ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 07:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 23 » Հայաստանն իրեն լավագույնս է դրսեւորել /Մեր երկիրն Ինտերպոլի ամենավստահելի անդամներից է/
17:50
Հայաստանն իրեն լավագույնս է դրսեւորել /Մեր երկիրն Ինտերպոլի ամենավստահելի անդամներից է/

Միջազգային ոստիկանական կազմակերպության՝ Ինտերպոլի ստեղծման գաղափարը ծնվել է դեռեւս 1914թ. Մոնակոյում անցկացված առաջին ոստիկանական համաժողովի ընթացքում, եւ այս տարի նշվում է կառույցի ստեղծման 100—ամյակը։ Այսօրվա դրությամբ կառույցին անդամակցում են 190 երկրներ, յուրաքանչյուր երկրում կա լիազորված մարմին, եւ բոլոր երկրներում դրանք կոչվում են ազգային կենտրոնական բյուրոներ (ԱԿԲ)։ Հայաստանն Ինտերպոլին միացել է 1992թ. եւ, չնայած այդ երիտասարդ տարիքին, արդեն վայելում է թե Ինտերպոլի եւ թե մեր իրավապահ մարմինների վստահությունը, համարվում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ կազմակերպության լավագույն ԱԿԲ—ներից մեկը։
Երեկ տեղի ունեցած ասուլիսում ներկայացնելով ընթացիկ տարում կատարված աշխատանքները՝ ՀՀ—ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արա Ֆիդանյանը տեղեկացրեց, որ հանցավորության դեմ պայքարում ՀՀ—ում Ինտերպոլի ԱԿԲ—ի հիմնական խնդիրն է ոստիկանության ստորաբաժանումներին եւ իրավապահ այլ մարմիններին առավելագույնս ապահովել քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության մոտ առկա օպերատիվ եւ մեթոդական տեղեկատվությամբ, արագ եւ արդյունավետ կապ հաստատել Ինտերպոլի անդամ երկրների ոստիկանական մարմինների հետ օպերատիվ տեղեկատվության փոխանակման եւ իրացման նպատակով։
Ոստիկանության պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ—ի ծանրաբեռնվածությունը տարեցտարի աճում է, ինչի ապացույցն է ԱԿԲ—ում փաստաթղթաշրջանառության ծավալների աճը։ Այսպես՝ միայն 2014թ. ինը ամիսների ընթացքում ԱԿԲ—ի կողմից ստացված եւ առաքված փաստաթղթերի ծավալը կազմել է 25 հազար 48 տեղեկատվական միավոր։ Բացի այդ՝ Ինտերպոլի հեռահաղորդակցման հատուկ համակարգի միջոցով մշակվել է եւս 67 հազար 430 տեղեկատվական միավոր։ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ—ում առաջնային են դիտվում հետախուզվողների հայտնաբերման, անձանց հաշվառումներով ստուգումների եւ նույնացման, ավտոտրանսպորտային միջոցների, մշակութային արժեքների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անդրազգային կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, թրաֆիքինգի, դրամանենգության, տնտեսական բնույթի, կիբերհանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
«Մասնավորապես՝ 2014թ. ինը ամիսների ընթացքում իրավապահ մարմինների կողմից ստացվել են 89 նոր հարցումներ հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ինտերպոլի անդամ երկրներում հաջողվել է պարզել ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 95 անձանց գտնվելու վայրը, որոնցից 66—ը ձերբակալվել են, իսկ 13—ը ենթարկվել էքստրադիցիայի։ Ընդհանուր առմամբ՝ միջազգային հետախուզման մեջ է գտնվում 309 անձ»,–ասաց Ա. Ֆիդանյանը։
Միեւնույն ժամանակ ԱԿԲ–ն բավականին արդյունավետ միջոցառումներ է իրականացնում Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող անձանց՝ Հայաստանում հայտնաբերելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ հիշյալ ժամանակահատվածում Ինտերպոլի անդամ երկրներից ստացվել են 105 նոր հարցումներ անձանց հետախուզման վերաբերյալ։ Արդյունքում՝ Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումների հետ իրականացված միջոցառումների շնորհիվ մեր երկրում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող 53 անձինք՝ նախորդ տարվա 33—ի դիմաց։ Նրանցից 28—ը ձերբակալվել են, իսկ 8—ը՝ ենթարկվել էքստրադիցիայի։ Ստացվել են նաեւ հարցումներ 8 չճանաչված դիակների վերաբերյալ, որոնցից երկուսը նույնացվել են.
«Ուշագրավ է այն պետությունների աշխարհագրությունը, որոնց կողմից հետախուզվող անձինք հայտնաբերվում են Հայաստանում։ Վերջին ժամանակահատվածում մեր երկրում հայտնաբերվել են Միացյալ Նահանգների, Բելգիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իրանի, Կորեայի, Քուվեյթի կողմից հետախուզվող անձինք եւ, բնականաբար, ԱՊՀ երկրների հետախուզվողներ։ Նախկինում այլ երկրների կողմից հետախուզվող եւ Հայաստանում հայտնաբերված անձանց զգալի մասը ՀՀ քաղաքացիներ էին, սակայն վերջին շրջանում կան տարբեր երկրների քաղաքացիներ։ Զգալի թիվ են կազմում Իրանի քաղաքացիները, եղել են նաեւ Թուրքիայի քաղաքացիներ ու ազգությամբ թուրքեր։ Դա բացատրվում է այն հանգամանքով, որ աճել են զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան, ինչպես նաեւ՝ որոշ անձինք հույս ունեն, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն, կարող է նաեւ հեռու լինել Ինտերպոլի հետ համագործակցությունից»։
Ա. Ֆիդանյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ ԱԿԲ—ի կողմից անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում Ինտերպոլի անդամ երկրների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող 381 ՀՀ քաղաքացիների կամ ազգությամբ հայերի նկատմամբ։ Ինտերպոլի հայաստանյան ԱԿԲ—ի ղեկավարը կարեւորեց նաեւ անձանց նույնացման ոլորտում իրականացվող աշխատանքները, քանի որ ՀՀ որոշ քաղաքացիներ, մեկնելով արտասահմանյան երկրներ, ներկայանում են մտացածին անձնական տվյալներով, ինչը բարդացնում է այդ երկրների իրավապահ մարմինների աշխատանքը։ Նման հարցումների թիվը ընթացիկ տարվա ինը ամիսներին կազմում է 134՝ 176 անձանց նկատմամբ, որի արդյունքում նույնացվել է 134 անձ՝ նախորդ տարվա 73—ի դիմաց.
«Գլխավոր քարտուղարության ինֆորմացիոն կենտրոնով եւ ԱԿԲ—ի պահոցներով օպերատիվ տեղեկատվական ստուգումներ իրականացնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության մասնագիտացված մաքսատնից ներկայացվել է 34 հազար 839 ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու նպատակով։ Նախորդ տարի այդ թիվը կազմել է 26 հազար 722։ Կատարված աշխատանքների շնորհիվ Հայաստանում հայտնաբերվել է Ինտերպոլի անդամ երկրների կողմից հետախուզվող եւ հափշտակված 9 ավտոտրանսպորտային միջոց։ Միեւնույն ժամանակ աշխատանքներ են իրականացվել նաեւ թվով ութ՝ վերադաջման կասկածանքով ներկրված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ»։
Բանախոսը շեշտեց՝ ԱԿԲ—ի եւ շահագրգիռ այլ ծառայությունների կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում հնարավոր է դարձել կանխել առեւանգված ավտոտրանսպորտային միջոցների մասշտաբային ներկրումը Հայաստան։ Եթե, օրինակ, 2003—2004թթ. ընթացքում մեր երկրում հայտնաբերվել էր առեւանգված եւ միջազգային հետախուզման մեջ գտնվող 139 ավտոտրանսպորտային միջոց, ապա այս տարվա ինը ամիսներին այդ թիվը կազմել է ընդամենը 9 միավոր.
«Եղել են դեպքեր, երբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել ի հայտ բերել այսպես կոչված ապահովագրական խարդախությունների դեպքեր։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ արտասահմանյան երկրներում նախկին սեփականատերն ավտոմեքենան վաճառելուց հետո դիմում է ոստիկանություն՝ հայտնելով իբրեւ թե իր ավտոմեքենայի առեւանգման վերաբերյալ։ Մինչդեռ այդ ավտոմեքենան մեր քաղաքացիների կողմից օրինական ներմուծվել է Հայաստան. նպատակը, բնականաբար, այդ երկրներում ապահովագրական գումար ստանալն է»։
Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ—ն համագործակցում է կառույցի գրեթե բոլոր անդամ երկրների հետ, առավել ակտիվ համագործակցություն ծավալվում է 9 երկրների հետ։ Դրանք են՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Շվեդիան, Վրաստանը, Լեհաստանը, Բելգիան եւ Իրանը։ Հատկանշական է, որ մեր կողմից Ինտերպոլի խողովակներով բավականին ակտիվ եւ արդյունավետ համագործակցություն է իրականացվում նաեւ Թուրքիայի Ինտերպոլի ԱԿԲ—ի հետ։ 2014թ. ինը ամիսների ընթացքում այդ երկրի ԱԿԲ—ի հետ փաստաթղթաշրջանառությունը կազմել է 198 տեղեկատվական միավոր.
«Բացի այդ՝ երկու երկրների ԱԿԲ—ների ջանքերով հնարավոր է դարձել փոխադարձության հիման վրա իրականացնել Հայաստանի եւ Թուրքիայի կողմից միջազգային մակարդակով հետախուզվող մի շարք անձանց էքստրադիցիայի գործընթացը։ Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չկան, այդուհանդերձ Ինտերպոլը համարվում է ապաքաղաքանացված կառույց, եւ համագործակցությունն իրականացվում է հենց այս կառույցի միջոցով։ Դառնալով Ինտերպոլի անդամ՝ յուրաքանչյուր պետություն կարող է համագործակցություն իրականացնել մեկ այլ՝ ցանկացած պետության ԱԿԲ—ի հետ»։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
 

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 481 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024