ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 10:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 13 » Հայ երիտասարդները հաճույքով են ներգրավվում ՏՏ ոլորտ /ՀՀ նախագահի 2014թ. մրցանակը հանձնվել է Մարիո Մացցոլային/
13:44
Հայ երիտասարդները հաճույքով են ներգրավվում ՏՏ ոլորտ /ՀՀ նախագահի 2014թ. մրցանակը հանձնվել է Մարիո Մացցոլային/

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլային, ով արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի մրցանակին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը ողջունել է Մարիո Մացցոլային եւ նրա տիկնոջը՝ Լուչիանա Կավալետին, Հայաստանում։ Խոսելով ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակ հիմնելու նպատակի մասին՝Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած ժամանակահատվածը ցույց տվեց, որ այն միանգամայն արդարացված էր. ոլորտում արդեն իսկ որոշակի հաջողություններ կան, Հայաստանում երիտասարդները հաճույքով են ներգրավվում հեռանկարային դարձած ՏՏ ոլորտ, մեծ է հետաքրքրությունը նաեւ դպրոցականների շրջանում, որոնց համար հիմնվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, եւ այժմ նպատակ կա մոտակա տարիներին Հայաստանի բոլոր մարզերում հիմնել այդպիսի կենտրոններ։ Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում անցկացրած ժամանակը նաեւ հնարավորություն կտա Մարիո Մացցոլային՝ավելի մոտիկից ճանաչելու Հայաստանը, ծանոթանալու մեր ժողովրդի պատմությանն ու մշակույթին։
Մարիո Մացցոլան շնորհակալություն է հայտնել մրցանակի համար եւ նշել, որ իր, իր տիկնոջ եւ դստեր համար սա անմոռանալի իրադարձություն է։ Հայաստանում գտնվելու այս օրերին իրենք ամբողջությամբ զգացին հայ ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալությունը, հասցրեցին նաեւ շատ լավ բարեկամներ ձեռք բերել։ Մարիո Մացցոլան ներկայացրել է այցի շրջանակներում ունեցած իր հանդիպումները եւ դրանցից ստացած տպավորությունները՝ գոհունակությամբ նշելով, որ առիթ է ունեցել այցելելու Մատենադարան, ծանոթանալու հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու համաշխարհային քաղաքակրթության մեջ նրա ունեցած ներդրման վկայություններին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Նա նշել է, որ բավականին տպավորված է «Թումո» կենտրոնով, որը մեծ հնարավորություն է բացում երեխաների համար՝ ՏՏ ոլորտում ապագայում հաջողությունների հասնելու ճանապարհին։
«Պարո՛ն նախագահ, մեծապես տպավորված եմ, զգացված եւ երջանիկ այն հնարավորության համար, որ ընձեռել եք ինձ եւ իմ ընտանիքին՝գտնվելու Հայաստանում եւ զգալու այն ջերմությունն ու ուշադրությունը, որին մենք արժանանում ենք»,–ՀՀ նախագահի հետ հանդիպմանն ասել է Մարիո Մացցոլան։
Նախագահի նստավայրում երեկ երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած՝բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեծ հեղինակություն վայելող աշխարհահռչակ «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ, միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում մի շարք նորարարությունների հեղինակ Մարիո Մացցոլայի եւ նրա տիկնոջ՝ Լուչիանա Կավալետի, հրավիրվել է ընդունելություն։
Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ընդունելությանը հնչեցրած իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ամենադինամիկ զարգացող եւ ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող ճյուղ հանդիսացող ՏՏ ոլորտի վերջին տարիների հաջողությունները, ոլորտի զարգացման ուղղությամբ մեր երկրում կյանքի կոչվող նախաձեռնությունները, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին արժանացող անձի ընտրման ընթացակարգն ու նախորդ տարիներին մրցանակի արժանացածներին։
«Ամեն տարի այս արարողության ժամանակ ես իմ ելույթում նշում եմ նախկին մրցանակակիրների տարբեր կարծիքներ՝ Հայաստան կատարած իրենց այցի վերաբերյալ։ Այսօր էլ ուզում եմ վերհիշել «Ինթել» կորպորացիայի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթի խոսքերը։ «Շատ տպավորված եմ հայ ժողովրդի հարուստ պատմությամբ եւ մշակույթով։ Ես բազմիցս Երուսաղեմում եմ եղել եւ ամեն անգամ այցելել եմ Հայկական շրջան, որտեղ հսկայական նվիրվածություն եւ ջերմություն եմ տեսել։ Նույնը Հայաստանում եմ նկատում։ Հայերը շատ ուշիմ, պայծառ, աշխատասեր մարդիկ են։ Ուրախությամբ նկատեցի, որ Հայաստանում մարդիկ գիտակցում են, թե երկրի ապագայի համար ինչ կարեւոր է տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացումը։ Հաճելի է նույն գիտակցությունը նկատել կառավարության մակարդակում»։
Հիրավի պարոն Բարրեթը ճշմարտացի է։ Մենք այլընտրանք չունենք, քան ապավինել գիտատար ճյուղերի զարգացմանը։ Վստահ ենք, որ տարիներ անց այս պատվավոր մրցանակը ստացած հսկաները կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ, եւ ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչողությունը, որպես գիտելիքին եւ ինտելեկտին ապավինող երկիր։ Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ, եւ մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները դառնալու տարածաշրջանային կենտրոն եւ կարեւոր դերակատար»,–ասել է Հովիկ Մուսայելյանը։
Հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանն ընդունելության մասնակիցներին համառոտ ներկայացրել է մրցանակի արժանացած Մարիո Մացցոլայի կենսագրությունը։
Մրցանակի հանձնման առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։
Հարգելի՛ պարոն Մացցոլա,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Շատ ուրախ եմ բարի գալուստ մաղթելու ձեզ եւ ողջունելու ՀՀ նախագահի նստավայրում։
Մեր հանդիպման առիթը հիրավի ուրախալի է։ Այսօր ինձ պատիվ է վիճակվել «Սիսկո սիսթեմզ» ընկերության ղեկավարներից մեկին՝ զարգացման գծով նախագահ պարոն Մարիո Մացցոլային հանձնելու Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը։
Ո՛չ «Սիսկո սիսթեմզը» եւ ո՛չ էլ պարոն Մացցոլան հատուկ ներկայացման կարիք չունեն։ Յուրաքանչյուր մարդ, ով փոքր—ինչ առնչվել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին, պետք է քաջ ծանոթ լինի այս անուններին։
Ասում են, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում։ Վստահ եմ, որ պարոն Մացցոլայի տաղանդը կարող էր բացահայտվել յուրաքանչյուր բնագավառում, որին իր կյանքը կնվիրեր պարոն Մացցոլան։ Այնուամենայնիվ, դա տեղի ունեցավ հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, իսկ այժմ իր լավագույն կիրառումն է գտնում «Սիսկո սիսթեմզ» ընկերությունում։
«Սիսկոյի» մշակած ճարտարագիտական եւ տեխնոլոգիական լուծումներն այսօր օգտագործվում են աշխարհի թերեւս բոլոր երկրներում։ Դրանք արդյունավետորեն կիրառվում են մեքենաշինության, հանքարդյունաբերության, շինարարության, առեւտրի, ֆինանսաբանկային, ապահովագրական եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Եվ եթե աշխարհի երեսին կա մի երկիր, որտեղ «Սիսկոյի» աշխատանքից չեն օգտվում, ապա այդ երկիրն ինքն է իրեն դուրս դրել քաղաքակրթության շրջանակներից։
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակն արդեն հնգամյա պատմություն ունի։ Այսպիսով, այս մրցանակաբաշխությունն արդեն կարելի է համարել հոբելյանական։
Վստահությամբ արդեն կարող ենք պնդել, որ այս մրցանակը կայացել է եւ լայն միջազգային ճանաչում է ձեռք բերել։ Այս մրցանակով մենք երախտագիտություն ենք հայտնում նրանց, ովքեր նոր խոսք են ասում ՏՏ ոլորտում եւ դրանով իսկ նպաստում են մարդկության զարգացման համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը։
Սակայն այս ձեւով մենք նաեւ յուրահատուկ կոչ ենք հղում մեր երիտասարդությանը։ Այսօրվա այս միջոցառումն ունի հենց այն խորհուրդը, որը որպես ընկերության կարգախոս օգտագործում է «Սիսկոն»՝ վաղը սկսվում է այստեղ։ Վստահ եմ, որ պարոն Մացցոլայի օրինակը հայ երիտասարդներին ոգեշնչելու է նորանոր հաջողություններ արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
Հարգելի՛ պարոն Մացցոլա,
Շատ ուրախ եմ, որ Դուք Երեւան եք ժամանել Ձեր ընտանիքի անդամների հետ, Ձեր տիկնոջ եւ դստեր հետ։ Հուսով եմ, որ այս օրերի ընթացքում Դուք կարող եք ծանոթանալ մեր երկրին, մեր ժողովրդի պատմությանն ու ներկային։ Իսկ մենք մշտապես սպասում ենք մեր բարեկամներին եւ պատրաստ ենք նրանց փոխանցել մեր ջերմությունը։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ամենայն բարիք, հաջողություններ եւ, անշուշտ, նորանոր հաջողություններ Ձեր սիրած այն աշխատանքում, որի շնորհիվ Դուք դարձել եք աշխարհահռչակ։ Համոզված եղեք, որ այդ հաջողություններով մենք միշտ Հայաստանում ուրախացել եւ ուրախանալու ենք։
Շնորհակալ եմ, որ Դուք հարմար համարեցիք գալ եւ անձամբ ստանալ այս համեստ մրցանակը։
Մրցանակակիր Մարիո Մացցոլան իր շնորհակալական խոսքում երախտագիտություն է հայտնել ՏՏ ոլորտի այսպիսի հեղինակավոր մրցանակի արժանանալու համար, ներկայացրել իր գործունեությունը, խոսել աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար առկա լավ նախադրյալների ու հեռանկարի մասին։
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 433 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024