Երեկ Եվրոպական դատարանը հրապարակել է Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով վճիռը։ Այդ գործում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ։
ՀՀ դատախազության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձեւակերպումներ, որոնք կարող են որեւէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը։
Երեկ հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշել է, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարո՞ղ են որակվել ցեղասպանություն՝ միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից։ Այնուհետեւ, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որեւէ իրավասություն՝ անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում։
Դատարանը վճռում նաեւ արձանագրել է, որ հայերն ունեն իրենց եւ իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է ցեղասպանության հետեւանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը։ Դատարանը նաեւ դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները եւ դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում։
Եվ, վերջապես, Փերինչեքի հետ կապված կոնկրետ գործով Եվրոպական դատարանը սահմանեց, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը։
Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը եւ դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում։
Արդյունքում, Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին։
ՄԻԵԴ—ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ այս վճռով հայկական կողմը իր նպատակին հասավ։
«Այս վճռով ՄԻԵԴ—ը մեծ հնարավորություն տվեց հայերին՝ դիմելու եվրոպական դատարան, ցեղասպանության հետ կապված իր եւ իր նախնիների իրավունքների խախտման համար։ Սա հստակ սահմանվեց, ինչը նախադեպային նշանակություն ունի, քանի որ ՄԻԵԴ վերին պալատի վճիռն անբեկանելի է։ Սրանով պայմանավորված՝ յուրաքանչյուր հայ ընտանիք, որը վերապրել է ցեղասպանություն, սրանով իրավունք ունի դիմել Եվրոպական դատարան»,–ասել է Գեւորգ Կոստանյանը։
|