Քաղաքական երկխոսության մերժումը դրական երեւույթ չէ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով այն փաստին, որ ոչ իշխանական եռյակի ուժերը մերժել են 12 կետերը քննարկելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկը։
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական ուժերին առաջարկել է յուրաքանչյուր հարցի համար կառավարության եւ ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով՝ ակնկալելով, որ ընդդիմությունը եւս կառուցողական կմոտենա համագործակցության առաջարկին։ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը վարչապետի առաջարկը քննարկել է ԱԺ խմբակցությունների հետ։ ՀԱԿ—ը քննարկմանը չի մասնակցել, իսկ եռյակի անդամ մյուս քաղաքական ուժերը հրաժարվել են հետագա բնակցություններից՝ կառավարությունից պահանջելով վստահության երաշխիքներ։
«Քաղաքական երխոսությունը մերժում են այն ուժերը, որոնք ասելիք կամ անելիք չունեն քաղաքական դաշտում։ Մերժումը մարգինալների գործելաոճն է։ Սա ես չեմ ասում, սա քաղաքագիտական ճշմարտություն է»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշել է ԱԺ փոխնախագահը։
Նա ընդգծել է, որ ցանկացած քաղաքական ուժ, որն իրեն լուրջ է համարում եւ մտահոգված է երկրում բարեփոխումներ իրականացնելու խնդրով, այլ ոչ թե իր փոքր դերակատարումն ավելացնելու հարցով, պետք է գնա երկխոսության. «Երկխոսությունը նրա համար է, որպեսզի իշխանությունը եւ ընդդիմությունը մոտեցնեն իրենց դիրքորոշումները հասարակության խնդիրները լուծելու համար։ Եթե դու վերջնագրեր ես ներկայացնում, նեղացածի կերպար ես ընդունում, դա ընդունելի չէ»։
Դիտարկմանը, թե ուշացած չէ՞ արդյոք կառավարության առաջարկը, Շարմազանովը պատասխանել է, որ երկխոսությունը երբեք ուշացած չի լինում, քանի որ դա անընդհատ գործընթաց է. «Եվ այս քայլով կառավարությունը, իշխանությունը, Հանրապետականը եւս մեկ անգամ պատրաստակամություն են հայտնում նստել եւ քննարկել, գտնել ընդհանուր եզրեր։ Սա չի նշանակում, որ 12 կետերը պետք է միանգամից կատարվեն կամ չկատարվեն։ Մենք պետք է նստենք եւ քննարկենք այս հարցերը, որովհետեւ առանց քննարկումների որեւէ առաջընթաց չի կարող լինել։ Իսկ նրանք լուծում չեն ցանկանում եւ նախապայման են ներկայացնում։ Այդ ինչո՞ւ մենք Թուրքիային մեղադրում ենք մեր առջեւ նախապայմաններ դնելու մեջ, իսկ ներքին քաղաքականության մենք հանդուրժում ենք նախապայմաններ։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք այսպես մտածել։ Այո, մեր երկրում կան բազմաթիվ խնդիրներ, եւ մենք այդ խնդիրները պետք է լուծենք երկխոսության եղանակով։ Սակայն, եթե դու կանխավ վերջնագիր ես ներկայացնում, դա արդեն խոսում է քո մարգինալության մասին»։
Անդրադառնալով ԲՀԿ—ի եւ «Ժառանգության» դիրքորոշմանը, որոնք ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ պնդել են, որ կառավարությունը որպես վստահության երաշխիք ընտրական օրենսգրքում բարեփոխումներ իրականացնի, Շարմազանովը նկատել է, որ դա անտրամաբանական է, քանի որ ընտրական օրենսգրքում բարեփոխումների հարցը ներառված է 12 կետերի մեջ. «Եթե այդ հարցը կա 12 կետերի մեջ, ապա կառավարությունը, աստիճանաբար քննարկելով բոլոր կետերը, կանդրադառնա նաեւ այդ կետին»։
Հարցին, թե իշխանություններին ի՞նչն է խանգարում, որ գնան ընտրական օրենսգրքում բարեփոխումների ճանապարհով, ինչի մասին անընդհատ պնդում են ընդդիմադիրները, Շարմազանովն ընդգծել է, որ իշխանություններին այդ հարցում ոչինչ չի խանգարում։ «Իշխանությունն ավելի լայն բարեփոխումների օրակարգ ունի՝ կապված սահմանադրական բարեփոխումների հետ։ Մենք երբեք չենք ասել, որ չենք գնալու ընտրական օրենսգիրքը բարեփոխելու ճանապարհով, այլ ասում ենք, որ եթե երկրում կա համակարգային փոփոխությունների խնդիր, ապա մինչեւ «բ» կետին հասնելը, պետք է անցնենք «ա» կետը»,–ընդգծել է Շարմազանովը։
Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել առկա քաղաքական փակուղին, Շարմազանովը պատասխանել է, որ իշխանությունները լավատես են այդ հարցում։ «Կարծում եմ, որ պետք է մշտապես երկխոսության միջոցով բարեփոխումներ իրականացնելու քայլեր ձեռնարկենք։ Եվ դրա վառ օրինակը երեկվա քննարկումն էր սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության վերաբերյալ եւ այսօրվա միաձայն քվեարկությունը»,–ընդգծել է ԱԺ փոխնախագահը։
|