Ջերմուկում մեկնարկեց գյուղական համայքների ամենամյա, չորրորդ համաժողովը, որը կավարտվի այսօր։ Համաժողովի նպատակը տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկումն է՝ ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Մասնակցում են պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։ Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում են տասը համայնքապետ եւ ավագանու հինգ անդամ։ Այն նաեւ լավ հարթակ է՝ գյուղական համայնքների կայուն զարգացման ոլորտում գործող բոլոր դերակատարների հանդիպման, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար։
Համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի համայնքների ասոցիացիայի կազմակերպած ֆորումներն արդեն ավանդական բնույթ են կրում՝ վերածվելով տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերին վերաբերող բազմաթիվ տեսական ու գործնական լուծում պահանջող խնդիրների քննարկման արդյունավետ հարթակի։ Վարչապետը հատկապես կարեւորեց գյուղական համայնքների ղեկավարների հետ մեկտեղ տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը նման համաժողովներին։
«Այն միմյանց հետ շփվելու, փորձի փոխանակումն իրականացնելու լայն հնարավորություն է ընձեռում։ Համաժողովի օրակարգը բավական հագեցած է. ընդգրկված են տեղական ինքնակառավարման համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված ինչպես ինստիտուցիոնալ ուղղվածության թեմաներ, այնպես էլ համայնքներում տարբեր բնույթի ծառայությունների մատուցման ծավալի մեծացմանն ու արդյունավետության բարձրացմանը միտված խնդիրներ։ Այդ շարքում ես կառանձնացնեի վարչատարածքային բարեփոխումներին, դրանց իրականացման համար անհրաժեշտ ինստիտուտների կատարելագործման, տեղական ընտրությունների անցկացման, ավագանիների լիարժեք գործունեության ապահովման մեխանիզմների ներդրման, համայնքներին պետության կողմից տրամադրվող ֆինանսական ռեսուրսների արդյունավետ բաշխման մեխանիզմներին եւ վարչական հսկողությանն առնչվող խնդիրները»,–ասաց գործադիրի ղեկավարը։
Հ. Աբրահամյանի խոսքով՝ համաժողովի օրակարգը շահեկան է նաեւ գործնական բնույթի խնդիրների քննարկման առումով։ Մասնավորապես, վարչապետն առանձնացրեց կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարական ծրագիրը, արդեն իսկ կոնկրետ նկարագրություն ու ֆինանսական պատկեր ունեցող Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզային ծրագրերը, որոնց համար, ի դեպ, Հայաստանի կառավարությունը բանակցում է՝ շահեկան պայմաններով վարկային եւ դրամաշնորհային ռեսուրսներ ներգրավելու համար. «Հիշեցնեմ, որ նման ծրագրային նախագծեր մշակվում են նաեւ Լոռու եւ Տավուշի մարզերի համար։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել համաժողովին ներկա միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ՀՀ կառավարությանն օժանդակելու պատրաստակամության համար»։
Գործադիրի ղեկավարն ընդգծեց, որ գյուղատնտեսության զարգացումը կառավարության գործունեության գերակա ուղղություններից է, եւ այս ոլորտը մշտական ուշադրության կենտրոնում է։ Դրա վկայությունն այն բազմաթիվ ծրագրերն են, որոնք կոչված են օժանդակելու այս ճյուղի առաջանցիկ զարգացմանը։ Այդ համատեքստում վարչապետը կարեւորեց նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կենսաբազմազանության, արոտների, անտառների կառավարման, գյուղացիական տնտեսությունների ձեւավորման, կոոպերատիվների հիմնման ու գյուղատնտեսության զարգացման արդի միտումներին նվիրված աշխատանքային քննարկումները. «Այստեղ է, որ ցանկանում եմ ընդգծել տեղական ինքնակառավարման մարմինների կարեւոր դերակատարությունը։ Կազմակերպչական, նախաձեռնողական քայլերի շնորհիվ կարելի է ապահովել որոշակի տեղական նշանակության կարեւոր արդյունքներ։ Մենք արդեն գրանցել ենք շոշափելի արդյունքներ ջերմոցային տնտեսությունների, հատապտուղների ու գյուղմթերքի վերամշակման փոքր հզորությունների ստեղծման գործում։ Դրանք լավ եւ ուսանելի օրինակներ են։ Վերջին ամիսների ընթացքում Այրումում, Լուսաձորում, Բագրատաշենում, Սարդարապատում եւ մի շարք այլ գյուղական համայնքներում գործարկվել են հյութերի, չրերի փոքր արտադրություններ, Կոթիում ու Չինարիում նախատեսված է ջերմատների կառուցում։ Սրանք շատ ողջունելի նախաձեռնություններ են, եւ կառավարությունը մշտապես խրախուսելու է նման քայլերը»։
Տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության կարեւորագույն նախապայմանը բնակիչների ակտիվ մասնակցությունն է որոշումների կայացմանը եւ դրանց իրականացման գործընթացին։ Բնակիչների ակտիվությունը նաեւ որոշիչ գործոն է արդյունավետ տեղական իշխանություն ձեւավորելու հարցում։ Ըստ վարչապետի, այդ կարեւորության գիտակցումով է, որ ՄԱԿ—ի զարգացման ծրագրի օժանդակությամբ Հայաստանում իրականացվում են ժողովրդավարական կառավարման արմատավորմանն ուղղված բազմաբնույթ ծրագրեր։
Գործադիրի ղեկավարը նշեց, որ կառավարությունը շարունակելու է աջակցել ՏԻՄ—երի կայացմանը։ Շեշտելով այդ ինստիտուտի կարեւորությունը՝ Հ. Աբրահամյանն ասաց, որ գործադիրի կողմից ապագայում իրականացվելիք քայլերն ուղղված են լինելու կառավարության լիազորությունների ապակենտրոնացմանը՝ դեպի տարածքային կառավարման մարմիններ, մարզպետարաններ, համայնքներ. «Սա ես համարում եմ գերակա ուղղություն։ Մեզ համար մեծապես կարեւոր է գյուղական համայնքների կայացումը։ Ցանկանում եմ շեշտել. մենք գիտակցում ենք, որ ապակենտրոնացման ու տեղական ինքնակառավարման հիմնարար սկզբունքների ներդրման համար անհրաժեշտ է հետեւողական աշխատանք եւ քաղաքական կամք։ Մենք ունենք այդ կամքը։ Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ մենք շարունակելու ենք բարեփոխումների ընթացքը։ Դեռ ճանապարհ ունենք անցնելու մեր 866 գյուղական համայնքների բնակչության սոցիալական խնդիրները լուծելու, անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար, սակայն կարեւորն այն է, որ մեր կողմից որդեգրած ուղին ճիշտ է, եւ ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով կհասնենք մեր ընդհանուր նպատակին»։
ՀՀ կառավարության ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունների միավորմանը։ Նա նշեց, որ կառավարման համակարգն աստիճանաբար օպտիմալացվելու է, քանի որ 19 նախարարություն Հայաստանի համար շատ է, ու քայլեր են ձեռնարկվելու դրանց միավորման համար.
«Դա արդյունավետ է մի քանի առումներով՝ վարչարարության, ֆինանսական միջոցների տնտեսում, եւ, ամենակարեւորը, աշխատանքի արդյունավետություն»։
ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշեց, որ համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք թեմատիկ քննարկումներ, այդ թվում՝ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, դրա սկզբունքները եւ կիրառելիությունը, տեղական ինքնակառավարման համակարգի եւ ավագանու կարողությունների ու ինստիտուտի հետագա զարգացման միտումները եւ այլն։ Համաժողովում քննարկվող թեմաներից առանձնահատուկ են տեղական ինքնակառավարմանը, ՏԻ մարմինների լիազորություններին, գործունեությանն ու դրանց նկատմամբ իրականացվող ստուգումներին վերաբերող թեմաները, ինչպես նաեւ համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։
«Համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի շրջակա միջավայրին եւ բնապահպանական հիմնախնդիրներին։ Գյուղատնտեսության վերաբերյալ քննարկումների ընթացքում մասնակիցները կանդրադառնան գյուղացիական տնտեսությունների ձեւավորմանը, կոոպերատիվների ստեղծմանը, ոլորտի զարգացման արդի միտումներին, ոլորտում իրականացվող նորարարություններին եւ դրանց լուծման հիմնախնդիրներին»,— ասաց նա։
Քննարկման այլ թեմաների շարքում են զբոսաշրջությունը, տարածքների համաչափ զարգացումը, գյուղ—քաղաք կապի կառավարումը, գյուղը՝ որպես սոցիալ—տնտեսական բջիջ, գյուղի զարգացումը եւ հիմնախնդիրները, գյուղական երիտասարդության խնդիրները եւ կենսամակարդակի բարձրացումը։ Առանձին թեմայով կքննարկվի մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակով։ hhpress.am
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Երեւան—Ջերմուկ—Երեւան
|