանք աղավնիներ բաց կթողնեն Արարատի ուղղությամբ։ Դրանով պաշտոնական ծրագիրը կավարտվի, Սրբազան քահանայապետը կմեկնի օդանավակայան՝ Հռոմ վերադառնալու համար։
Ժամանակավոր անհարմարություն՝ կապված երթեւեկության հետ
Հռոմի սրբազան քահանայապետ, Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի՝ ՀՀ նախատեսվելիք այցի շրջանակներում, ըստ պաշտոնական հանդիպումների, միջոցառումների վայրերի, նախանշված երթուղիներում ու որոշակի ճանապարհահատվածներում հունիսի 24–26—ը ներառյալ դադարեցվելու է ճանապարհային տրանսպորտային երթեւեկությունը։ Ինչպես նշեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, այդ երթուղիները նախապես նախանշված են (տե՛ս առանձին)։
Կ. Արեյանի խոսքով՝ նշված երթուղիներում եւ ըստ ճանապարհահատվածների երթեւեկության դադարեցման ժամանակահատվածում ընդհանուր օգտագործման քաղաքային տրանսպորտը կարող է օգտվել զուգահեռ փողոցներից։ Քաղաքացիների համար սահմանափակումները լինելու են ըստ ժամերի եւ կոնկրետ ճանապարհահատվածների. կարեւորագույն վայրերն են՝ ՀՀ նախագահի նստավայրը, Հանրապետության հրապարակը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը եւ այն երթուղին, որն Էջմիածնից տանում է Իսակովի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ փողոց, Արշակունյաց պողոտա, Նորագավիթ, այնուհետեւ՝ Խոր Վիրապ. «Միջոցառումները, որոնք նախատեսված են Հանրապետության հրապարակում, շարունակվելու են համերգային ծրագրով. նախապատրաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են եւ մոտենում են ավարտական փուլին՝ ըստ միջոցառումների վայրերի։ Կարեւորելով այցի համապետական եւ միջազգային նշանակությունը, կարծում եմ, մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան ժամանակավոր անհարմարություններին՝ կապված տրանսպորտային երթեւեկության դադարեցման եւ որոշակի փողոցներում որոշ սահմանափակումների հետ։ Այս այցն իր միջազգային նշանակությամբ եւ կարեւորությամբ խորին հարգանքով եւ երախտագիտությամբ կընդունի յուրաքանչյուր քաղաքացի»։
Պատարագներ Էջմիածնում եւ Գյումրիում
Հայ կաթողիկե եկեղեցու դիվանատան քարտուղար հայր Նարեկ Մնոյանն իր հերթին ներկայացրեց Գյումրիի Սուրբ Վարդանանց հրապարակում նախատեսվող միջոցառումները։
Հունիսի 25—ին, ժամը 10։00—ին Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը սուրբ պատարագ է մատուցելու հրապարակում։ Պատարագին աղոթակցելու է Ամենայն հայոց կաթողիկոսը, համապատարագելու են Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս—պատրիարք տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաեւ Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը։
«Հաշվի առնելով Գյումրիի հրապարակի տարածքային հնարավորությունները, նախապես կազմակերպիչների կողմից որոշվել է, որ մուտքը լինելու է հրավիրատոմսերով, որոնց շուրջ նախապես աշխատանքներ են կատարվել ու բաժանվել են բոլոր ցանկացողներին։ Բոլոր այն հավատացյալների համար, ովքեր կցանկանան այցելել Գյումրիի պատարագին, կից փողոցներում տեղադրված են լինելու էկրաններ։ Սուրբ պատարագը մատուցվելու է լատինական ծեսով, սակայն ընթերցումներ են լինելու հայերեն, իսկ երգչախումբը որոշ երգեր, շարականներ երգելու է հայկական ծիսական պատարագներից»,— հավելեց նա։
Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ներկայացրեց Մայր Աթոռում նախատեսվող միջոցառումները։ Նրա խոսքով՝ Մայր Աթոռում հունիսի 26—ի առավոտյան, ժամը 10։00—ին մատուցվելու է սուրբ պատարագ Վեհափառ հայրապետի ձեռամբ եւ Նորին սրբություն Ֆրանցիսկոս պապի աղոթակցությամբ։
«Ցանկալի է, որ նշված ժամից մեկ ժամ առաջ մարդիկ ժամանեն, որովհետեւ սա հանրության համար բաց իրադարձություն է։ Պատարագը մատուցվելու է Մայր Աթոռի բաց խորանի մոտ։ Բնականաբար, կլինեն նաեւ համապատասխան էկրաններ, որոնց միջոցով հավատացյալ հանրությունը հնարավորություն կունենա հետեւելու պատարագի ընթացքին»,— ասաց հոգեւորականը։
Պատարագի արարողությունից հետո, ինչպես ընդունված կարգն է Հայաստանյաց եկեղեցում, լինելու է համատեղ էկումենիկ ճաշ, որը լինելու է փակ։ Միջեկեղեցական ճաշից հետո նախատեսվում է համատեղ հայտարարության ստորագրում։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|