
Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներին։ «Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել։ Հայաստանը եղել, մնում է եւ կլինի Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը»,–ասել է նա եւ հավելել, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի հայտնի երեք սկզբունքների հիման վրա, իսկ առանցքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի այցի արդյունքներին՝ նա կարեւորել է այն, որ ռուս պաշտոնյան, հանդես գալով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անունից, հայտարարեց, որ 1994թ. հրադադարի համաձայնագիրն անժամկետ է, եւ այն պետք է գործի։ Հակամարտության կարգավորման որեւէ նոր փաստաթուղթ չկա։
ՀՀԿ խոսնակը ընդգծել է նաեւ, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների վերսկսման մասին դեռ վաղ է խոսել։
Նրա խոսքով, Սերգեյ Լավրովի այցից հետո հայ—ռուսական հարաբերությունները կունենան զարգացում, բոլոր ոլորտներում կլինի առաջընթաց, պատահական չէ, որ արտգործնախարարը նշել է՝ Ռուսաստանի առանցքային գործընկերը ԱՊՀ տարածքում Հայաստանն է։
|