Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գումարել է հերթական նիստ, հայտնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։ Նախքան նիստի օրակարգին անցնելը հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին է փոխանցել 2015 թվականի դեկտեմբերի 6—ին կայանալիք ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին էլեկտրոնային եղանակով քվեարկող ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անդամների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող թվով 265 ծրարներ։
Նիստի ընթացքում, հանձնաժողովի որոշմամբ, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերի թվով 34 համայնքներում 2015 թվականի դեկտեմբերի 6—ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների լիազորությունները վերապահվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6—ի հանրաքվեի համար ձեւավորվող տեղամասային հանձնաժողովներին։
Հերթական նիստում ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6—ի հանրաքվեի քարոզչության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, խմբակցություններին հանրաքվեի քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով։ ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվելու է ժամը 18.00—ից, իսկ հանրային ռադիոյով՝ ժամը 13։30—ից եւ ժամը 21։40—ից։ Համաձայն սահմանված կարգի, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի կողմից նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել, բայց ոչ ավելի, քան 30 րոպե։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններին հանրաքվեի քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 60 րոպե անվճար եւ մինչեւ 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2015թ. նոյեմբերի 6—ից մինչեւ 2015թ. նոյեմբերի 30—ը ներառյալ՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 4 րոպե վճարովի հիմունքներով։
2) 2015թ. դեկտեմբերի 1—ին եւ դեկտեմբերի 2—ին՝ օրը 2 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով։
3) 2015թ. դեկտեմբերի 3—ին եւ դեկտեմբերի 4—ին՝ օրը 3 րոպե անվճար եւ մինչեւ 5 րոպե վճարովի հիմունքներով։
Հանրային ռադիոն տրամադրում է 120 րոպե անվճար եւ մինչեւ 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ, ընդ որում՝
1) 2015թ. նոյեմբերի 6—ից մինչեւ նոյեմբերի 30—ը ներառյալ՝ օրական երկու անգամ՝ 2—ական րոպե անվճար եւ մինչեւ 3—ական րոպե վճարովի հիմունքներով։
2) 2015թ. դեկտեմբերի 1—ին եւ դեկտեմբերի 2—ին՝ օրական երկու անգամ՝ 2—ական րոպե անվճար, 2015թ. դեկտեմբերի 1—ից մինչեւ դեկտեմբերի 3—ը ներառյալ՝ օրական երկու անգամ մինչեւ 4—ական րոպե վճարովի։
3) 2015թ. դեկտեմբերի 3—ին եւ դեկտեմբերի 4—ին՝ օրական երկու անգամ՝ 3—ական րոպե անվճար, դեկտեմբերի 4—ին՝ օրական երկու անգամ մինչեւ 3—ական րոպե վճարովի հիմունքներով։
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը սահմանել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով անվճար, վճարովի եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը։
ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանրային հեռուստատեսության եւ հանրային ռադիոյի եթերաժամը սահմանված ժամանակացույցին համապատասխան չօգտագործելու դեպքում Ազգային ժողովի խմբակցությանը դրա փոխարեն այլ եթերաժամ չի տրամադրվում, ինչպես նաեւ խմբակցությանը տրամադրված եթերաժամն այլ խմբակցության կողմից օգտագործվել չի կարող։
Նիստում քննարկվել են նաեւ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ «Քաղաքացիական շտաբ» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումները։
Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումի քննությամբ՝ ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը որոշել է դիմումը բավարարել, պայմանավորված տեղամասային հանձնաժողովներում ներկայացվածությունը հնարավորինս լիարժեք ապահովելու եւ, ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանմամբ, իրավասու սուբյեկտների կողմից հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներում անդամ նշանակելու իրավասությունն իրացնելու առավելագույն հնարավորություն ապահովելու նպատակներով։ Արդյունքում, 2012 թվականին 3 տարի ժամկետով տրված ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականների ուժի մեջ գտնվելու ժամկետը երկարաձգել է, եւ դրանք համարվել են վավեր մինչեւ հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարման ժամկետի ավարտը։ «Քաղաքացիական շտաբ» քաղաքացիա—իրավական հասարակական կազմակերպության դիտորդների հավատարմագրման մասին դիմումը մերժվել է, քանի որ կազմակերպության կանոնադրական խնդիրները չեն ներառում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցեր։
|