Իշխանության նպատակն է համատեղ քննարկել ու լուծել կարեւորագույն խնդիրները
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարությանն առաջարկելով կրկին անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետից բաղկացած փաստաթղթին, եւս մեկ անգամ ոչ իշխանական ուժերին երկխոսության եւ շփման եզրեր գտնելու շանս է տվել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ «Արմենպրեսին» տված հարցազրույցին. «Նշանակում է մի բան, որ Հայաստանի նախագահը, իշխանությունները, Հանրապետականը ականջալուր են ցանկացած առաջարկի, այդ թվում նաեւ քննադատության, նշանակում է, որ իշխանությունները նախագահի գլխավորությամբ չեն գնում իրավիճակը սրելու ճանապարհով, եւ իշխանության նպատակն է երկխոսության ճանապարհով քննարկել ու լուծել երկրի առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները»։
ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ այս հարցազրույցի կարեւորագույն կետն այն է, որ նախագահն անհրաժեշտ է համարում օգտագործել բոլորի ուժերը՝ հասնելու երկրի զարգացմանը. «Մենք ունենք մի իրավիճակ, որտեղ քաղաքական իշխանությունն ու նրա ղեկավարը, անկախ ընդդիմության հնչեցրած քննադատությունից, որոշ դեպքերում ոչ կոռեկտ արտահայտություններից, մի կողմ են դնում անձնական ու կուսակցական շահը եւ առաջնորդվում են պետական շահով, եթե մենք ուզում ենք հաջողել, պետք է լսենք մեր գործընկերների կարծիքը»։
Շարմազանովն ընդգծել է, որ ՀՀԿ—ի կարծիքը չի փոխվել, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնում են, որ ցնցումներով ոչինչ չի կարող փոխվել ժողովրդի կյանքում, դա պետք է անել երկխոսությամբ, աշխատանքով։
Հարցին, թե կարելի՞ է ասել, որ նախագահի հայտարարությունը Սերժ Սարգսյան—Գագիկ Ծառուկյան հանդիպման արդյունքն էր, ԱԺ փոխնախագահը պատասխանել է. «Սա հանրապետության նախագահի հետեւողական քաղաքականության արդյունքն է։ Առաջին իսկ օրվանից, երբ նախագահն ու ՀՀԿ—ն ստանձնել են երկրի ղեկավարումը, դուք տեսել եք՝ թե՛ մարդու իրավունքների, թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ քաղաքական ուժերի երկխոսության մշակույթն արմատավորելու գաղափարի ջատագովն ենք եղել մենք»։
Հարցին, թե համաժողովրդական շարժում տեսնո՞ւմ է, նա պատասխանել է. «Ոչ թե չեմ տեսնում, որովհետեւ չեմ ցանկանում, այլ դասական առումով չկա նման շարժում, որովհետեւ կան մոտեցումների տարբերություններ, եւ առանցքային հարցերում նրանք ունեն տարբեր կարծիքներ»։
ՀՀԿ խոսնակը շեշտել է՝ իրենք կողմ են, որ ընդդիմությունը, բոլոր կուսակցությունները զարգանան. «Եվ հանրապետության նախագահի այս հարցազրույցն էլ, այս ազդակն էլ, որ ուղղված էր ոչ միայն հանրապետականներիս, այլեւ հասարակությանն ու քաղաքական ուժերին, եւս մեկ անգամ գալիս է վկայելու, որ Հայաստանում այլեւս անցյալում են անձերի շուրջ համախմբումները, միայն իշխանափոխություն անելու համար համախմբումները, իշխանություն—ընդդիմություն պայքարն էլ պետք է ավելի կառուցողական ու գաղափարական լինի»։
Հարցին, թե սահմանադրական բարեփոխումներ անցկացնելն էլ են դիտարկում քննարկումների շրջանակում, Շարմազանովը պատասխանել է, որ սահմանադրական բարեփոխումները շատ ավելի գլոբալ ու համակարգային փաստաթուղթ են։ Նրա խոսքով՝ հանրապետության նախագահի արձագանքը ցույց է տալիս, որ այն բոլոր քննադատությունները, որ իբր թե երկրում կան բազմաթիվ սոցիալ—տնտեսական խնդիրներ, իսկ իշխանությունը սահմանադրական բարեփոխումներ է անում, դրանք ոչ տրամաբանական են։ «Մենք մշտապես ասում ենք, որ մեկը մյուսին չի բացառում, այս արձագանքն ապացուցում է, որ սահմանադրական բարեփոխումների անցկացումը չի խանգարում ոչ կառավարությանը, ոչ ընդդիմությանն ու իշխանական ուժերին, որ իրենց օրակարգում ունենան սոցիալական ու տնտեսական զարգացման խնդիրներ»,–նշել է ԱԺ փոխնախագահը։
«ՍԴ բարեփոխումների առաջարկը իշխանության արդյունավետ տակտիկական քայլն էր, որն ընդդիմադիր բեւեռին դրեց ինքնաբացահայտման վիճակում։ Եթե նկատել եք՝ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնումը դարձավ լակմուսի թուղթ, որ անմիջապես ի հայտ բերեց իրավիճակը. դուք համակարգային փոփոխությունների կողմնակից չեք, բարեփոխումների կողմնակից չեք, դուք արմատական փոփոխությունների կողմնակից չեք, գործնականում դուք այդ ամենին դեմ եք ու ընդամենն ուզում եք պահպանելով եղածը՝ կոնկրետ հասցեում կոնկրետ աթոռ ունենալ»,–«Panorama.am»—ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։
«Իսկապես երկիրն այսօր հիմնարար բարեփոխումների կարիք ունի։ Այդ բարեփոխումը այն չէ՝ մեծամասնական թե համամասնական ընտրակարգով քանի մարդ կընտրվի, ով ավելի շատ հնարավորություն ունի այս կամ այն տարածքում ընտրվելու։ Պարզից էլ պարզ է, որ եթե կուսակցությունը մեծամասնականով կարողանում է պատգամավոր անցկացնել, համամասնականով էլ կանցկացնի։ Վերարտադրվելու ավելի հեշտ ձեւեր կան, քան սահմանադրական բարեփոխումները՝ ամբողջ հասարակության հետ հանրային քննարկումների մեջ մտնելը, մասնագիտական ու քաղաքական լայնամասշտաբ համաձայնության գալը եւ այլն»,– թվարկել է նա՝ ավելացնելով, որ ակնհայտ է, որ իշխանությունը գնում է ավելի դժվար ճանապարհով, ունենալով շատ ավելի հեշտ ճանապարհներ սոսկ իր, ինչպես նշում են, վերարտադրության խնդիրը լուծելու համար։
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դրական է համարում, որ կառավարությանը քառյակի ներկայացրած 12 կետերին եւս մեկ անդրադարձ կա։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, նշել է, որ խրախուսելի է համարում այն հանգամանքը, որ իրենց առաջարկներին կրկին անդրադարձ կա։ «Մեզ համար շատ կարեւոր է, որ այդ 12 կետերը հետեւողականորեն իրականացվեն»,–նշել է Մինասյանը։
Պատգամավորն ընդգծել է, որ եթե կառավարությունը եւ հանրապետության նախագահը պատրաստ են երկխոսության եւ լուծումների, կարելի է երկխոսել։ Նրա դիտարկմամբ՝ կարեւորն այն է, որ առկա խնդիրները լուծվեն, ոչ թե այն՝ դրանք ում ճնշումների ներքո են եղել։
Վարչապետը շաբաթվա վերջին քաղաքական ուժերին քննարկումներ կառաջարկի
Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեկ անգամ եւս խորհրդարանական ուժերի հետ քննության առնել նրանց կողմից առաջ քաշած 12 կետերը, բայց այս անգամ՝ հատ առ հատ ու ավելի խորքային։ Շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է քաղաքական ուժերի հետ համապատասխան ձեւաչափով սկսել քննարկումները 12 կետերի՝ առաջին հարցի շուրջ, գալ ընդհանուր եզրակացության, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները եւ շարժվել առաջ։
Այս մասին «Tert.am»—ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը. «Կառավարությունը պատրաստ է առաջ գնալ այդ ճանապարհով, այսինքն՝ վերցնել առաջ քաշված թեման, քննարկել մինչեւ վերջ, հասնել եզրակացությունների, նախանշել կատարվելիք քայլերն ու անցնել հաջորդ հարցին։ Ազգային ժողովում այս օրերին ընթացող բյուջետային քննարկումներից հետո շաբաթվա վերջին վարչապետը պատրաստվում է առաջարկել քաղաքական ուժերին համապատասխան ձեւաչափով սկսել քննարկումները առաջին հարցի շուրջ, գալ եզրակացությունների, հանրությանը ներկայացնել համատեղ աշխատանքի արդյունքները եւ շարժվել առաջ։ Այս առնչությամբ լրատվամիջոցներին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք պատշաճ եւ ժամանակին»։
|