ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 08:57
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 7 » Իրանի նախագահը կայցելի Հայաստան /ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը ԻԻՀ/
09:25
Իրանի նախագահը կայցելի Հայաստան /ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը ԻԻՀ/

Հունիսի 5—ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Հասան Ռոհանին գոհունակությամբ նշեց, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր եւ կայուն բարեկամական հարաբերություններ, եւ կարեւորեց դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։ Նա հավելեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից եւ պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առեւտրատնտեսական կապերը, եւ հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ ջերմ ողջույնները։
Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձան երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների եւ համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Հասան Ռոհանին նշեց, որ թեեւ երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, փոխգործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել։ Զրուցակիցները համակարծիք էին, որ երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջեւ կապերի ակտիվացմանը եւ զբոսաշրջության զարգացմանը։
Նախարար Նալբանդյանն անդրադարձավ կյանքի կոչված եւ իրականացվող համատեղ տնտեսական ծրագրերին եւ շեշտեց Հայաստանի պատրաստակամությունը՝ նոր առավել հավակնոտ նախագծեր մշակել եւ իրագործել, ինչպես ի շահ երկու հարեւան երկրների տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության։ Այս առումով կարեւորվեց թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցությունը։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը, մայիսին Վիեննայում կայացած գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերը։ Այս համատեքստում նախագահ Ռոհանին ընդգծեց, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության եւ խաղաղության ապահովումը՝ առկա խնդիրների խաղաղ կարգավորման ուղղությամբ, եւ վերահաստատեց, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծումը։ Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի Հանրապետության նախագահին եւ նշեց, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հայաստան։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ։
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը նշեց, որ Իրանը առանձնահատուկ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, եւ համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջեւ բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդելու եւ խորացնելու համար։
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնումը եւ առկա ամուր հիմքի վրա բազմաբովանդակ հարաբերությունների զարգացումը։
Զրուցակիցները համակարծիք էին, որ Իրանի նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցը կարեւոր լիցք կհանդիսանա հայ—իրանական փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար։ Այս համատեքստում երկուստեք վերահաստատվեց հանձնառությունը՝ հետեւողական ջանքեր գործադրելու համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։
Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի։ Կարեւորվեց արտաքին գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը։
Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկեցին առեւտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման, գործարար շրջանակների միջեւ կապերի խթանման, երկու երկրներում միջազգային տնտեսական ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության հարցեր։ Նախարարները կարեւորեցին երկու երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։
Նախարարներն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի 13—րդ նիստին ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքին։ Քննարկեցին աշնանը Թեհրանում կայանալիք 14—րդ նիստի նախապատրաստական աշխատանքները։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ համագործակցության հաստատման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձան տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրներին։ Քննարկվեց իրավիճակը Մերձավոր Արեւելքում, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման, դրա արդյունքում տարածաշրջանում ստեղծված փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ այդ համաձայնությունը միջազգային հարաբերություններում 2015թ. ամենանշանակալի ձեռքբերումներից էր, ինչը մեկ անգամ եւս ի ցույց դրեց, որ քաղաքական կամքի առկայության պարագայում դիվանագիտական ու բանակցային ճանապարհով կարելի է հասնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծմանը։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Կարեւորվեց Վիեննայում գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը։ Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։
Նույն օրը Իրանի նախագահի նստավայրում Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը ստորագրեցին Հայաստանի եւ Իրանի միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը։
Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարը նշեց, որ հայ—իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, եւ Իրանի Մեջլիսը կշարունակի իր նպաստը բերել դրանք առավել խորացնելու համար։
Էդվարդ Նալբանդյանը Ալի Լարիջանիին փոխանցեց Հայաստանի ղեկավարության շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանների եւ օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի դերակատարությունը Երկուստեք կարեւորվեց իրանահայ համայնքի ներդրումը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Ալի Լարիջանին առանձնահատուկ նշեց, որ հանդիպմանը ներկա Իրանի խորհրդարանի հայազգի երկու պատգամավորներ Կարեն Խանլարյանը եւ Ժորժիկ Աբրահամյանը իրենց կարեւոր նպաստն են բերում այդ գործին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Իրանի Մեջլիսի նախագահին հանգամանալից ներկայացրեց այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Տնտեսական համագործակցության համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Լարիջանին քննարկեցին Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ փոխգործակցության հեռանկարները։
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպում ունեցավ իրանահայ կառույցների ղեկավարների հետ, որոնց ներկայացրեց Իրանի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած իր հանդիպումները եւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում գտնվող հարցերը։
Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպեց Իրանի փոխնախագահ, միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին։
Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իրանի փոխնախագահն ընդգծեց, որ մշտապես ուրախ է հանդիպել իր լավ բարեկամին՝ Հայաստանի արտգործնախարարին, որի հետ սերտորեն համագործակցել է, երբ ղեկավարում էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
Ալի Աքբար Սալեհին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրականացումը։
Նույն օրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին։
Հանդիպմանը քննարկվեցին հայ—իրանական փոխշահավետ համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին ներկայացրեց այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտանք չունի։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հրատապ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերին։
Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 325 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024