Երեկ կայացել է ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ նիստում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել նաեւ 2015թ. բյուջեին, իսկ փոխվարչապետի թափուր պաշտոնի համար թեկնածության հարց չի քննարկվել։
Անդրադառնալով Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժի պահանջներին՝ ՀՀԿ խոսնակն ասել է. «Եռյակի պահանջների մասին մի բան կարող եմ ասել, որ ուլտիմատումներով խոսելը քաղաքական պահանջ չէ։ Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ով երբ ցանկանա՝ պահանջի արտահերթ ընտրություններ։ Եթե մարդիկ ուզում են փոփոխություններ, ապա մենք գնում ենք համակարգային փոփոխությունների ճանապարհով, իսկ դրա լավագույն ճանապարհը սահմանադրական բարեփոխումներն են»։
Նիստում քննարկվել են նաեւ արտաքին քաղաքական հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ նախագահի փարիզյան հանդիպումներին, հորդանանյան այցին։ Կադրային հարցեր չեն քննարկվել։
|