Այդ նպատակով կգործածի ողջ գործիքակազմը
Ինչո՞ւ է ՀՀԿ—ն առանձին տանելու Սահմանադրության հանրաքվեի «այո»—ի քարոզարշավը, եւ ինչո՞վ է իրենց քարոզչությունը տարբերվում մասնավորապես ՀՅԴ—ի քարոզչությունից՝ «Tert.am»—ի հարցերին ի պատասխան Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Ամեն կուսակցությունն իր ռազմավարությունն ունի՝ մեկը անհատական, մյուսը՝ խմբակային։ Նրանք անընդհատ պայքարել են խորհրդարանական կառավարման մոդելի համար, մինչդեռ, իրողությունն այն է, որ մենք այս պահին ենք ընդունել։ Առավել եւս, ասեմ, որ կիսանախագահական կառավարման մոդելի ժամանակ Դաշնակցությունը նորից պնդում էր խորհրդարանական կառավարման ձեւը։ Այսինքն՝ մեր քարոզչության հիմնական իմաստը այն է՝ ինչո՞ւ այսպես, հենց հիմա, սա կապված է քաղաքական զարգացումների հետ»։
ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Panorama.am»—ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է, որ ՀՀԿ—ն Հայաստանի տարածքում շուրջ 150 շտաբ ունի։ «Հայաստանի տարածքով մեկ Հանրապետական կուսակցության շտաբներն արդեն բացվել են, սկսել են աշխատել»,–հավելել է Բաղդասարյանը։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ կօգտագործի քարոզարշավի համար նախատեսված ողջ գործիքակազմը։ Քարոզարշավի ընթացքում կլինեն տարբեր ձեւաչափեր։ Կկայանան բանավեճեր, ասուլիսներ, հանրահավաքներ»,—լրագրողներին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով, ընդդիմության կողմից բարձրաձայնված բազմաթիվ առաջարկություններ իրենց տեղն են գտել բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակում. «Սահմանադրական բարեփոխումների դեմ խոսողները խուսափում են խոսել բարեփոխումների բովանդակությունից, քանի որ հենց իրենց կողմից բարձրացված շատ հարցեր այդ նախագծում իրենց լուծումները գտել են»։
Խոսելով «ոչ»—երի շարժման մասին, Գ. Մինասյանն ասել է, որ ժողովրդավարական երկրներում չկա որեւէ քաղաքական գործընթաց, որ չի ունենում իր ընդդիմությունը. «Բնական է, օրինաչափ, որ կլինեն հասարակության մեջ մարդիկ, ովքեր այս կամ այն պատճառով կողմ չեն լինի բարեփոխումներին։ Ակնկալում ենք, որ այդ դրսեւորումները կլինեն կառուցողական, օրենքի սահմաններում։ Այն ուժը, որն ավելի շատ կհամոզի մեր համաքաղաքացիներին իր ճշմարտության մեջ, նա էլ կհաղթի։ Դա է մրցակցությունը քաղաքականության մեջ»։
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չի ուզում անդրադառնալ սահմանադրական փոփոխություններին այն «ոչ» ասողներին, որոնց համար գլխավոր խնդիրը ոչ թե երկրում բարեկեցություն փոխելն է, այլ ընդամենն իշխանության աթոռին սեփական անձը կամ սեփական խմբի անձը տեսնելն է։
«Նրանց ասած իշխանափոխությունը վերածվում է ընդամենը մարդափոխության»,–Սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ հրավիրված քննարկման ժամանակ այս մասին ասել է Արծվիկ Մինասյանը։ Արձագանքելով հարցին, թե արդյոք սոցիալ—տնտեսական ծանր պայմաններում անհրաժե՞շտ է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, նա նշել է, թե այդ հարցը միշտ էլ կարելի է հնչեցնել, նույնիսկ 1995 եւ 2005 թվականներին, երբ ընդունվեցին նախորդ սահմանադրությունները. «Այսքան հիմնավորումների պարագայում ինչո՞ւ են մեր հայրենակիցներն ընդդիմանում այս փոփոխություններին։ Եթե այդ ընդդիմացումը լինում է բովանդակային, գիտակցված, մոդելների նկատմամբ հստակ մոտեցումներով, ես կարող եմ բանավիճել, բայց եթե մարդն ասում է, որ ես չեմ ուզում Սահմանադրությունը փոփոխության ենթարկվի, որովհետեւ դա իշխանություններն են առաջարկում, ես դա համարում են ոչ ճիշտ եւ տրամաբանությունից դուրս հիմնավորում, որովհետեւ բոլոր ժամանակներում սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես են եկել այդ պահին գործող իշխանությունները»։
Նա նշել է, թե այս պահին չկա այլ մեխանիզմ, եւ ավելացրել, որ այս փոփոխություններն են առաջարկում նոր մեխանիզմ, որի ներքո հասարակությունն ինքը կարող է առաջարկել փոփոխություն։
Պատգամավորը շեշտել է, թե սահմանադրական փոփոխությունները, ի վերջո, հասարակությանը հնարավորություն են տալիս անմիջական մասնակցություն ունենալ երկրի կառավարման գործում, հանրաքվե նախաձեռնելու, պնդելու, իրականացնելու համար, այս փոփոխություններն անհրաժեշտություն են երկրի վաղվա օրվա համար։
Գ. Մինասյանն էլ ընդգծել է, որ կարելի է բերել մի շարք օրինակներ ապացուցելու այն թեզը, որ սահմանադրական բարեփոխումների ներկայիս նախագիծն առաջընթաց է 2005 թվականի սահմանադրական բարեփոխումների նկատմամբ. «Պետք է արձանագրենք, որ վերջին քսան տարիների ընթացքում սահմանադրական փոփոխությունները եղել են դինամիկ զարգացող հասարակության պահանջները բավարարող սահմանադրական նորմեր, յուրաքանչյուրը մեկ քայլ առաջ է եղել նախորդից, մյուս կողմից ապահովել են հասարակության ավելի լայն ներգրավածություն՝ կառավարման առումով»։
Մեկ քայլ առաջ կարելի է համարել մարդու իրավունքների ապահովման, իշխանությունների տարանջատման, դատական համակարգի բարելավման տեսանկյունից։
«Սահմանադրական բարեփոխումների նախագծով, որը դրվելու է հանրաքվեի, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը գործնականում դառնում է քիչ հավանական։ Այնպիսի մեխանիզմ է մշակվել, որը պետք է պարտադրի մեր երկրում քաղաքական իրական կոմպրոմիսային մշակույթի արմատավորմանը»,–ասել է Գագիկ Մինասյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծի 89—րդ հոդվածի մասին, որը վերաբերում է Ազգային ժողովի ձեւավորմանը։
Խոսելով նախագծի նախնական տարբերակի նույն հոդվածում տեղ գտած ձեւակերպումների մասին, երբ ընտրությունների երկրորդ փուլը օրինաչափ էր, ինչը դժգոհություններ էր առաջացրել ոչ միայն ընդդիմադիրների շրջանում, այլ նաեւ հենց ՀՀԿ—ականների, Գ. Մինասյանը նշել է. «Հանրաքվեի դրվող նախագծով հստակ արձանագրվում է, որ եթե առաջին փուլի արդյունքում չի ձեւավորվում խորհրդարանական մեծամասնություն, տեղի են ունենում կոնսուլտացիաներ շեմը հաղթահարած քաղաքական ուժերի միջեւ, եւ եթե նրանք չեն կարողանում գալ համաձայնության ու չեն ձեւավորում մեծամասնություն, կարող է Ընտրական օրենսգիրքը սահմանել ընտրությունների երկրորդ փուլ»։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|