Ղարաբաղյան հակամարտության 1994 թվականից հետո աննախադեպ էսկալացիան անտարբեր չի թողել ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ հիշեցրել է 2008թ. իր ելույթից մի հատված. «...Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։
...Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքէջի միջոցով տեղեկացնում է. «Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները եւ պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար։ Անհրաժեշտ է ուժերի եւ միջոցների ամբողջական կենտրոնացում եւ յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը՝ կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին անում են թե՛ ԼՂՀ իշխանությունները, թե՛ բնակչությունը»։
Անհրաժեշտ են գործնական քայլեր
Քաղաքական գործիչները կոչ են անում միջազգային հանրությանը չսահմանափակվել կրակը դադարեցնելու վերաբերյալ ոչինչ չասող հայտարարություններով։
«Ադրբեջանական զինուժի լայնամասշտաբ նախահարձակ գործողություններն ահաբեկչություն են Արցախի քաղաքացիների, նրանց ինքնորոշման իրավունքի, Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ բանակցային գործընթացի դեմ»,–«Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Սա անթույլատրելի, դատապարտելի արարք է, որը պետք է կանխվի հենց միջազգային հանրության կողմից։ Որովհետեւ Ալիեւը ցույց տվեց, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Ադրբեջանը ցույց տվեց, որ երբ քթին չի ուտում, նման քայլերի է դիմում»,–Շարմազանովը հավելել է, որ Ադրբեջանի նման քայլն ահաբեկչություն է նաեւ Մինսկի խմբի համանախագահող յուրաքանչյուր երկրի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ—ի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հանցագործ իշխանությունների նման լկտի եւ ահաբեկչական պահվածքն արդյունք է նաեւ միջազգային հանրության ընդհանուր եւ անհասցե հայտարարությունների եւ գնահատականների։
«Այլեւս ժամանակն է հստակ բարձրաձայնելու եւ դատապարտելու Ադրբեջանի պահվածքը եւ քաղաքականությունը՝ իրավիճակի ապակայունացման, խաղաղ բանակցային ճանապարհից հրաժարվելու ուղղությամբ։ Հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները, հատկապես բարձրաստիճան հանդիպումներից առաջ կամ հետո, քայլ առ քայլ դառնում են ավելի լկտի եւ սանձարձակ եւ վերածվում են ծավալուն ռազմական գործողությունների»,—նշված է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղերձում։
«Մենք խոնարհվում ենք Արցախում այս օրերին զոհվածների հիշատակի առջեւ»,–հայտարարել է ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։ Նա ասել է, որ հպարտ է, որ այս օրերին հասարակության շրջանում կոնսոլիդացիա կա, իսկ «քաղաքական դաշտի ողջ սպեկտրը քաղաքացիական բարձր գիտակցություն է դրսեւորում»։
«Մեր ազատամարտիկները, հասարակ քաղաքացիները հստակ պատգամ են ուղարկում Ադրբեջանին՝ որ երբեւէ որեւէ մեկի մտքով չպետք է անցնի, որ մենք կարող ենք ունենալ ներքին տարաձայնություններ քաղաքական դաշտում, բայց երբ վտանգված է մեր հայրենիքը, մեզանում որեւէ տարաձայնություն չի կարող լինել։
Զորակցություն եմ հայտնում ԼՂ պաշտպանության բանակին, որն այս պահին պարտադրում է խաղաղություն ագրեսորին եւ վստահ եմ, որ հաջողությամբ իրականացնելու է իր այդ վեհ առաքելությունը»,–ասել է Արզումանյանը։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս միջազգային հանրությանը եւ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել հանդես գալ հասցեագրված համապատասխան հայտարարություններով, որոնք կսաստեն հակառակորդի ագրեսիվ եւ լկտի պահվածքը։ «Ալիեւի խուսափողական եւ արհամարհական քաղաքականությունը, որը մինչ այս նա ցուցաբերել է Մինսկի խմբի առաքելության եւ հայտարարությունների նկատմամբ, անթույլատրելի է։ Անպատժելիության զգացումը եւ միջազգային հանրության անհասցե հայտարարությունները հանգեցրեցին Ալիեւի կողմից ցուցաբերվող ակնհայտ արհամարհանքի, հարձակողական, ագրեսիվ եւ լկտի պահվածքի բացահայտ դրսեւորման եւ առաջին հերթին հենց միջազգային հանրության եւ սեփական պարտավորությունների հանդեպ։ Մենք դատապարտում ենք ռազմական ցանկացած գործողություն, բայց եւ ոչ մի քայլ անպատասխան չի մնալու»,–ասված է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարության մեջ։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համար այլեւս ժամանակն է մի կողմ դնել դիվանագիտական պարիտետները եւ բաց աչքերով նայել իրականությանը։ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահությունը պաշտոնապես պետք է արձանագրի, որ իր միջնորդական ջանքերին զուգահեռ Ադրբեջանը բացահայտ կերպով փորձում է իրավիճակը պարբերաբար խախտվող հրադադարի ռեժիմից վերածել չհայտարարված պատերազմի։ Դրանով Բաքուն (ամենայն հավանականությամբ Անկարայի դրդմամբ) պաշտոնապես թքած ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, այսինքն՝ պաշտոնական Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Փարիզի դիրքորոշումների վրա։ Այս իրավիճակում հայկական զինուժի ցանկացած կանխարգելիչ գործողություն պետք է արժանանա համանախագահների բացահայտ աջակցությանը, որպես միջազգային ձեւաչափն ու նրա խաղաղարար ջանքերը պաշտպանող միակ իրական երաշխիք»»,–«Ֆեյսբուք»—ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի կողմից այսպիսի հարձակումը սպասելի էր։
«Ադրբեջանը հստակ հասկանում է, որ բանակցությունների միջոցով երբեք Ղարաբաղը չի մտնի Ադրբեջանի կազմի մեջ, իր ցանկությունը բանակցություններով իրականացնել հնարավոր չէ, մնում է միայն ռազմական միջոցի դիմել։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ ինքը համարյա պատերազմ սկսեց եւ եթե հաջողության հասներ, այն մեծածավալ պատերազմ էր դառնալու, սակայն քթին ստացավ եւ չկարողացավ իրականացնել»,–«Tert.am»—ի հետ զրույցում ասել է նա։ hhpress.am
|