Մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք և ծառայական պարտքը կատարելու դեպքում, զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին միանվագ ապահովագրական չափը կազմում է 2 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին միանվագ վճարվում է մեկ մլն դրամ փոխհատուցման գումար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության բաժնի պետ, իրավաբան Մարտին Մկրտչյանը՝ ներկայացնելով , թե ի՞նչ սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում: Նրա խոսքերով՝ գումարը չի տրամադրվում այն դեպքում, երբ զոհվելը, մահանալը կամ հաշմանդամ դառնալը կանխամտածված օրինազանցության հետևանք է: Մարտին Մկրտչյանը նշեց, որ օրենքով սահմանված կարգով, զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին տրամադրվում է 700 հազար դրամի չափով հուղարկավորության ծախսերի փոխհատուցման գումար, նաև՝ 1 մլն 400 հազար դրամ գերեզմանի բարեկարգման, տապաանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի փոխհատուցման համար: Օրենքով սահմանված 4 դեպքերում՝ զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամի ամուսնության դեպքում, տարերային աղետի հետևանքով ընտանիքի անդամի սեփականության իրավունքով պատկանող գույքի վնաս պատճառելու, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան դեպքում, տարեկան մեկ անգամ պետությունը տրամադրում է նաև միանվագ օգնություն 100 հազար դրամի չափով: Բացի այդ, կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքի անդամներին նշանակվում է կենսաթոշակ, օգտվում են անվճար բուժսպասարկման իրավունքից, նաև պետությունը երաշխավորում է զոհված զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ մրցույթից դուրս՝ պետմիջոցների հաշվին, ՀՀ Կառավարության սահմանած կարգով: Մարտին Մկրտչյանը նշեց նաև, որ հաշմանդամ դարձած զինծառայողների համար ևս գործում է պետական ապահովագրության համակարգը: Այդպես, առաջին խմբի հաշմանդամներին տրամադրվում է 500 հազար դրամի չափով միանվագ ապահովագրական գումար, երկրորդ խմբին՝ 400 հազար դրամ, երրորդ խմբին ՝ 300 հազար դրամի չափով: Բացի այդ, հաշմանդամ դարձած զինծառայողները օգտվում են անվճար բուժում ստանալու իրավունքից, նշված արտոնությունից օգտվում են նաև զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամները: Ինչ վերաբերում է բնակարանի կարիքավորներին, ապա, ըստ Մարտին Մկրտչյանի, կա Կառավարության որոշում, որի համաձայն՝ ՏԻՄ կողմից բնակհաշվառման հերթում ընդգրկված զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների անդամները, հաշմանդամ դարձած զինծառայողները տվյալ եռամսյակում կադաստրային ձևավորված արժեքների համաձայն՝ նրանց վճարվում է միջին գումարը ՝բնակարան ձեռք բերելու անհատույց ֆինանսական աջակցություն:
|