Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտը ներկայումս ամենամեծ կշիռ ունեցողն ու արագ զարգացողն է ողջ աշխարհում։ Ֆինանսական ահռելի հեռանկարներ եւ տնտեսական աճ ապահովելով զարգացող երկրներում՝ այն հնարավորություն է տալիս բնական ռեսուրսներ չունեցող տնտեսություններին շատ արագ իրենց դիրքը գրավելու համաշխարհային շուկայում։ Սա է պատճառը, որ Հայաստանի տնտեսության համար ՏՏ ոլորտը հռչակվել է որպես գերակա ուղղություն, եւ վերջին տարիներին հսկայական աշխատանք է իրականացվել ոլորտի զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման ուղղությամբ։
Դրանցից մեկն ազատ տնտեսական գոտիների ստեղծումն էր, որոնցից մեկում՝ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում կամ Մերգելյանի ինստիտուտում իր գործունեությունն է ծավալել «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, որը մշակեց ու շուտով կյանքի կկոչի հայկական պլանշետների եւ խելախոսների արտադրության հավակնոտ ծրագիրը։ «Արմթաբ» պլանշետի եւ «Արմֆոն» խելախոսի արտադրությունը նույն ինստիտուտում կմեկնարկի մոտ ժամանակներս։
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը» գիտահետազոտական եւ արտադրական կազմակերպություն է՝ ստեղծված 2013թ.։ Հիմնական ուղղվածությունը կրթական էլեկտրոնային միջոցների արտադրությունն է։ Ընդ որում՝ սարքավորումների ծրագրային ողջ ապահովումը, ինչպես նաեւ ապարատային մասի դիզայնը եւ գծագրերն ամբողջությամբ ստեղծվում են հայ ինժեներների կողմից։ Հաջորդ տարվա սկզբին արդեն հայ սպառողն ինքը կկարողանա գնահատել տեղական արտադրության այս սարքավորումների առավելությունները։
«ՀՀ»—ի հետ զրույցում անդրադառնալով մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներին՝ ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Վահան Շաքարյանը հատուկ ընդգծեց այլ երկրներում գործող մեր դիվանագիտական ներկայացուցիչների դերը այս գործում։ Ընկերության ներկայացուցիչները նոյեմբերի 11–13—ն այցելել են Թուրքմենստան, ապա Վիետնամ՝ համոզվելով, որ այս երկու երկրում մեծ հետաքրքրություն կա հայաստանյան ՏՏ ոլորտի նկատմամբ, եւ դրանում իրենց կարեւոր դերն են ունեցել այս երկրներում մեր դեսպանները։
«Այս մարդիկ հսկայական աշխատանք են կատարում եւ աջակցում են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը։ Թուրքմենստանում դեսպան Վլադիմիր Բադալյանի նախաձեռնությամբ մասնակցեցինք ՏՏ ոլորտին, կրթական միջոցներին, ծրագրերին եւ դասավանդման մեթոդներին նվիրված համաժողովին։ Այս երկրում Հայաստանի դեսպանատան միջոցով անցկացրինք մի շարք հանդիպումներ տեղի բարձրաստիճան պաշտոնյաների եւ համալսարանների ռեկտորների հետ, ինչը հնարավորություն տվեց մի շարք կարեւորագույն համաձայնություններ ձեռք բերել»,–ասաց Վ. Շաքարյանը։
Թուրքմենստանում կայացած հանդիպումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել թուրքմենական կրթական համակարգի համար «Արմթաբ» պլանշետներ պատրաստելու մասին։ Արդեն իսկ պատրաստվել են թուրքմենական լեզվով թվային դասագրքերի տարբերակները, քանի որ այնտեղ իրենց լեզվով նման կոնտենտ գոյություն չուներ։ Ծրագիրն իրականացվելու է «Ինսթիգեյթ Դիզայն» ընկերության հետ համատեղ, որն էլ մշակել է «Ոստան» օպերացիոն համակարգն «Արմթաբերի» եւ «Արմֆոնների» համար. այն, Վ. Շաքարյանի խոսքով, աշխատում է աշխարհի գրեթե բոլոր լեզուներով. «Ընդհանուր առմամբ՝ այցը բավականին ներկայացուցչական էր ու տպավորիչ թուրքմենական կողմի համար։ «Ինսթիգեյթ Դիզայն» ընկերությունն այնտեղ ներկայացրեց նաեւ «Նաիրի» լաբորատորիան, «Ռոբոտիքս» նախագիծը եւ այլն, որոնք նույնպես մեծ հետաքրքրություն առաջացրեցին Թուրքմենստանի ղեկավարության՝ հատկապես կրթության նախարարության մոտ»։
Հայաստանը ճիշտ ներկայացնելու, մեր տնտեսական ներուժը եւ բիզնես միջավայրի հրապուրիչ լինելը ցույց տալու առումով «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ղեկավարը բարձր գնահատեց նաեւ Վիետնամում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանի կատարած աշխատանքը, ով այս երկրում մեր առաջին դիվանագիտական ներկայացուցիչն է՝ միաժամանակ հանդես գալով որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆիլիպիններում. «Այս երկու դեսպանների շնորհիվ հաջորդ տարվա հունվար—փետրվար ամիսներին Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացնող մի շարք ընկերություններ կրկին կայցելեն այդ երկրներ՝ ներկայացնելու համար Հայաստանի գիտահետազոտական, արտադրական, արտահանման հնարավորությունները, համատեղ գիտական աշխատանքները։ Այդ ժամանակ նաեւ կներկայացնենք մեր կոնկրետ առաջարկները։ Երկու երկրներում էլ քաջ գիտակցում եւ ընդունում են, որ Հայաստանն այսօր աշխարհի մակարդակով շատ ուժեղ է ՏՏ ոլորտում։ Այստեղ կատարվող գիտահետազոտական, ծրագրային եւ տեխնիկական ապահովման ոլորտներում ունենք լավ մասնագետների բազմահազարանոց բանակ։ Մեր մասնագետներին գնահատում են ու մեծ ցանկություն ունեն մեզ հետ համատեղ աշխատելու»։
Վ. Շաքարյանն ընդգծեց, որ արդեն իսկ երկու երկրների շահագրգիռ մարմինների հետ կնքված պայմանագրերն առաջին եւ ամենալուրջ քայլն են։ Դրանք վերաբերում են հայկական պլանշետների ներմուծմանը Թուրքմենստան եւ Վիետնամ, համատեղ կրթական ծրագրերի մշակմանը եւ գիտահետազոտական խմբերի ստեղծմանը, մեր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների եւ այդ երկրների համալսարանների միջեւ համագործակցությանը եւ այլն. «Մենք, որպես հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, դեռ շատ բան ունենք անելու։ Մեր ցանկությունն է միասնական ձեւով աջակցել ոլորտի արագ զարգացմանը՝ հասարակական կազմակերպությունների եւ պետական կառույցների հետ միասին։ ՀՀ նախագահը, վարչապետը, էկոնոմիկայի նախարարությունը մեծապես աջակցում են այս հարցում։ Այսօր Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները մեր ոլորտի ընկերությունների համար։ Եվ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների աջակցությունն այս հարցում նույնպես անհրաժեշտ է։ Առանց տեղերում գտնվող մեր դեսպանների եւ դեսպանատների աշխատանքի այս ամենը հնարավոր չի լինի, նրանք պետք է ճիշտ ներկայացնեն ՏՏ ոլորտում Հայաստանի ներուժը։ Այդուհանդերձ, վստահ եմ, որ արդեն 2015թ. Հայաստանն աշխարհին ցույց կտա, որ մենք ուժեղ ենք, պատրաստ ենք ու մեզ հետ հավասարը հավասարի նման է պետք խոսել»։
Վ. Շաքարյանը հավելեց նաեւ, որ 3—5 տարի հետո, երբ Հայաստանում կստեղծվեն արտադրական հնարավորություններ էլեկտրոնային սարքերի բոլոր մասերը այստեղ արտադրելու համար, մեր երկիրը կվերածվի ՏՏ արտահանող տարածաշրջանային կենտրոնի։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
|