Իսկ արդյունքները կգնահատվեն ընտրությունների ժամանակ
ՀՀ կառավարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարը։ Կառավարության անդամները վստահեցնում են, որ հանրությունն անպայման կտեսնի այդ պայքարի պտուղները. անհրաժեշտ է միայն մի փոքր համբերատար լինել։ «Կոռուպցիայի դեմ պայքարը երեկ չէ, որ սկսվել է, եւ այսօր կամ վաղը չէ, որ պետք է ավարտվի»,—ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե մեկ ամիս է անցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկից, եւ ինչ արդյունքներ են արձանագրվել։
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ կոռուպցիան ախտ է, մարտահրավեր, որի մասին իրենք մեկ անգամ չէ, որ հայտարարել են։ Նա վստահեցրել է, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ. «Ես տեսնում եմ քաղաքական կամք եւ անհրաժեշտություն։ Ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ իշխանությունը թիրախավորել է։ Շատ կարեւոր է, որ կառավարությունն արձանագրում է, որ Հայաստանում կան մարտահրավերներ, եւ լրջագույններից մեկը կոռուպցիան է։ Բավարար կլինեն դրա դեմ պայքարի արդյունքները, կլինեն ընտրություններ, եւ մեր ժողովուրդը կտա քաղաքական գնահատական»։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը եւս ընդգծել է, որ կառավարությունը կոռուպցիայի վերացման ուղղությամբ շարունակում է աշխատել։ Նա համաձայն չէ այն տեսակետին, թե կառավարությունը կրճատել է միայն չշահագործվող ծառայողական մեքենաները. «Եթե դուք ուշադիր հետեւեք այն աղյուսակին, որ կառավարությունը հաստատել է, թե քանի մեքենա էր ֆինանսավորվում 2016թ. պետական բյուջեով, եւ քանի մեքենա է ֆինանսավորվելու 2017 թ. բյուջեով, կտեսնեք տարբերությունը»։
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ խորհրդարանի քննարկմանը ներկայացված հարկային օրենսգրքի հետ կապված դժգոհություններին։ Նա նախագծի վերաբերյալ տարբեր դիքորոշումները նորմալ է համարում։ «Դա ժողովրդավարության եւ բազմակարծության վառ օրինակ է։ Մենք խրախուսում ենք ներկուսակցական ժողովրդավարությունը, եւ դրա համար գտնում ենք, որ պետք է լինեն քննարկումներ, որ մինչեւ երկրորդ ընթերցում կառավարությունն ընդունի մեր պատգամավորների առաջարկները, ինչի արդյունքում առաջին ընթերցումից հետո կունենանք բոլորովին այլ որակի հարկային օրենսգիրք՝ հաշվի առնելով մեր պատգամավորների եւ կառավարության միասնական աշխատանքը»,—ասել է նա եւ նշել, որ պետք չէ վախենալ բազմակարծությունից, քաղաքական դեբատներից, քանի որ ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, որտեղ կան տարբեր կարծիքներ, իսկ այդ կարծիքների բախումից կծնվի ճշմարտությունը։ «Իշխանությունը ամուր է, իշխանությունը համախմբված է նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ եւ քայլ առ քայլ իրականացնում է իր վրա դրված պարտականությունները. լավ թե վատ՝ կորոշի ժողովուրդը»,–հավելել է ԱԺ փոխնախագահը։
ԸՕ—ի ընդունումից հետո դրա հետ կապված գործընթացը չի ավարտվել։ Դ. Հարությունյանը չի բացառել, որ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի շուրջ կրկին քննարկումներ կլինեն։ Նա չի ցանկացել մանրամասնել օրենսգրքի շուրջ ծավալված քննարկումների արդյունքները եւ չի հստակեցրել, թե խնդրահարույց ո՛ր հարցերի շուրջ են համաձայնության եկել իշխանությունն ու ընդդիմությունը. «Երբ որ ամեն ինչ վերջնականապես պատրաստ լինի, այն ժամանակ կասենք»։
ՀՀԿ—ական պատգամավորները շեշտում են, որ ԸՕ—ի շուրջ արդեն իսկ կա կոնսոլիդացիա։ Հարցին, թե այդ կոնսոլիդացիան բավարա՞ր է, Դ. Հարությունյանն արձագանքել է. «Տվյալ դեպքում, երբ խոսում են կոնսոլիդացիայի մասին, Սահմանադրությունը նախատեսում է, որ այն պետք է ընդունվի ձայների 3/5—րդ—ով, իսկ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է ընդհանուր ձայների 4/5—ով, բայց կցանկանայի՞ ես, որ ընդունվեր ընդհանուր ձայների 5/5—ով… Այո, կցանկանայի»։
Դ. Հարությունյանը դրական է գնահատել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի գնահատականները։ Նա նշել է, որ 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր ընտրողներին նույնականացման քարտերով ապահովելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ անդրադարձել է վերջին շրջանում քննարկման առարկա դարձած 2015 թվականի դեկտեմբերի 23—ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին։ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում համաձայնագիրը դրական եզրակացություն էր ստացել։ «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական ոլորտին վերաբերող համաձայնագրի ընդունման համար չկան ժամկետներ»,–հայտարարել է Բաղդասարյանը։ hhpress.am
Գայանե ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|