«Հայաստանը ողջունում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի կողմից հայերի եւ այլ քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը»,–ասված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության մեջ։
«Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի կապակցությամբ նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարությունը՝ Բունդեսթագի կողմից ընդունված այս բանաձեւի հետ միասին, հանդիսանում են Գերմանիայի արժեքավոր ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում, այլեւ ընդդեմ ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համամարդկային պայքարում։
Մինչ այսօր Գերմանիան եւ Ավստրիան, որպես Օսմանյան կայսրության նախկին դաշնակիցներ, ընդունում են Հայոց ցեղասպանության իրականացման մեջ իրենց պատասխանատվության բաժինը, իսկ Թուրքիայի իշխանությունները շարունակում են համառորեն ժխտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության անհերքելի փաստը։ Միջազգային հանրությունը հարյուրմեկ տարի սպասում է, որ Թուրքիան կառերեսվի իր պատմությանը»,–նշել է Էդ. Նալբանդյանը։
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Գերմանիայի Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումն ապացուցում է, որ Թուրքիայի ժխտողականությունը արագացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը»։
ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանի հետ հեռախոսազրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Այս քայլով Գերմանիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը»։
Նա բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծի ընդունումը։ Շարմազանովը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը նոր ուղի կբացի ցեղասպանությունների միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում. «Համոզված եմ, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունը ճանաչելու եւ դատապարտելու շնորհիվ հնարավոր է կանխել մարդկության դեմ նոր ցեղասպանությունների իրագործումը»։
Բունդեսթագի փոխնախագահն իր հերթին նշել է, որ բանաձեւում իրերը կոչվել են իրենց անուններով։ Էդելգարդ Բուլմանը կարեւորել է պատմության հետ առերեսվելու եւ պատմության խորքից իրողությունների վերհանման եւ խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը։
«Պաշտոնապես ճանաչելով եւ դատապարտելով Հայոց ցեղասպանությունն ու հիշատակի տուրք մատուցելով 1.5 միլիոն անմեղ զոհերին, Գերմանիան եւս մերժեց թուրքական ժխտողականությունն ու քաղաքական շանտաժի դրսեւորումները»,–«Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։ «Թուրքիան, բացի իրենից ու իր անցյալից, որեւէ միջազգային գործընկերոջից «նեղանալու» բարոյական ու քաղաքական հիմքեր չունի։ Գերմանիան եւ երկու տասնյակից ավելի պետություններ ցույց տվեցին, որ բացի քաղաքական շահերից, աշխարհում կան նաեւ անանցանելի ու անբեկանելի արժեքներ»,–գրել է պատգամավորը։
«Միդիա—Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը ողջունել է բանաձեւի ընդունումը։
«Վերջապես Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Հավատացած եմ, որ եթե ժամանակին ճանաչվեր եւ դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա հետագա ցեղասպանությունները, այդ թվում նաեւ եզդի ժողովրդի ցեղասպանությունն Իրաքի Շանգալ եզդիաբնակ նահանգում չէր լինի։ Բայց թշնամությունն ու ատելությունը հավերժ չեն կարող լինել։ Թուրք ժողովուրդը պետք է ազնվորեն առերեսվի իր անցյալին, ամոթ չէ, այլ ուղղակի անհրաժեշտություն է»,–ասված է հայտարարության մեջ։
ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ ԱՄՆ—ի կոնգրեսը, ԱՄՆ—ի նախագահը ճանաչելու են Հայոց ցեղասպանությունը. «Ավելին, վաղ թե ուշ նաեւ Թուրքիան է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,–հավելել է Ալեքսանդր Սաֆարյանը։
Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է. «Դեռ ժամանակ կա ԱՄՆ նախագահ Օբամայի համար հետեւելու Գերմանիայի օրինակին եւ մերժելու Թուրքիայի հրահանգները՝ ազնվորեն խոսելով Հայոց ցեղասպանության մասին»։
Քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը կարծում է, որ հայկական կողմը բավական շահեկան ձեւով կարող է օգտագործել այս հանգամանքը՝ Թուրքիայի ակտիվությունը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ընդհանրապես ճնշելու եւ վերահսկողության տակ պահելու համար։
«Գերմանիայի եւ Թուրքիայի հարաբերություններում քաղաքական ճգնաժամ է սպասվում, ինչը բավական երկարատեւ է լինելու, որովհետեւ երկու երկրների հարաբերություններում առանձնապես դժվարություններ կային, եւ նման բանաձեւ ընդունելով՝ Գերմանիան լուրջ սահմանափակումներ է դնում Թուրքիայի առաջ»,–ասել է նա։
Նա բանաձեւի ընդունումը կարեւորել է հատկապես Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի շարունակականության տեսակետից։
Հայ ժողովուրդը շնորհակալ է Գերմանիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ ընդունելու, սեփական պատասխանատվությունը ստանձնելու համար։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մոտ տեղի ունեցավ շնորհակալության ակցիա, որին միացել էին տարբեր երիտասարդական կազմակերպություններ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ hhpress.am
Գ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|