Հանրապետական կուսակցությունը հաղթանակ է տանում ԱՄՆ—ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընտրություններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս մասին են վկայում այն հաշվարկները, որոնք վարում են «Fox News», «CNN News» եւ «NBC News» հեռուստաալիքները։
Հանրապետականները, նախնական տվյալների համաձայն՝ կպահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։ Ըստ NBC—ի հաշվարկների՝ նրանք կստանան 435 տեղերից 242—ը, մինչդեռ նախքան ընտրությունները նրանց վերահսկողության տակ էր 233 տեղ։ CBS—ը կանխատեսում է, որ հանրապետականները 226 տեղ կստանան Կոնգրեսի ստորին պալատում։
Ըստ որում հանրապետականները նաեւ կարող են մեծամասնություն ստանալ Սենատում, որն ավելի վաղ պահպանում էին դեմոկրատները։ Ընթացիկ տվյալներով՝ հանրապետականներն իրենց համար ապահովել են 43 տեղ, մինչդեռ դեմոկրատները՝ 41 տեղ (Սենատում ընդամենը 100 տեղ է)։ Ըստ որում Հանրապետական կուսակցությանն արդեն հաջողվել է իր ընդդիմախոսներից խլել Սենատի այն վեց տեղերից երեքը, որոնք անհրաժեշտ են Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ վերահսկողության համար։ Ներկայումս Սենատում 53 աթոռ պատկանում է դեմոկրատներին, 45—ը՝ հանրապետականներին եւ երկուսը՝ անկախ օրենսդիրների։
Դեմոկրատները Սենատում մեծամասնությունը կկորցնեն նախագահից ամերիկացիների հիասթափության պատճառով։ Մասնավորապես, հանրապետականների թեկնածուները հաղթել են Միսիսիպիի, Թենեսիի, Մենի, Ալաբամայի նահանգներում եւ Սենատում երկու տեղ են պահպանել Օկլահոմայից։ Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մակքոնելը հաղթում Է Քենտուկիի նահանգում՝ առաջ անցնելով Դեմոկրատական կուսակցության թեկնածու Էլիսոն Գրեյմսից։ Նաեւ հաղթանակը հանրապետականներին բաժին կհասնի այնպիսի հանգուցային նահանգներում, ինչպիսիք են Արեւմտյան Վիրջինիան, Հյուսիսային եւ Հարավային Կարոլինան, Արկանզասը, Հարավային Դակոտան։ Դեմոկրատներն, իրենց հերթին, հաղթանակ են տանում հանգուցային Նյու Հեմփշիրի նահանգում։
Ինչպես նշել է «Reuters»—ը, այժմ Հանրապետական կուսակցությունը մեծ շանսեր ունի 2006 թվականից ի վեր առաջին անգամ վերահսկողություն հաստատելու Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ, ինչը նրան թույլ կտա ձեւավորել օրակարգը եւ լուրջ դժվարություններ ստեղծել դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի համար։
Օբաման ինքը նոյեմբերի 4—ին WNPR ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ իր կուսակցության համար ներկա իրադրությունը կարող է դառնալ վատթարագույնը նախագահ Դուայտ Էյզենհաուերի ժամանակներից ի վեր, որն ԱՄՆ—ը գլխավորել է 1953–1961 թվականներին։
|