Քաղաքական ուժերը պատրաստվում են հանրաքվեին
Դեկտեմբերի 6—ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում կազմավորվել են թվով 1997 տեղամասեր, սահմանվել են տեղամասերի հերթական համարները եւ տեղամասային կենտրոնները։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել է ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը։
Ըստ այդմ, հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակում ընդգրկված է 265 քաղաքացի։
Իսկ մինչեւ հանրաքվեն «այո»—ի ճամբարում գտնվող ուժերը շարունակելու են «համոզել» մարդկանց «այո» ասել սահմանադրական բարեփոխումներին։
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ՝ ՀՀԿ—ն մարզային հանդիպումներ է անցկացնելու,–այդ մասին երեկ, ԱԺ—ում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «այո»—ի շտաբի պետի տեղակալ Կարեն Կարապետյանը։–Դժվար է ասել, թե ինչպիսի հանդիպումներ կլինեն, յուրաքանչյուր տարածքում սպեցիֆիկ մոտեցում կլինի։ Ըստ տարածքների մենք կկողմնորոշվենք»։
Հարցին, թե կհաջողվի՞ համոզել ժողովրդին, որ «այո» ասեն, Կարապետյանը պատասխանել է. «Ես կարծում եմ՝ այո, կհաջողվի»։
Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզչության շտաբ է ստեղծել եւ նշանակել ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանին՝ պատասխանատու, խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանին՝ համակարգող։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության ղեկավար, կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը։
Իսկ, թե ի՞նչ քայլեր է նախաձեռնում ԲՀԿ—ն, հանրահավաքներ կամ հանդիպումներ լինելո՞ւ են, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ հանրահավաքների ֆորմատն իմաստ ունի։ Մարզային հանդիպումներ կլինեն, եւ, բնականաբար, կօգտվենք եթերաժամի հնարավորություններից։ Հիմա արդեն ավարտում ենք ժամանակացույցի կազմումը մարզային հանդիպումների առնչությամբ, ինչպես նաեւ Երեւանում համայնքային հանդիպումների հետ կապված, կարծում եմ, որ դա ավելի օպտիմալ է, քան հանրահավաքներ հրավիրելը»։
Նաիրա Զոհրաբյանը եւս մեկ անգամ շեշտել է, որ իրենք ՀՀԿ—ի շտաբին չեն միանալու, գործելու են առանձին։
Իսկ թե արդյո՞ք ՀՀԿ—ԲՀԿ միասնական շտաբ չունենալը կապված է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով ղեկավարում է ՀՀԿ—ի շտաբը, Զոհրաբյանը պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ պիտի վարչապետի անձը մեզ կաշկանդի։ Ես բացարձակապես կաշկանդված չեմ, եթե ես վստահ եմ ու գիտեմ, դրանում մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ վարչապետը ԲՀԿ—ի հետ որեւէ առնչություն չունի, ես չեմ կարող այլոց ենթադրյալ տվայտանքների կամ ենթադրյալ եզրակացությունների պատճառով լինել կաշկանդված, բացարձակապես ոչ, ես գտնում եմ, որ ԲՀԿ—ն իր առանձին քարոզարշավը պետք է տանի»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արդեն համարյա սկսել է իր քարոզարշավը,–ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը։–Ամեն թիմ իր աշխատանքն է տանում իր թիմակիցների հետ։ Դահլիճային հանդիպումներ են լինելու, ամեն ինչ անելու ենք պատշաճ կարգով։ Մենք համարյա սկսել ենք մեր քարոզարշավը։ Շտաբի աշխատանքներն էլ ես եմ համակարգելու»։
Հարցին, թե ինչո՞ւ քարոզարշավը ՀՀԿ—ի եւ ՀՅԴ—ի հետ չեն անցկացնում, Աբրահամ Մանուկյանը պատասխանել է, որ այդպիսի որոշում կայացրել է ԲՀԿ քաղաքական խորհուրդը։
ՀՅԴ—ն վաղուց սկսել է քարոզարշավը, մինչեւ անգամ Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների քննարկումը։
«Մենք արդեն հանրապետության ողջ տարածքում կուսակցական հավաքներ ենք անցկացրել, արդեն ստեղծվել է միասնական շտաբ, որը ես եմ համակարգելու։ Նաեւ մարզերում կունենանք մեր շտաբները»,–այս մասին ԱԺ—ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ կուսակցությունը նաեւ նախնական գրաֆիկն ունի, թե որ մարզ երբ են այցելելու։
Ա. Վարդանյանի խոսքով՝ ներկայումս աշխատում են քարոզչական նյութերի վրա, կունենան նաեւ բուկլետ, որը հանրամատչելի ու պարզ կբացատրի, թե ինչու պետք է «այո» ասել սահմանադրական փոփոխություններին։ Ստեղծվել են նաեւ քարոզչական խմբեր, որոնց պատասխանատուներն են ինքը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանն եւ Լեւոն Մկրտչյանը։ Յուրաքանչյուր խմբում կլինեն չորս—հինգ՝ մեր ճանաչված դաշնակցական գործիչները, եւ յուրաքանչյուր խումբ հանդիպում կունենա երկու մարզում. «Կլինենք տասը մարզերում, հանդիպումների մեկնարկը կտրվի նոյեմբերի կեսերից»։
Ինչ վերաբերում է հարցին, թե կհրավիրի՞ արդյոք ՀՅԴ—ն հանրահավաք, Աղվան Վարդանյանը նշել է, որ դեռ չեն ծրագրում, իսկ հետագայում, եթե լինի անհրաժեշտություն, կքննարկեն այդ հարցը։
«Ժառանգությունում» քաոս չէ»
Պատգամավորները լրագրողների հետ զրույցում անդրադարձել են նաեւ այլ հարցերի։
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության արդեն նախկին ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հրաժարականից հետո խմբակցությունում քաոսային իրավիճակ ստեղծվեց։ Խմբակցությունն արդեն մեկ ամիս է՝ ղեկավար չունի։ Չորս պատգամավորները չեն կարողանում հավաքվել եւ միասնական որոշում կայացնել։
Ռուբիկ Հակոբյանը կարծում է, որ խմբակցությունում քաոսային իրավիճակ չէ, եւ առաջիկայում բոլոր խնդիրները կլուծվեն։
«Մենք նիստ չենք արել։ Չեմ կարծում, որ քաոսային իրավիճակ է։ Ժամանակի ընթացքում բոլոր խնդիրները կլուծվեն։ Մենք նիստ կանենք, կքննարկենք եւ կընտրենք խմբակցության ղեկավարի»,–ասել է Ռուբիկ Հակոբյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ միջազգային պատվիրակություններից արդեն հետ է կանչել իր անդամներին, լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
«Միջազգային պատվիրակություններից բոլորը, այդ թվում՝ նաեւ ես, հետ ենք կանչվել։ Ես ինքս ինձ հետ եմ կանչել երկու կարեւոր առանցքային պատվիրակություններից՝ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովից, որտեղ քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն էի, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի վեհաժողովից»,–ասել է Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, որ միջազգային պատվիրակություններից հետ է կանչվել Ստեփան Մարգարյանը, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստան—Եվրամիություն միջխորհրդարանական վեհաժողովի անդամ էր, Էլինար Վարդանյանը, ով ՆԱՏՕ—ի անդամ էր, Միքայել Մելքումյանը, ով Սեւծովյան համագործակցության հանձնաժողովի անդամ էր։
«Բոլորն արդեն հետ կանչված են, Գալուստ Սահակյանի գրությունը ստացել ենք, որ ձեր դիմումի համաձայն վերոնշյալ անձինք, այդ թվում ես, հետ են կանչվել պատվիրակությունների կազմից»,–նշել է նա։
ԲՀԿ—ի ղեկավարի խոսքով՝ այս պահին խմբակցությունը հինգ ազատ տեղ ունի միջազգային պատվիրակություններում, ուստի առաջիկա օրերին կքննարկեն հարցն ու կանեն անհրաժեշտ փոխատեղումները։
Ինչ վերաբերում է հարցին, որ Ստեփան Մարգարյանը եւ Էլինար Վարդանյանը դեռ վարում են հանձնաժողովների նիստերը, որտեղ նախագահում են, Զոհրաբյանը նկատել է. «Մշտական հանձնաժողովներից հետկանչի խնդիր չենք քննարկել, խոսքը վերաբերել է բացառապես միջազգային պատվիրակություններին»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ