Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը շատ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը. «Առանց դրա խոսել որեւէ առաջընթացի, արդյունավետ բանակցությունների մասին, անհնարին է։ Այդ տեսակետից այս հանդիպումը քննություն է Ադրբեջանի համար՝ արդյոք նա Վիեննայում, չկարողանալով դիմակայել այդ երեք պետությունների ներկայացուցիչների ճնշմանը կամ առաջարկություններին, համաձայնե՞ց, իսկ հիմա փորձելո՞ւ է տապալել, թե՞ ոչ»։
Քոչարյանը նշել է, որ Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու առումով որոշակի առաջընթաց կա։ «Խոսքը երկու փաստաթղթի մասին է։ Առաջինը՝ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրշիկի թիմի կարողությունների ավելացմանն է վերաբերում, որը կարեւոր է ընթացիկ մշտադիտարկում իրականացնելու համար, որովհետեւ այն թիմը, որը կա, փոքրաթիվ է եւ նաեւ չունի բավարար սարքավորումներ։ Երկրորդը վերաբերում է չափազանց կարեւոր խնդրին. դա միջադեպերի հետաքննության մեխանիզմներն են, որովհետեւ առ այսօր արդարացի դժգոհություն կար, եւ հենց հայկական կողմն էր անընդհատ հնչեցնում այդ դժգոհությունները, որ բոլոր հայտարարությունները լինում են անհասցե։ Թվում է, թե ակնհայտ է՝ ով է դա արել, ինչպես ապրիլյան այդ ռազմական գործողությունների դեպքում, բայց հասցեագրված չեն»,—ասել է նա եւ նշել, որ հետաքննությունների մեխանիզմի իմաստը հենց այն է, որ եթե տեղի է ունենում որեւէ միջադեպ, ապա քննվում է, եւ այդտեղ կարելի է արդեն մատնանշել՝ ո՛վ էր հրահրողը, սկսողը, իրականացնողը. «Ասեմ իմ անձնական գնահատականը։ Համենայնդեպս, հետեւելով իրենց պաշտոնական հայտարարություններին, իմ գնահատականով՝ Ադրբեջանն ամենեւին հակված չէ այդ մեխանիզմների լիարժեք ներդրմանը, եւ հենց հանդիպումը ցույց կտա, կփորձի՞ այդ կարեւորագույն խնդիրը պայմանավորել հազար ու մի այլ հարցերով, որպեսզի տապալի Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածոթյունները»։
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի առաջատար դիրք գրավելու հարցին՝ արտաքին գործերի նախարարի տեղակալն ասել է. «Դժվար է ասել։ Ամբողջ այս գործընթացում պարբերաբար համանախագահներից որեւէ մեկը այդ՝ ձեր ասած, առաջատար դիրքն է գրավել, այսինքն՝ ավելի նախաձեռնող է եղել։ Ժամանակին դա եղել է Ֆրանսիան, ԱՄՆ—ն, Ռուսաստանը՝ Մեդվեդեւի նախագահության օրոք եղել է շատ ակտիվ դիրքում։ Ներկայումս պատահական չէ այդ տպավորությունը, որ Ռուսաստանը, կարծես, ցանկանում է այդ առաջատարի ձեր ասած դիրքը գրավել, սակայն, համենայնդեպս, մինչ այսօր այդպիսի քայլերը եղել են համաձայնեցված բոլոր երեքի միջեւ, եւ եթե այդպիսի իրավիճակը չլինի լիարժեք համաձայնեցված, ապա այն որեւէ ձեւով չի նպաստի բուն բանակցային գործընթացի առաջընթացին»։
Քոչարյանն անդրադարձել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությանը, թե ՌԴ—ն շարունակելու է խորացնել ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ։ «Այդ բոլոր հայտարարություններին պետք է ուշադիր հետեւենք, ընդունենք ի գիտություն եւ միշտ պետք է երկու հանգամանք հաշվի առնենք։ Առաջինը՝ անվտանգության, պաշտպանության հարցերում մենք մեր հույսը առաջին հերթին պետք է դնենք մեզ վրա, երկրորդը՝ համագործակցությունը տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ նպաստում է, որ այդ հնարավոր սպառնալիքը չեզոքանա։ Այդ համատեքստում է նաեւ մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ոչ ավելի, որովհետեւ եթե մեծ սպասելիքներ կան, որ Ռուսաստանը կգա մեր փոխարեն մեր անվտանգության խնդիրները կլուծի, կոպիտ սխալ է։ Դրանից հետո կարող է հիասթափություն լինել։ Ցանկացած երկիր ելնում է իր շահերից, եւ որտեղ երկու պետությունների շահերը համընկնում են, այդտեղ դու ունես լիարժեք համագործակցություն։ Մենք մեր շահերը լավ գիտենք, Ռուսաստանն էլ իր շահերը գիտի, եւ մենք պետք է միշտ հստակ գիտակցենք, թե որտեղ է այն եզրը, որտեղ կա շահերի համընկնում»,–ընդգծել է նա։
Շավարշ Քոչարյանը վստահեցրել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման նոր փաստաթուղթ գոյություն չունի։ Միակ փաստաթուղթը, որը դրված է որպես հիմք բանակցությունների համար եւ որն ընդունել են հակամարտող երեք կողմերից միայն երկուսը, մադրիդյան փաստաթուղթն է. «Որեւէ այլ փաստաթուղթ, որին կողմերը տվել են համաձայնություն, գոյություն չունի։ Վերջին փաստաթուղթը, որը լուրջ քննարկվել է եւ որը Ադրբեջանը տապալեց՝ բազմաթիվ առաջարկություններ անելով, Կազանի փաստաթուղթն է»։
|