ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 06:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 1 » Իրավապայմանագրային դաշտն ընդլայնվում է /Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի պետական այցը Հայաստան/
15:06
Իրավապայմանագրային դաշտն ընդլայնվում է /Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի պետական այցը Հայաստան/

Երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի եւ Հունաստանի նախագահների առանձնազրույցը, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին եւ նշել, որ ջերմությամբ է հիշում իր այցը Հունաստան եւ վստահ է, որ բարձրաստիճան փոխայցելությունները քաղաքական, մշակութային, տնտեսական, ռազմական եւ այլ ոլորտներում միջպետական հարաբերություններն ամրապնդելու եւ համագործակցությունը զարգացնելու լավ հնարավորություն են։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ հայ—հունական բարեկամությունը խոր ու կենսունակ արմատներ ունի եւ վստահություն է հայտնել, որ նախագահ Պապուլիասի այցը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին՝ առավել ամրապնդելով այդ բարեկամությունը։
Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հունաստանի իշխանություններին եւ ժողովրդին՝ ցեղասպանությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու օրինագծի ընդունման համար՝ ընդգծելով, որ Հունաստանն առաջիններից մեկն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ ժխտողականության քրեականացումը Հունաստանի հաստատուն քաղաքական գծի շարունակությունն է։
Նախագահ Պապուլիասը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նպատակ ունի ավելի ամրապնդել եւ խորացնել հայ—հունական բարեկամական հարաբերությունները։ Երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամությունը, Հունաստանի նախագահի խոսքով, ամրապնդվել է պատմության ընթացքում, բազում փորձություններ ու դժվարություններ հաղթահարած հայ եւ հույն ժողովուրդների թափած արյամբ, ուստի, այժմ Հունաստանը եւ Հայաստանը բարոյական ու քաղաքական պարտավորություններ ունեն պահպանելու եւ զարգացնելու պատմականորեն ձեւավորված սերտ կապերը՝ նկատի առնելով նաեւ տարածաշրջանում առկա իրավիճակն ու արդի մարտահրավերները։ Նախագահ Պապուլիասը շեշտել է, որ ոչինչ չի կարող խանգարել Հունաստանի եւ Հայաստանի հարաբերություններին, եւ որ Հունաստանի կայուն քաղաքականությունն ապացույցների կարիք չունի։ Հունաստանի նախագահը գոհունակությամբ է խոսել հայ—հունական ռազմական համագործակցության մասին, բարձր գնահատելով մի շարք այլ ոլորտներում եւս՝ մշակույթ, կրթություն, զբոսաշրջություն, ապակենտրոնացված համագործակցություն, միջխորհրդարանական կապեր, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցություն։
Հանդիպման ժամանակ Կարոլոս Պապուլիասը դրվատանքով է խոսել Հունաստանում հայկական համայնքի մասին, նշելով, որ հայերն իր երկրում հաջողությամբ ինտեգրվել են հասարակությանը, դարձել Հունաստանի արժանի քաղաքացիներ՝ լավ գիտնականներ ու տարբեր ոլորտներում բարձրորակ մասնագետներ։ Նախագահ Պապուլիասը ջերմությամբ է խոսել Հայաստանում հունական փոքր, բայց իր բնորոշմամբ, կազմակերպված ու դինամիկ համայնքի մասին, ում հետ այցի շրջանակներում հանդիպում է ունենալու։
Սերժ Սարգսյանը եւ Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ—հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր։ Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության գյուղական զարգացման ու պարենի նախարարության միջեւ համաձայնագիր եւ Հայկական զարգացման գործակալության ու Հունա—հայկական առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ փոխըմբռնման հուշագիր։
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ—երի առջեւ հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ։


Տնտեսական  հարաբերությունները պետք է հասցնել քաղաքական  երկխոսության մակարդակին
 

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունում ասված է. 
«Մեծարգո՛ պարոն նախագահ,
Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է Երեւանում պետական այցով հյուրընկալել իմ հարգարժան գործընկերոջը՝ բարեկամ Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասին։ Սիրով եմ հիշում նաեւ 2011թ. իմ պետական այցը Հունաստան։ Այսօրինակ փոխայցերը վկայում են, որ մենք ամենաբարձր մակարդակով հանձնառու ենք մեր ժողովուրդների պատմական բարեկամության եւ նույնական արժեքների վրա հիմնված երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական զարգացմանը։
Նախագահ Պապուլիասի հետ մենք փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկեցինք երկկողմ օրակարգի բոլոր հարցերը եւ փոխգործակցության ընդլայնման ուղիները։ Միակարծիք էինք, որ Հայաստանի եւ Հունաստանի միջպետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակով՝ նշանավորվելով նախագահական փոխայցերով, տնտեսական, գիտակրթական, մշակութային, ապակենտրոնացված, միջխորհրդարանական կապերի զարգացմամբ։
Անշուշտ, առանձին դրվատանքի է արժանի երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջեւ հաստատված կառուցողական երկխոսությունը, որի արդյունքում հայ—հունական ռազմական համագործակցությունն այսօր գտնվում է բարձր մակարդակի վրա։ Բարձր գնահատեցի, իհարկե, այն փաստը, որ հայ զինծառայողները տարիներ շարունակ բարձրորակ կրթություն են ստանում, ինչպես նաեւ վերապատրաստվում բարեկամ Հունաստանի ռազմական հաստատություններում։ Եվ ամենեւին պատահական չէ, որ միջազգային խաղաղապահ գործողություններում հայ եւ հույն զինծառայողների փոխգործակցությունն արժանացել է ամենաբարձր գնահատականների. մենք 11 տարի Կոսովոյում համատեղ ծառայություն ենք իրականացրել, իրականացրել ենք խաղաղապահ գործողություններ, եւ այդ գործողությունները բազմիցս ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր արժանացել են համապատասխան միջազգային կառույցների ամենաբարձր գնահատականին։
Հայ—հունական հարաբերությունների ընդհանուր պատկերում առեւտրատնտեսական կապերը պետական մակարդակով խթանման կարիք ունեն։ Քիչ անց մենք պարոն նախագահի հետ կբացենք այցի շրջանակներում անցկացվող գործարար համաժողովը։ Հատուկ կարեւորում եմ հայ—հունական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որը, հավատացած եմ, առաջիկայում համատեղ ջանքերով կգումարի իր հերթական նիստը։ Մենք պարոն նախագահի հետ ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր եկանք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ դրանում համոզված էինք, որ մենք պարտավոր ենք մեր տնտեսական հարաբերությունները քաշել—հասցնել մեր քաղաքական երկխոսությանը եւ, ընդհանրապես, մեր բարեկամության մակարդակին։
Ուրախ եմ, որ նախագահ Պապուլիասի այս այցը նշանավորվում է նաեւ տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված եւս երկու փաստաթղթի ստորագրմամբ, որոնք կհամալրեն մեր երկկողմ՝ շուրջ 40—ի հասնող իրավական փաստաթղթերի շտեմարանը։ Իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը մեզ համար անհրաժեշտություն է, եւ այստեղ մենք գործ ունենք ոչ միայն երկկողմ հարաբերությունների հետ, մենք, անշուշտ, նաեւ հաշվի ենք առնում, որ Հունաստանը հանդիսանում է Եվրամիության եւ ՆԱՏՕ—ի անդամ։ Վերահաստատեցինք բազմակողմ հարթակներում, այդ թվում նաեւ Հայաստան—ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկրների միջեւ համագործակցությունն ավելի խորացնելու ցանկությունը։ Ես հայտնեցի Հայաստանի վճռականությունը՝ զարգացնելու մեր հարաբերությունները Եվրամիության հետ հնարավոր բոլոր ուղղություններով եւ հույս հայտնեցի, որ բարեկամ Հունաստանն այս հարցում կաջակցի Հայաստանին։
Իհարկե, անդրադարձանք նաեւ տարածաշրջանային խնդիրներին։ Ես իմ գործընկերոջը ներկայացրեցի ղարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները։ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումն այս հարցում, որի պաշտոնական դիրքորոշումն է՝ սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ Մինսկի խմբի կողմից առաջարկված լուծումների տարբերակին։
Մենք շնորհակալ ենք Հունաստանին Հայոց ցեղասպանությունն առաջիններից մեկն օրենքի ուժով ճանաչելու, իսկ այժմ նաեւ ժխտողականության դեմ պայքարում կատարած կարեւոր օրենսդրական քայլի համար։ Օրեր առաջ Հունաստանի խորհրդարանի կողմից Ռասիզմի եւ այլատյացության դեմ օրինագծի լրամշակված տարբերակի ընդունումը ցեղասպանության հանցագործության փուլ կազմող ժխտողականության դեմ պայքարի արդյունավետ միջոց է։
2015 թվականին հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցը։ Հայաստանն այդ տարի դառնալու է այդ հանցագործության դեմ միջազգային պայքարի կարեւոր հարթակներից մեկը։ Ապրիլին անց է կացվելու «Ցեղասպանության հանցագործության դեմ» վերտառությամբ միջազգային հասարակական—քաղաքական գլոբալ ֆորում։ Ի թիվս այլոց, ֆորումին իրենց մասնակցությունը բերելու համար մենք հրավիրելու ենք բարեկամ հույն ժողովրդի ներկայացուցիչներին՝ որպես ցեղասպանության ենթարկված Պոնթոսի հույների ժառանգներին։ Ակնհայտ է եւ հասկանալի, որ այսօր ես պարոն նախագահին փոխանցեցի հրավեր՝ մասնակցելու 2015թ. ապրիլի 24—ին Երեւանում տեղի ունենալիք միջոցառումներին։
Մենք, անշուշտ, կարծիքներ փոխանակեցինք նաեւ միջազգային մի շարք հրատապ հարցերի վերաբերյալ։ Որպես երկու հնագույն քրիստոնյա ժողովուրդների ներկայացուցիչներ՝ մենք հատկապես մտահոգված ենք Մերձավոր Արեւելքում քրիստոնյա համայնքների վիճակով։
Հարգարժա՛ն պարոն նախագահ, կրկին շնորհակալություն հայտնելով անկեղծ քննարկումների համար՝ ես սիրով խոսքը տրամադրում եմ Ձեզ»։
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համակարծիք ենք այն հարցում, որ մեր երկու երկրների միջպետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց բարձր մակարդակով։ Գոհունակությամբ փաստեցինք, որ համագործակցությունը կարող է էլ ավելի ընդլայնվել»,–իր խոսքում նշեց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը։ Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանորեն քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող բոլոր հարցերը։ Հունաստանի նախագահը կարեւորեց երկու երկրների միջեւ առկա կրթա—մշակութային կապերը։ Նա ընդգծեց, որ հունարենը դասավանդվում է ԵՊՀ—ում եւ ԵՊԼՀ—ում, իսկ Հունաստանում հայ ուսանողները կրթաթոշակների շնորհիվ ուսանում են հունական բուհերում։
Հունաստանի նախագահը Սերժ Սարգսյանին ներկայացրել է կիպրական հարցի վերաբերյալ զարգացումները. «Նշեցի, որ բանակցությունները գտնվում են ճգնաժամային փուլում, եւ որ նպատակն է գտնել գործնական, ֆունկցիոնալ լուծում, որը վերջ կտա թուրքական բռնագրավմանը։ Սակայն պետք է շեշտեմ, որ թուրքական ղեկավարության վերջին հայտարարությունները բնավ հուսադրող չեն»։ 
ՀՀ նախագահի հետ զրույցում անդրադարձ է եղել նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Նախագահները հույս են հայտնել, որ հրադադարը առիթ կհանդիսանա, որպեսզի սկիզբ դրվի քաղաքական գործընթացին եւ լուծում որոնվի Ուկրաինայի հարցի հետ կապված։ «Խոր մտահոգություններով հետեւում ենք իրադարձություններին Սիրիայում եւ Իրաքում եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում։ Ես լուրջ մտահոգություն հայտնեցի Մերձավոր Արեւելքի տարածքում ապրող քրիստոնեական բնակչության անվտանգության կապակցությամբ, որոնք, ցավոք, կրոնական անհանդուրժողականության զոհ են դառնում»,–նշեց Պապուլիասն ու ավարտելով խոսքը՝ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար, իսկ հայ ժողովրդին էլ մաղթեց կայունություն, բարգավաճում եւ շարունակական առաջընթաց։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 387 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024