Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ համարժեք է համարում Արեւմուտքի արձագանքը ՌԴ—ին Ղրիմի միանալը, որովհետեւ Մոսկվան գործել է ըստ Կոսովոյի նախադեպի, տեղեկացնում է «Արմենպրեսը»։
«Մենք տեղի ունեցածի նկատմամբ Արեւմուտքի այդ արձագանքը միանգամայն ոչ համարժեք ենք համարում»,–հայտարարել է պետության ղեկավարը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Երբ մենք պահանջներ ենք լսում այն բանի կապակցությամբ, թե Ռուսաստանը խախտել Է միջազգային իրավունքը, ապա դա ինձ մոտ, զարմանքից բացի, ոչ մի այլ բան չի առաջացնում,–ասել է Պուտինը։–Եվ հետո մենք ունենք վառ ու թարմ նախադեպ՝ Կոսովոյի նախադեպը»։ Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է միջազգային դատարանի որոշման մասին, որով Կոսովոն ինքնորոշվելու իրավունք ունի։
Պուտինն ընդգծել է, որ այդ որոշման մեջ «ասվել էր ամենագլխավորը՝ ինքնորոշման հարցը լուծելիս որոշակի տարածքում բնակվող ժողովուրդը չպետք է հարցնի իր պետության կենտրոնական իշխանությունների կարծիքը»։
«Ինքնորոշման համապատասխան ընթացակարգեր անցկացնելու համար երկրի կենտրոնական իշխանությունների, կառավարության թույլտվությունը չի պահանջվում։ Ահա ինչն է ամենագլխավորը»,–նշել է նա։
Ռուսաստանի նախագահը հավելել է, որ «Ղրիմում ոչ մի այլ բան չի արվել, քան այն, ինչ արվել է Կոսովոյումե։ «Ես խորապես համոզված եմ, որ Ռուսաստանը միջազգային իրավունքի ոչ մի խախտում թույլ չի տվել»,–հայտարարել է Պուտինը, հաղորդել է ՏԱՍՍ—ը։
|