Իշխանությունների նպատակը բաց եւ թափանցիկ հանրաքվե անցկացնելն է
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգրկված է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախընտրական շտաբում եւ ակտիվ մասնակցելու է քարոզարշավին։ «Ընդգրկված եմ շտաբում իմ ողջ լիազորություններով եւ բոլոր հնարավորություններով։ Ես թիմի անդամ եմ եւ չէի կարող ընդգրկված չլինել»,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա քարոզարշավի ընթացքում կաշխատի այն ուղղությամբ, որը կառաջարկեն կուսակցության նախագահը եւ գործադիր մարմինը. «Բնականաբար, ես կաշխատեմ եւ քաղաքական ուղղությամբ, ինչպես նաեւ հաշվի կառնեմ այն հանգամանքը, որ մարզից եմ եւ ակտիվ կաշխատեմ նաեւ այնտեղ։ Շտաբը կձեւավորի մարզային հանդիպումների գրաֆիկ եւ, բնականաբար, մենք դա կիրականացնենք։ Կլինեն նաեւ հեռուստատեսային հանդիպումներ, հարցազրույցներ, քարոզչություն Ազգային ժողովի ամբիոնից, կլինեն նաեւ մարզային հանդիպումներ։ Թե ինչ հաճախականությամբ կլինեն այդ հանդիպումները, թույլ տվեք թող շտաբը որոշի»։
Նա նաեւ ընդգծել է, որ հանրաքվեի մասին օրենքը թույլ է տալիս, որպեսզի պետական պաշտոնյաները ընդգրկված լինեն հանրաքվեի շտաբում. «Մենք պետք է շարժվենք օրենքով, եւ ես եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ՀՀԿ—ն իր քարոզչությունն իրականացնելու է բացառապես օրենսդրության շրջանակներում։ Մենք ենք առաջինը շահագրգռված, որ այս հանրաքվեն անցնի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, եւ հենց դա է պատճառը, որ հանրապետության նախագահը Մադրիդում կոչ արեց միջազգային տարբեր կառույցների դիտորդական ակտիվ մասնակցություն ունենալ այդ աշխատանքներում»։
Հայաստանի իշխանությունների նպատակն է նաեւ միջազգային ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան քվեարկություն անցկացնելը. «Մեր խնդիրն է նաեւ ժողովրդի հետ հանդիպումների արդյունքում ներկայացնել սահմանադրական փոփոխությունների առավելությունները։ Ինչպես մեր «ոչ»—ի կողմնակից գործընկերները կներկայացնեն առաջարկվող փոփոխությունների թերությունները, այնպես էլ մենք կներկայացնենք առավելությունները»։
ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ ամեն ինչ որոշելու է ՀՀ քաղաքացին՝ դեկտեմբերի 6—ին մասնակցելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին. «Մենք ամեն գնով սահմանադրական բարեփոխումներն անցկացնելու խնդիր չունենք։ Ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի։ Որեւէ մեկը բռնանալու իրավունք չունի»։
ԱԺ փոխնախագահի համոզմամբ, սահմանադրական բարեփոխումների՝ հանրաքվեի դրված նախագիծն անհամեմատ ավելի ժողովրդավարական է, քան գործողը, բարձրացնում է ընդդիմության լիազորությունները եւ հավասարակշռում է իշխանության թեւերը. «Եվ եթե այսօր մենք առաջնային պաշտոնյաներին ընտրում ենք պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ 50 տոկոսից ավելի ձայներով, ապա սահմանադրական բարեփոխումներից հետո ընտրելու ենք առնվազն ձայների 3/5—ով։ Այլ կերպ ասած՝ առանց ընդդիմության գործուն մասնակցության անհնար է դառնում գլխավոր դատախազի, վերահսկիչ պալատի, ՄԻՊ—ի եւ մի շարք առանցքային այլ պաշտոնյաների ընտրությունը»։
Նա հիշեցրել է, որ նախկինում ընդդիմադիրները իշխանություններին մեղադրել են 41 մեծամասնական բոնուսային տեղեր ապահովելու մեջ. «Իրենք էին ասում, որ չեն կարող պայքարել, քանի որ 41 մեծամասնական տեղերը «հանրապետականի գրպանում» դրված են։ Նրանք պահանջում էին անցնել միայն համամասնական ընտրակարգին։ Հիմա մենք Սահմանադրության մեջ նորմ ենք մտցնում, որ լինի համամասնական»։
Շարմազանովը նկատել է, որ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը, խոսելով մեծամասնական եւ համամասնական ընտրակարգի մասին, մշտապես ասել են, որ Հայաստանը ժողովրդավարացման ճանապարհով տանելու համար անհրաժեշտ է անցում կատարել համամասնական ընտրակարգին։ «Հիմա մենք գնում ենք այդ ճանապարհով, իսկ մարդիկ խոսում են վերարտադրության մասին։ Հիմա ես հարց եմ տալիս՝ եթե այդ 41 մեծամասնական տեղերն են հիմնական պատճառը, որ վերարտադրվում ենք, մենք հանում ենք մեծամասնական ընտրակարգը, պակասեցնո՞ւմ ենք վերարտադրության շանսերը, թե՞ ավելացնում ենք»,–եզրափակել է ԱԺ փոխնախագահը՝ կարեւորելով նաեւ այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահներից մեկը կլինի ընդդիմության ներկայացուցիչ։
Իսկ ակտիվ քարոչությունը ՀՀԿ—ը կսկսի նոյեմբերի մեկից։
«Մինչեւ այդ վերջնական կհստակեցվի կուսակցության քարոզչության ժամանակացույցը, նոյեմբերի 1—ին կուսակցությունը կանցնի արդեն ակտիվ քարոզչական աշխատանքների։ Հանրապետականն այժմ աշխատում է քարոզչական տեքստի, պաստառների պատրաստման վրա, 2—3 օր հետո պատրաստ կլինեն ե՛ւ լոգոն, ե՛ւ կարգախոսը։ ՀՀԿ—ն օգտագործելու է քարոզչական բոլոր միջոցները, որ մատչելի ձեւով ժողովրդին բացատրի, թե ինչ են իրենցից ներկայացնելու սահմանադրական փոփոխությունները»,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, հանրաքվեի ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Վահրամ Բաղդասարյանը։
Նա եւս ընդգծել է հանրաքվեի բաց եւ թափանցիկ անցկացման կարեւորությունը։ Հարցին՝ արդյո՞ք ՀՀԿ շտաբում ընդգրկված պաշտոնյաներն օգտագործելու են վարչական եւ վերահսկողական լծակներ քարոզչության «այո»—ն ապահովելու համար, նա պատասխանել է, որ ոչ ոք իր լծակները չի օգտագործելու։ «Մենք պետք է այնպես կազմակերպենք հանրաքվեն, որ խոցելի կողմ չլինի, քանի որ այս պրոցեսին հետեւում է ողջ միջազգային հանրությունը»,– ասել է Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ քարոզչության մեջ ընդգրկված պաշտոնյաներն իրենց աշխատանքից հետո են զբաղվելու քարոզչական աշխատանքներով, եւ եթե որեւէ մեկը ծանրաբեռնված կլինի ու չի հասցնի, այդ հարցն էլ կքննարկեն շտաբում։
Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե շտաբի կազմում ընդգրկված Վիգեն Սարգսյանը համակարգելու է քարոզչական աշխատանքները, Հովհաննես Հովսեփյանը զբաղվելու է կազմակերպչական աշխատանքներով, Արմեն Երիցյանը համակարգելու է մարզային քարոզչությունը։
Նրան զարմացնում են խոսակցություններն այն մասին, որ շտաբում ընդգրկված պաշտոնյաներից կարելի է եզրակացնել, թե ՀՀԿ—ն կիրառելու է վարչական եւ վերահսկողական լծակներ. «Հանրապետականն իր առջեւ խնդիր չի դրել կիրառել վարչական լծակներ, միայն կազմակերպչական նպատակներ է իր առջեւ դրել։ Որեւէ մեկը իր մասնագիտությունը կամ պաշտոնը չի կիրառելու քարոզարշավի ժամանակ, նրանք հանդես են գալու որպես կուսակցության շտաբի անդամներ»։
«Այո»—ի կենտրոնական շտաբը ամեն օր ժամը 18։30—ին հանդիպում է, քննարկում է անելիքը»,–հավելել է Բաղդասարյանը։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանի դիտարկմամբ Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին այլեւս այլընտրանք չկա։
«Եթե մեր քաղաքացիները դեկտեմբերի 6—ին «այո» ասեն այս փոփոխություններին, ապա համոզված եմ, որ դրանց շնորհիվ կունենանք ավելի լավ պետություն, ավելի արդունավետ կառավարում եւ մարդու իրավունքների գերակայություն»,–լրագրողների հետ հանդիպմանն այդպիսի կարծիք է հայտնել նա՝ հավելելով, որ աշխարհում չենք գտնի խորհրդարանական մոդելով կառավարվող մի երկիր, որը ժողովրդավար չլինի։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների 89—րդ հոդվածում առկա կայուն մեծամասնության դրույթին՝ պատգամավորն ասել է. «Այդ դրույթը քաղաքացիներին հնարավորություն է տալիս խորհրդարանական մեծամասնություն ձեւավորելու հարցում քաղաքական կուսակցությունների անհամաձայնության դեպքում ասել իրենց ծանրակշիռ խոսքը, թե որ կուսակցությունը կձեւավորի խորհրդարանական մեծամասնություն»։
Սահմանադրական փոփոխությունների տնտեսական բլոկը եւս բավական ընդունելի եւ համահունչ է Հայաստանի առջեւ ծառացած այսօրվա մարտահրավերներին, կարծում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. «Գործող սահմանադրության հետ համեմատած՝ առաջարկվող նոր նախագծում կան առաջընթաց բազմաթիվ դրույթներ»։
Նա նշել է նաեւ կետեր, որոնք իրեն չեն գոհացրել։ «Խմբագրման կարիք ունեն հատկապես կրթության, սփյուռքի հետ գործակցության կետերը։ Բացի այդ, կարծում եմ՝ Սահմանադրության մեջ պետք է ամրագրվեր, որ նվազագույն աշխատավարձը չպետք է պակաս լինի, քան նվազագույն կենսաապահովման զամբյուղը»,–ընդգծել է տնտեսագետը։
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով, այս փոփոխություններով մենք մեկ քայլ առաջ կանենք։ «Խորհրդարանական կառավարման համակարգն ավելի ժողովրդավար ու ընդունելի է»,–ասել է նա։
Իսկ «ոչ»—ի ճամբարից ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում նշել է, թե ինքը «ոչ»—ի առանձին քարոզարշավ է տանելու եւ իր՝ «Ազատություն» կուսակցությամբ այցելելու է մարզեր։
Հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցում ՀԱԿ—ի հետ համատեղ քարոզարշավին, Բագրատյանը պատասխանել է. «Մասնակցում եմ՝ ես իմ քարոզարշավն անում եմ, ուրիշին չեմ գնում—կպնում։ Մարզեր կգնանք, վստահ եմ, տասը մարզ չենք հասցնի, բայց մի քանի մարզ կգնանք։ Չէ, մենք առաջարկեցինք, բայց ոմանք դնում են վաղաժամկետ ընտրությունների, իշխանափոխության հարց, ստացվում է՝ ես իրենց ջրաղացին ջուր եմ լցնում. ինչի՞ համար»։
Ճշտող հարցին՝ իշխանափոխությունը վաղաժամկե՞տ եք համարում, Բագրատյանը պատասխանել է. «Այդպես չեմ կարծում, բայց խնդիրը Սահմանադրությունն է։ Չեմ հասկանում՝ ինչքան անհեռատես պիտի լինես, որ միանգամից տասը խնդիր դնես, մանավանդ, երբ գիտես, որ լուծվելիք խնդիր չէ»։
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, քարոզարշավի ընթացքում «ոչ»—ի ճամբարին չի հաջողվի արդյունավետ հակակշռել «այո»—ի ճամբարին։
«Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք այս կամ այն չափով ունեն կազմակերպական, մարդկային եւ այլ ռեսուրսներ, գտնվում են «այո»—ի ճամբարում, եւ հետեւաբար, ճիշտն ասած, մեծ հույսեր չեմ փայփայում, որ մարդկային ռեսուրսների առումով ընդդիմությանը կամ «ոչ»—ի ճամբարին հաջողվելու է արդյունավետ հակակշռել «այո»—ի ճամբարին։ Իհարկե, հասարակության ներսում կան դեմ տրամադրություններ առաջարկված նախագծին, բայց համենայն դեպս ընդդիմությունը ո՛չ մարդկային, ֆինանսական եւ վարչական լծակներ ունի դա հզոր շարժման վերածելու, ո՛չ էլ, ճիշտն ասած, տեսանելի ռազմավարություն»,–«Ազատության» հետ զրույցում ասել է Ս. Սաֆարյանը։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|